2018 թ.-ի փետրվարի 9-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ԵՊՀ ասպիրանտներին, ուսանողներին, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմին կներկայացնի հիմնադրամի՝ 2018-2019 ուստարվա համար նախատեսված կրթաթոշակային ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր այն ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում իրականացնելու գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:
Ծրագրի շահառուներին տրամադրվում է ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցություն, ինչը թույլ է տալիս լիարժեքորեն զբաղվելու գիտական աշխատանքով, ապահովելու գիտական շրջադարձային արդյունքներ ու ստեղծելու առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ի զորու են առավել մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:
Մասնավորապես յուրաքանչյուր տարի գիտությունների թեկնածուի աստիճանի հավակնող ապագա ուսանողների և հայցորդների համար առաջարկվում է հետևյալ կրթաթոշակները՝
• 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար
• 25 մասնակի կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 3.500 ԱՄՆ դոլար
• 10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար
Կրթաթոշակները ներառում են ոչ միայն ուսման վարձը, այլև կեցության ծախսերը և թոշակը: Դրանք շնորհվում են յուրաքանչյուր տարի՝ երկարացման համար դիմելու հնարավորությամբ, ինչպես նաև կախված դիմորդի ակադեմիական առաջադիմությունից և ընթացիկ տարում այլ պարտավորությունների կատարումից:
2018-2019 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ. մարտի 31-ն է:
FAST կրթաթոշակային ծրագրին դիմելու և ավելին իմանալու համար՝ այցելեք հետևյալ հղումով` http://bit.ly/2Db8Xz2:
FAST հիմնադրամի կայքէջ՝ http://fast.foundation/#/:
Հավելենք, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017 թ.-ի հոկտեմբերին: