«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր 2019թ.

Publish Date: Mar 28, 2019

Deadline: Jul 01, 2019

Ծրագրի առաքելությունն է նպաստել Հայաստանի հարակայուն զարգացման առաջնահերթություններից բխող մարդկային կապիտալի հզորացմանը։

Մենք կրթաթոշակ ենք շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի առաջընթացին։

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում՝ ապրիլի 10-ից (Երևանի ժամանակով 00:00) հուլիսի 1-ը (Երևանի ժամանակով 23:59) ընկած ժամանակահատվածում։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել ստորև սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխանող անձինք.

  • լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ մշտական բնակիչ.
  • դիմելու պահին լինել 17-40 տարեկան.
  • ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պայմաններին բավարարող համալսարաններում ուսանելու ոչ պայմանական հրավեր։

ՀՀ մշտական բնակիչ է այն անձը, որը վերջին 2 տարիների ընթացքում մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր: Այս կարգավիճակի ներքո է դիտարկվում նաև այն անձը, որը նշված ժամանակահատվածում բացակայել է ՀՀ տարածքից ուսման, բուժման կամ ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով և մինչև մեկնելն առնվազն 2 տարի մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր:

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ կտրամադրվի այն թեկնածուներին, որոնք համապատասխանում են Հիմնադրամի կողմից սահմանված չափորոշիչներին և ունեն մոտիվացիա ու ներուժ՝ ուսման ավարտից հետո Հայաստան վերադառնալու և երկրի զարգացման գործում իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնելու։

«Իմ քայլը» հիմնադրամը կդիտարկի այն դիմորդների հայտադիմումները, որոնք ընդունված կլինեն տվյալ մասնագիտության գծով աշխարհի լավագույն 20 համալսարաններից որևէ մեկը համապատասխան ակադեմիական ծրագրով սովորելու համար և կբավարարեն դիմելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Համալսարանների դասակարգումը հիմնված կլինի https://www.topuniversities.com/ և https://www.timeshighereducation.com կայքերում հրապարակված՝ ըստ մասնագիտությունների աշխարհի լավագույն համալսարանների դասակարգման վրա։

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պայմաններին բավարարող համալսարաններից մեկը՝ ակադեմիական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրերն են, ըստ առաջնահերթության՝

Մագիստրատուրա

Մագիստրատուրա ընդունված դիմորդների հայտադիմումները կուսումնասիրվեն առաջին հերթին։

Ասպիրանտուրա

Կդիտարկվեն միայն այն ասպիրանտական ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ընդգրկում է Հայաստանին վերաբերող հետազոտություններ:

Բակալավրիատ

Հիմնադրամի չափորոշիչներին չեն համապատասխանում հետևյալ ծրագրերը. ամառային ակադեմիական ծրագրեր, կարճաժամկետ ակադեմիական ծրագրեր, աշխատանքային զբաղվածություն ունեցող մասնագետների համար նախատեսված ծրագրեր (professional tracks, part-time programs), հեռավար և առցանց ուսուցմամբ ծրագրեր, ինչպես նաև հավաստագրման ծրագրեր, գիտաժողովներ և գործուղումներ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

«Իմ քայլը» հիմնադրամն ընտրված դիմորդներին կհատկացնի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի առավելագույնը 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան քսանհինգ հազար ԱՄՆ դոլար՝ ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով: Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ: Յուրաքանչյուր շահառուի կրթաթոշակի չափը կախված կլինի նրա հայտադիմումից, մասնագիտությունից, հարցազրույցի արդյունքից, ինչպես նաև դիմորդների ընդհանուր քանակից։

Հիմնադրամը կրթաթոշակ տրամադրելիս հաշվի է առնում նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը տարբերվում է` կախված ուսանողի անհատական ֆինանսական դրությունից և համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից տրամադրվող աջակցության չափից:

Ուսման ընդհանուր ծախսերի մեջ են մտնում՝

  • համալսարանի ուսման վարձը,
  • առողջական ապահովագրությունը,
  • կեցության ծախսերը,
  • ուսումնական նյութերի/պարագաների համար նախատեսված ծախսերը։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է՝

  • ուսանել և հաջողությամբ ավարտել այն համալսարանի կրթական ծրագիրը, որի համար շնորհվել է Հիմնադրամի կրթաթոշակ,
  • ուսումնառության ընթացքում մշտական կապի մեջ լինել Հիմնադրամի հետ,
  • ներգրավվել Հիմնադրամի նախագծերում և ծրագրերում,
  • ուսումնառության ընթացքում ակտիվորեն մասնակցել տեղի հայ համայնքի գործունեությանը,
  • ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և առնվազն 3 տարի ապրել և աշխատել Հայաստանում (նշում. այս պայմանը կատարելու համար Հիմնադրամի կողմից ուսանողին կարող է շնորհվել մինչև 1 տարի ժամանակ մասնագիտական պրակտիկայի կամ աշխատանքի համար),
  • զարգացնել իրենց մասնագիտական ոլորտը Հայաստանում և փոխանցել գիտելիքը մյուսներին։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Կրթաթոշակառուների ընտրության գործընթացը բաղկացած է 3 փուլից.

  • համապատասխանություն սահմանված չափորոշիչներին,
  • ընտրական հանձնաժողովի գնահատում,
  • ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույց։

Հայտադիմումներն ուսումնասիրվում են Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուների կողմից։ Համապատասխանության չափանիշներին բավարարող բոլոր հայտադիմումներն անանուն ուսումնասիրվում և գնահատվում են Ընտրական հանձնաժողովի կողմից։

Հայտադիմումներն ուսումնասիրելիս առավելություն կտրվի Հիմնադրամի կողմից հաստատված՝ Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններին, որոնց ցանկը ներկայացված է ստորև։ Մասնագիտությունների ցանկը հետագայում կարող է ընդլայնվել։

  • Գյուղատնտեսություն և անտառաբուծություն
  • Անասնաբուժություն
  • Բժշկություն և առողջապահության կառավարում
  • Դեղագիտություն և դեղաբանություն
  • Երկրաբանություն
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Բնական պաշարների ճարտարագիտություն և լեռնամետալուրգիա
  • Ընդհանուր ճարտարագիտություն
  • Էլեկտրականություն և էներգետիկա
  • Մեխանիկա
  • Մշակող արդյունաբերություն
  • Էլեկտրոնիկա և ավտոմատիզացում
  • Քիմիա և քիմիական տեխնոլոգիաների ճարարագիտություն
  • Կենսաբանություն և կենսաքիմիա
  • Համակարգչային գիտություն
  • Մաթեմատիկա
  • Վիճակագրություն
  • Տնտեսագիտություն և էկոնոմետրիկա
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Նյութագիտություն
  • Կրթություն
  • Ճարտարապետություն
  • Քաղաքաշինություն
  • Քաղաքացիական ճարտարագիտություն
  • Տրանսպորտային համակարգերի ճարտարագիտություն
  • Լոգիստիկա
  • Լրագրություն
  • Մարքեթինգ և գովազդ
  • Սոցիոլոգիա
  • Հանրային քաղաքականություն
  • Զբոսաշրջության, հյուրընկալության և ժամանցի ոլորտի կառավարում
  • Սպորտ
  • Հոգեբանություն
  • Անիմացիա
  • Գրաֆիկական դիզայն
  • Ռադիո և հեռուստատեսություն
  • Արդյունաբերական արտադրանքի դիզայն

Բոլոր այն դիմորդները, որոնց հայտադիմումները գնահատումից հետո կհաղթահարեն սահմանված անցումային շեմը, կհրավիրվեն Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի։ Հարցազրույցից հետո բոլոր դիմորդները սահմանված ժամկետում կտեղեկանան հարցազրույցի արդյունքների մասին։

Հայտադիմումները գնահատելիս հաշվի են առնվելու՝

  • մասնագիտությունը,
  • համալսարանը,
  • ակադեմիական աստիճանը,
  • մոտիվացիոն նամակը,
  • երաշխավորագրերը,
  • մասնագիտացման ոլորտում առաջարկվող ծրագրի նախագիծը,
  • այլ անձնական և մասնագիտական հատկանիշներն ու հմտությունները։

Վերջնական որոշումը կայացվում է հայտադիմումների նախնական գնահատման, Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև դիմորդների քանակը և ծրագրի համար նախատեսված բյուջեն։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շահառուի կողմից համապատասխան պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու կամ մասամբ կատարելու դեպքում շահառուն պարտավորվում է վերադարձնել գումարը Հիմնադրամին՝ ըստ պայմանագրով սահմանված կարգի։

Պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում Հիմնադրամն իրավունք ունի հրապարակել պայմանագրի դրույթների խախտման և դրանից բխող պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն։

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ներկայացվող փաստաթղթերը կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Այլ լեզվով բնօրինակ փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց՝ նոտարի կողմից վավերացված թարգմանությունները։

Պահանջվող փաստաթղթեր բոլոր դիմորդների համար

  • Վավեր անձնագրի պատճեն (.pdf)
  • Ընդունելության վերջնական առաջարկը համալսարանից (unconditional offer) (.pdf)
  • Նպատակների հիմնավորման նամակը, որն ուղարկվել է համալսարանին (Statement of Purpose) (.pdf)
  • Մոտիվացիոն նամակ՝ ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին (.pdf)
  • Մասնագիտացման ոլորտում առաջարկվող ծրագրի նախագիծ, որն ուսանողն իրականացնելու է Հայաստանում՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս (.pdf)
  • Երաշխավորող 2 նամակ (.pdf)
  • Ինքնակենսագրություն (CV) (.jpeg)
  • Լուսանկար (3x4 չափի) (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ մշտական բնակիչ դիմորդների համար

  • ՀՀ մշտական բնակիչ լինելը վկայող փաստաթուղթ (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք դիմել են համալսարանին՝ ֆինանսական օժանդակություն ստանալու և ստացել պատասխան

  • Ֆինանսական օժանդակության վերաբերյալ համալսարանի որոշումը (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք ցանկանում են տեղեկացնել իրենց անհատական նվաճումների մասին

  • Անհատական նվաճումները հաստատող փաստաթղթեր (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք արդեն ուսանում են նույն համալսարանում, որտեղ ուսանելու ծախսերի փոխհատուցման համար դիմում են Հիմնադրամի աջակցությանը (առաջինից բարձր կուրսերի դիմորդների համար)

  • Առաջադիմության թերթիկ (transcript)

Անհրաժեշտ է ներկայացնել առաջադիմության պաշտոնական թերթիկը, որը կպարունակի դիմորդի ամենավերջին ՄՈԳ-ը (GPA): Եթե համալսարանը չի օգտագործում ՄՈԳ համակարգ, թույլատրվում է ներկայացնել առաջադիմության մասին վկայող այլ պաշտոնական փաստաթուղթ:

Similar Opportunities


Disciplines

Agriculture

Animation

Architecture

Astronomy

Astrophysics

Biology

Biomedical Sciences

Biotechnology

Chemistry

Communication Studies

Computer Engineering

Computer Sciences

Design

Earth Sciences

Economics

Education

Electronics

Engineering

Environmental Policy

Environmental Studies

Graphic Design

Health

Journalism

Marketing

Mathematics

Medicine

Pharmaceutical Sciences

Physics

Planetary Environment

Policy

Political Sciences

Psychology

Public Administration

Public Health

Sociology

Software Engineering

Sports

Statistics

Tourism

Study Levels

BA

Doctoral

Graduate

MA

Master’s

PhD

Postgraduate

Undergraduate

Opportunity Types

Financial aid

Scholarships

Eligible Countries

Armenia