Գոհար Ստեփանի Մելիք-Բախշյանը երկար տարիներ անգլերեն է դասավանդել Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ցավոք կորոնավիրուսային հիվանդությունը 2021 թվականին անողոք էր նաև նրա նկատմամբ։ Նրա երկու դուստրերը՝ Հասմիկ Գևորգյանը և Զեմֆիրա Գևորգյանը, որդին՝ Խաչիկ Գևորգյանը (ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնադիր), եղբայրը՝ Մհեր Մելիք-Բախշյանը, ինչպես նաև ընտանիքի բարեկամներն ու ընկերները՝ ԱՐՄԱԿԱԴ ընկերության հետ համագործակցությամբ 2-րդ անգամ հայտարարում են Մելիք-Բախշյան Գոհարի անվան կրթաթոշակ, որը կտրամադրվի ԵՊՀ միջազգային ֆակուլտետի բակալավրիատի 2-4-րդ կուրսի կամ մագիստրատուրայի 1-2 կուրսի առնվազն մեկ ուսանողի։ Կրթաթոշակի տրամադրման կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում։
2021 թվականին հայտարարված՝ Մելիք Բախշյան Գոհարի անվան կրթաթոշակի հաղթող ճանաչվեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Նարեկ Ավետյանը։ Նա կրթաթոշակին դիմել էր որպես վճարովի համակարգի ուսանող, սակայն գերազանց առաջադիմությամբ հաջորդ ուսումնական տարում նա արժանացավ պետական կրթաթոշակի և այլևս կարիք չկար փոխհատուցել նրա ուսման վարձը։ Նարեկ Ավետյանը կարիք ուներ նոր համակարգչի, ինչը նրա համար ձեռք բերվեց Գոհար Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակով։
Գոհար Ստեփանի Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակն ամբողջությամբ կամ մասնակի կհոգա Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առնվազն մեկ ուսանողի ուսման վարձը։ Սույն կրթաթոշակը հիմնականում փոխհատուցելու է ուսման վարձը, հետևաբար այն առավելապես նախատեսված է վճարովի համակարգում սովորող ուսանողների համար։ Այսուամենայնիվ բոլոր ուսանողները կարող են դիմել, քանի որ ելնելով դիմումների ու հարցազրույցի արդյունքներից կրթաթոշակը կարող է տրամադրվել և՛ անվճար, և՛ վճարովի համակարգի ուսանողներին։ Վճարովի համակարգի ուսանողի՝ կրթաթոշակին արժանանալու պարագայում կրթաթոշակի գումարը կփոխանցվի Երևանի պետական համալսարանին՝ որպես տվյալ ուսանողի ուսման վարձ։ Եթե որոշում կայացվի կրթաթոշակը հատկացնել ուսման վարձ չվճարող ուսանողին, ապա կրթաթոշակի գումարով տվյալ ուսանողի համար ձեռք կբերվեն գրքեր և/կամ համակարգիչ, կամ կիրականացվի ուսանողի կողմից մատնանշված և իր ուսումնառության հետ առնչվող կարիքի փոխհատուցում։ Այս կրթաթոշակն առավելապես կարիքի վրա հիմնված կրթաթոշակ է։ Հետևաբար հայտադիմումում՝ հատկապես այս հարցի պատասխանում՝ Why do you need this scholarship?, ուսանողները պետք է հստակ հիմնավորեն, որ իրենք ունեն այս կրթաթոշակից օգտվելու կարիք։
Նախկինում Մելիք-Բախշյան Գոհարի անվան կրթաթոշակ ստացածներն այլևս չեն կարող դիմել նույն կրթաթոշակին։
Կրթաթոշակի նպատակը։
Մելիք-Բախշյան Գոհարի անվան կրթաթոշակի հիմնական նպատակն է օժանդակել այն ուսանողներին, ովքեր իրենց դիմումում հստակ կկարողանան ներկայացնել, որ դիվանագետ դառնալու նպատակ ունեն և որ իրենց՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելը հենց այդ նպատակին հասնելու ճանապարհի քայլերից մեկն է։
Կրթաթոշակի տրամադրումը։
Բոլոր դիմումները ստանալուց հետո կրթաթոշակի տրամադրման հանձնաժողովը կուսումնասիրի դրանք և ընտրված ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցը անց է կացվելու հայերեն լեզվով, սակայն ուսանողի անգլերենի իմացությունը հարցազրույցի ժամանակ լինելու է կարևոր հանգամանք, հետևաբար հարցազրույցի ժամանակ կարող են լինել նաև այնպիսի հարցեր որոնց նպատակն է լինելու ստուգել ուսանողի անգլերենի իմացությունը։ Հարցազրույցից հետո հաղթող ուսանողը կամ ուսանողները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով։ Կրթաթոշակին արժանացած ուսանողն իր ծնողների կամ այլ ազգականի հետ կհրավիրվի ընթրիքի, որի ընթացքում հանձնաժողովի անդամները կներկայացնեն տվյալ կրթաթոշակին արժանանալու կարևորությունը, կրթաթոշակի հանձնաժողովի ակնկալիքները տվյալ ուսանողից և այլ մանրամասներ։ Ուսանողին կտրամադրվի նաև կրթաթոշակին արժանանալու մասին հավաստագիր։
Կրթաթոշակին դիմելու կարգը։
Մելիք-Բախշյան Գոհարի անվան կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 15-ն է։ Ընտրված ուսանողները հարցազրույցի կհրավիրվեն մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը։ Կրթաթոշակին արժանացած ուսանողի կամ ուսանողների անունները կհրապարակվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը։ Կրթաթոշակի տրամադրումը կիրականացվի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 20-ը։
Քանի որ Մելիք-Բախշյան Գոհարը տարիներ շարունակ անգլերեն է դասավանդել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ապա կրթաթոշակին դիմելու հայտը պետք կլինի լրացնել անգլերեն լեզվով։ Կրթաթոշակի հանձնաժողովի համար կարևոր չեն լինելու ուսանողի առաջադիմությունը և առաջադիմությունը փաստաթղթերով հիմնավորվող հարցեր չեն լինելու հայտում, սակայն անգլերենի իմացությունը կարևոր հանգամանք է լինելու կրթաթոշակին արժանանալու համար։
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ հաշիվ https://armacad.info կայքում և սեղմել այս հայտարարության ներքևի՝ "APPLY" կոճակը, որից հետո անհրաժեշտ կլինի մուտք գործել ԱՐՄԱԿԱԴ։ Էլ․ փոստի հասցեն և գաղտնաբառը լրացնելուց և մուտք գործելուց հետո նորից կհայտնվեք այս էջում ու այս հայտարարության ներքևում կտեսնեք հայտադիմումը՝ անհրաժեշտ հարցերով և պատասխանները լրացնելու համապատասխան դաշտերով։