«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայտարարում է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 15, 2020
Արդյունքների ամփոփումը՝ մարտի 2, 2020
Դրամաշնորհի չափը՝ 5,000-10,000 ԱՄՆ դոլար
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:
Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։
Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.
-
Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
-
Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
-
Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
-
Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
-
Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:
«ՄԻՆԱՍՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ՝
-
Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
-
Կարծրատիպերը և նախապաշարմունքները հայոց պատմագիտական խոսույթում (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),
-
20-րդ դարի հեղափոխություններն ու հայերը,
-
Հայոց պատմության մեջ էլիտայի դերն ու դրա փոխակերպումները (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),
-
Հայրենադարձությանը և ժողովրդագրությանն առնչվող խնդիրներ (20-21-րդ դարեր),
-
Հայ-ռուսական հարաբերությունները 20-րդ դարում,
-
Հայ Առաքելական եկեղեցի. կրոնական և աշխարհիկ հիմնախնդիրները 20-րդ դարում,
-
Ազգային շահի և ազգային գերակայությունների հիմնախնդիրները,
-
Խորհրդային Հայաստանի պատմության վերագնահատման խաչմերուկներում,
-
Հայությունն ինքնությունների խաչմերուկներում,
-
Հայերն ու կայսրությունները (Օսմանյան, Սեֆյան, Ռոմանովյան),
-
Ժամանակակից հայկական սփյուռքը,
-
Հայերը Մերձավոր Արևելքում:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հայտերն ընդունվում են անգլերեն, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.
-
Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝
-
հետազոտության թեման (արդիականությունը, գիտական հարցադրումը),
-
հետազոտության մեթոդաբանությունը,
-
տեսական շրջանակ(ներ)ը,
-
ակնկալվող արդյունքները,
-
հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
-
հրատարակված հետազոտությունների ցանկը,
-
հետազոտության իրականացման ժամանակացույցը,
-
պահանջվող ֆինանսավորման չափը:
«Մինասյան» կենտրոնը մեծապես կարևորում է ներկայացված հայտերի, գիտական աշխատանքի իրականացման և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային չափանիշերին։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:
Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:
ՀԱՅՏԵՐԸ MINASYANSERIES@HMF.AM ԷԼՓՈՍՏԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2020 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը:
Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2020 թվականի ՀՈՒՆԻՍԻ 30-ին և ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ):
Դրամաշնորհ ստացած մասնակիցները հետազոտության վերջնական աշխատանքը (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացնեն մինչև 2021 թվականի ՄԱՐՏԻ 1-ը: