Իրանագիտության բակալավրիատի ծրագրի ընդունելություն 2017, Հայ-Ռուսական Համալսարան

Publish Date: Mar 31, 2017

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2017-2018 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրիատի ընդունելություն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով:

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը Հայ-ռուսական Համալսարանում չորսամյա դասընթաց է, որի ընթացքում ուսանողները կսովորեն մեկ կամ մի քանի արևելյան լեզուներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան Մերձավոր Արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Հնդկական թերակղզու  ուսումնասիրության համար: Արևելագիտության բակալավրիատը բացառիկ է լեզուների և առարկաների համադրությամբ, որոնք կարող է ընտրել ուսանողը: Ծրագիրը նպատակ ունի արևելյան լեզուների, Արևելքի պատմության, քաղաքականության, մշակույթի, գրականության, փիլիսոփայության ուսումնասիրման միջոցով ծանոթացնել ուսանողին ակադեմիական մեթոդներին և ձևավորել նրա պատկերացումը տարածաշրջանի մասին: Բակալավրի ուսանողները մի քանի ամիս կանցկացնեն ուսումնասիրվող երկրում և կմասնակցեն դասընթացների համալսարանական կենտրոններում և ակադեմիական հաստատություններում, ինչը կխթանի տվյալ երկրի հասարակության վարք ու բարքի, կենցաղի, լեզուների և բարբառների խորը իմացությունը: Ընդ որում, ուսումնական առաջին տարում նախատեսված է էքսկուրսիա Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական, Գիլան, Մազանդարան նահանգների իրանախոս և թյուրքախոս շրջաններ:

Գիտելիքները և հմտությունները, որոնք ուսանողը ձեռք կբերի բակալավրիատում ուսանելու տարիների ընթացքում, կդառնան աշխատանքային լայն հնարավորությունների սկիզբ: 

Իրանագիտության բակալավրիատ    

Իրանը հարավ-արևմտյան Ասիայի ամենակարևոր երկրներից մեկն է, իսկ պարսկերենը ժամանակակից Արևելքի հիմնական լեզուներից: Պարսկերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի իրանական ենթախմբի լեզուներից է: Այս լեզուն կրողներն ապրում են Իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում: Այն lingua franca էր Հնդկական թերակղզու մտավորականների համար և առ այսօր ուսուցանվում է այնտեղի մուսուլմանական համայնքներում: Սակայն Իրանագիտությունն ավելի լայն հասկացություն է, քան լոկ պարսկերենի ուսուցանումը: Հայ-ռուսական համալսարանում Իրանագիտությունը նպատակ ունի ուսումնասիրել իրանական ժողովուրդների` թալիշների, թաթերի, զազաների, գիլաքիների, փուշթուների, օսերի, քրդերի, բելուջների, սկյութերի, սարմատների, պարթևների, սողդերի, բակտրացիների և այլ իրանական ժողովուրդների մշակույթը, կենցաղը, կրոնները, պատմությունը, գրականությունը, լեզուներն ու բարբառները:

Այս ծրագիրը նաև կընձեռի աշխատանքային մեծ հնարավորություններ. ուսանողները կարող են դառնալ թարգմանիչ, լրագրող, աշխատել գովազդային ասպարեզում, անցնել դիվանագիտական ծառայության և այլն:  Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների արդյունքում բազում միջազգային կազմակերպություններ ներդրումներ են կատարում Իրանում, ուստի այս ծրագիրը թույլ կտա նաև աշխատանք գտնել բանկային, առևտրային, նավթի և գազի  ոլորտներում:

Իրանագիտության բակալավրիատի ծրագիրը

  • b – հիմնական առարկաներ
  • c – իրանագիտության և թյուրքագիտության ընդհանուր առարկաներ
  • e – ընտրովի առարկաներ
  • ce – ընդհանուր ընտրովի առարկաներ իրանագիտության և թյուրքագիտության համար  

Իրանագիտության ներածություն (b). Դասընթացը ներածական ակնարկ է իրանական լեզուների և բարբառների, դրանցով խոսող ժողովուրդների, իրանալեզու տարածքների և դրանց շուրջ կատարված ուսումնասիրությունների մասին:    

Հնդեվրոպական լեզվաբանության ներածություն (e). Դասընթացը հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության ընդհանուր ներածություն է՝ ընդգրկելով համեմատական լեզվաբանության պատմական ակնարկ, հնդեվրոպական նախահիմք լեզվի հնչյունական և ձևաբանական համակարգերի քննություն, ինչպես նաև անդրադարձ  արիացիների հայրենիքին, մշակութային և հասարակական կարգի տարրերին:

Լեզվաբանության ներածություն (c). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից լեզվաբանության նախապատմությունն ու ներկայիս շրջանակները, լեզվի վարքագծային և ռացիոնալիստական տեսությունները, լեզվի կառուցվածքի ունիվերսալ և ճանաչողական հայեցակարգերը, լեզվի ձևավորման գենետիկ և սոցիալական գործոնները, լեզվաբանական վերլուծությունները:

Իրան և իրանալեզու տարածքներ (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղին պատկանող իրանական լեզուներով խոսող ժողովուրդներով բնակեցված տարածքները՝ ներառյալ Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի մի մասը և Կովկասյան լեռների որոշ շրջաններ:

Իրանական լեզուների և բարբառների պատմություն (e). Դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան իրանական լեզուների ժամանակային (հին, միջին, նոր) և աշխարհագրական բաժանումներին (արևմտյան և արևելյան):

Պարսկերենի տեսական քերականություն (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել պարսկերենի քերականությունը՝ ընդգրկելով հնչյունաբանությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը:

Գրականագիտության ներածություն (c). Դասընթացը նվիրված է գրականության պատմության խնդիրներին և հիմնական բաժիններին, գրականության և բանահյուսության փոխադարձ կապին, համաշխարհային գրականության զարգացման փուլերին, ավանդական գրականության հիմնական սկզբունքներին, գրական ժանրերին:

Իրանական գրականություն (b). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն իրանական գրականության բոլոր ժանրերը՝ սկսած միջին իրանական շրջանի գրականությունից մինչև այսօր՝ ներառելով նաև Հնդկաստանի պարսկալեզու գրականությունը:

Համեմատական կրոնագիտության հիմունքներ (ce). Այս դասընթացը աշխարհի կրոնների համեմատական և ակադեմիական ուսումնասիրության ներածություն է: Հիմնական թեմաները նվիրված են հավատալիքներին, սրբավայրերին, ծիսակարգերին, կրոնական էթիկային և բարոյականությանը, կրոնի և քաղաքականության միջև եղած կապին, կրոնական ավանդույթներին և հասարակական խնդիրներին:

Արևելյան կրոնների պատմության և տեսության ներածություն (c). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Արևելքի խոշոր կրոնական և գաղափարական ուղղությունները՝ ընդգրկելով հինդուիզմը, իսլամը, բուդդիզմը, սիկխիզմը, դաոսիզմը, կոնֆուցիականությունը, շինտոիզմը և Արևելքում ծագող ժամանակակից այլ կրոնական հոսանքները: Կրոններն ուսումնասիրելիս հաշվի կառնվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տիեզերքը հասկանալու և հասարակական կյանքը ձևավորելու մարդկանց ձգտումները՝ հիմնվելով փոխադարձ ըմբռնման և հանդուրժողականության վրա:  

Եզդիները և նրանց կրոնը (b). Այս դասընթացը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել եզդի ժողովրդին որպես էթնոդավանաբանական խումբ, որ խիստ էնդոգամ է, իսկ կրոնը միահյուսված է զրադաշտականության, իսլամի, քրիստոնեության, հուդայականության տարրերի հետ:

Իսլամագիտություն (Շիիզմ Իրանում) (b). Դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ իսլամական հայեցակարգերի, ծիսակարգերի, իսլամի ծագման, տարածման, ուղղությունների, դավանաբական սկզբունքների, քաղաքական սկզբունքների, կրոնական եզրույթների,  շիիզմի հիմնադրույթների, աշխարհաքաղաքական ընկալումների, սրբավայրերի, Իրանում շիիզմի տարածման և պետական կրոն հռչակելու մասին:

Քաղաքական իսլամ (c). Կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները: Կներկայացվեն ժամանակակից իսլամական շարժումները, խմբավորումները, ահաբեկչական կազմակերպությունները /«Մուսուլման եղբայրներ», «Համաս», «Հեզբոլահ», «Իսլամական պետություն» և այլն/:

Իրանի պատմություն (b). Այս դասընթացը կներկայացնի Իրանի երկարատև պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը: Մանրամասն կուսումնասիրվեն Իրանի պատմության բոլոր փուլերը՝ նախապատմական շրջանը, Մարաստանը, Աքեմենյանները, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Սելևկյանները, Պարթևստանը, Սասանյանները, Օմայանները, Աբբասյանները, Թահիրյանները, Սամանյանները, սելջուկյան և մոնղոլական արշավանքները, Սեֆյանները, Ղաջարները և ժամանակակից շրջանը:

Իրանական ազգագրության հիմունքներ (b). Դասընթացը կդիտարկի իրանական ժողովուրդների կյանքն ու կենցաղը, վարքն ու բարքը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները՝ օգտագործելով վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը:

Իրանական ժողովուրդների ֆիզիկական մարդաբանությունը (b). Կուսումնասիրվի իրանական ժողովրդի ծագումն ու զարգացումը: Գիտականները տվյալները բացահայտել են, որ Իրանի և Աֆղանստանի ժողովուրդները կովկասյան ծագում ունեն՝ մոնղոլոիդ և նեգրոիդ ռասաների խառնուրդով:

Քրդագիտության ներածություն (e). Դասընթացը նախատեսում է քրդաբնակ տարածքների, քրդերի մշակույթի, քրդական բարբառների ուսումնասիրություն, կուրմանջիով տեքստերի թարգմանություն՝ ներառյալ գեղարվեստական և լրատվական բնույթի տեքստեր:

Մշակութաբանություն (ce). Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հանաշխարհային մշակույթի տեսություններն ու մշակույթի պատմությունը, մշակութային քաղաքականությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները:

Արևելյան արվեստի պատմություն (c). Արևելյան արվեստը գեղարվեստական դասակարգման կարևոր ուղղություններից մեկն է: Կուսումնասիրվեն արևելյան արվեստի ուղղությունները, նրանց ազդեցությունը համաշխարհային մշակույթային ժառանգության վրա, զուգահեռներ կանցկացվեն արևելյան և արևմտյան արվեստի ուղղությունների միջև:

Տրամաբանություն (c). Այս դասընթացում ուսանողները կուսումնասիրեն տրամաբանությունը որպես գիտական ճյուղ: Կքննվեն ինդուկտիվ և դեդուկտիվ մտահանգումները, մտքերի կապակցման ձևերը, ճանաչողությունը, և այն կանոնները, որոնք ապահովում են ճշմարտության ձեռքբերումը:

Իրավագիտություն (ce). Դասընթացը ուսանողներին կներկայացնի իրավական սկզբունքները, գործընթացները, իրավական համակարգի կառուցվածքը՝ ներառելով օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերը, իրավունքի փիլիսոփայական հայեցակարգերը: Այն հնարավորություն կընձեռի բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:            

Քաղաքագիտություն (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քաղաքագիտությունը որպես գիտություն, մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետությունների վարած քաղաքականությունը և դրանց նպատակահարմարությունը առանձին ոլորտներում:      

Տնտեսագիտություն (ce). Դասընթացի նպատակը արտադրական հարաբերությունների, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունների, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունների, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերի, եղանակների ուսումնասիրությունն է:

Թարգմանության տեսություն և պրակտիկա (b). Թարգմանությունը մեծ դեր ունի մշակութային արտադրության և գործնական տեղեկատվության փոխանակման և շրջանառության համար: Դասընթացը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել այն խնդիրների հետ, որոնց հանդիպում են թարգմանչական գործունեություն իրականացնելիս:

Պարսկերեն (b). Այս դասընթացում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտեր:

Թուրքերեն (e). Թուրքերենի դասընթացն ունի երեք կարևոր նպատակ. ուսումնասիրել թուրքերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը: Արդյունքում ուսանողները ձեռք կբերեն թուրքերենով ազատ հաղորդակցվելու և գրելու հմտություններ: Կներկայացվի ժամանակակից և օսմանյան շրջանի գրականությունը: Թուրքերեն տեքստերի ընթերցման միջոցով ուսանողները կծանոթանան Թուրքիայում տեղի ունեցող մշակութային, քաղաքական, կրոնական գործընթացներին: 

Արաբերեն (ce). Դասընթացի նպատակը ժամանակակից արաբերենի քերականական, բառապաշարային համակարգի ուսումնասիրությունն է, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ արաբերեն գրականություն, կթարգմանեն և կվերլուծեն արաբերենով գրված պատմական, կրոնական, քաղաքական, գեղարվեստական  գրականություն:

Հինդի (ce). Կդասավանդվի Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը. արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով: Կծանոթանան հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:

Բելուջերեն (e). Բելուջներն ապրում են Պակիստանում, Իրանում, Աֆղանստանում և հարևան երկրներում: Բելուջերենը բաժանվում է երեք բարբառների՝ արևմտյան, արևելյան և հարավային: Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել բելուջերենի քերականական և բառապաշարային համակարգերը՝ բելուջերեն տեքստերի ընթերցման միջոցով: Կուսումնասիրվեն բելուջական բարբառները:

Քրդերեն (e). Քրդերն ապրում են ներկայիս Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, Ադրբեջանի տարածքներում` կազմելով 20-25 միլիոն: Քրդերենն ունի երկու հիմնական բարբառ` հարավային քրդերեն (սորանի) և հյուսիսային քրդերեն (կուրմանջի): Ուսանողները կուսումնասիրեն կուրմանջին:

Թալիշերեն (e). Թալիշերենը հյուսիսարևմտյան իրանական լեզու է, որը տարածված է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Կասպից ծովին հարող տարածքներում: Թալիշերենը բաժանվում է երեք հիմնական բարբառների խմբի` Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական, որոնց հնչյունական, քերականական և բառապաշարային կարգերը նախատեսվում են ուսումնասիրել դասերի ընթացքում:

Օսերեն (e). Դասընթացում ուսանողները կծանոթանան օսերենի իրոնական և դիգորական բարբառների քերականական, բառապաշարային և հնչյունական համակարգերին: Կկատարվեն օսերեն տեքստերի թարգմանություններ, ինչպես նաև կընթերցվի Նարտյան էպոսը:

Հին հունարեն (e). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել հին հունարենի ամբողջ քերականական համակարգը, բառապաշարը և հնչյունաբանությունը: Ուսանողները կկարդան և կթարգմանեն հին հունարենով գրված դասական տեքստեր:

Գրաբար (e). Դասընթացը կուսումնասիրի գրաբարի շրջափուլերը, քերականական, բառապաշարային և հնչյունական կառուցվածքը, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ և հասկանալ գրաբարով գրված հին մատենագրությունը` ներառյալ Կորյունի, Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Եզնիկ Կողբացու, Փավստոս Բյուզանդի, Ղազար Փարպեցու երկերը:

Հին պարսկերեն  (b). Հին պարսկերենը հայտնի է որպես Աքեմենյան արքաների արձանագրությունների լեզու, ուստի հին պարսկերենով գրված արձանագրությունները հիմնականում պատկանում են մ.թ.ա. 6-4-րդ դարերին: Ուսանողները կծանոթանան հին պարսկերենի սեպագիր գրությանը, կուսումնասիրեն հին պարսկերենի քերականական համակարգը և կկարդան, կվերլուծեն և կթարգմանեն սեպագիր արձանագրություններից հատվածներ:

Միջին պարսկերեն և պարթևերեն  (b). Կդասավանդվի միջին պարսկերենի և պարթևերենի (նաև մանիքեական) քերականական, հնչյունական և բառապաշարային համակարգը, ինչը ուսանողներին թույլ կտա ծանոթանալ նաև զրադաշտական և մանիքեական հոգևոր գրականությանը: Անդրադարձ կկատարվի նաև միջին իրանական այլ լեզուներին` սողդերենին, բակտրիերենին, խոթանասակերենին, խորեզմերենին:

Անգլերեն (ce). Անգլերենի և արևելագիտության համադարության արդյունքում ուսանողները կխորացնեն անգլերենի գիտելիքները, կուսումնասիրեն անգլերենով գրված մասնագիտական հոդվածներ, աշխատություններ, ձեռք կբերեն անգլերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ: 

Ֆրանսերեն (ce). Ֆրանսերենը արևելագետի համար արևմտյան կարևոր լեզուներից է, քանի որ ֆրանսերենով են գրված արևելագիտական  բազում կարևոր աշխատություններ և  հոդվածներ: Դասընթացի արդյունքում ուսանողները ծանոթանալու են ֆրանսերենով գրված մասնագիտական գրականությանը, ձեռք են բերելու ֆրանսերենով գրելու, կարդալու և հասկանալու, հաղորդակցվելու հմտություններ:

Գերմաներեն  (ce). Գերմաներենը Եվրոպայի ամենակարևոր լեզուներից է բիզնեսի և մշակույթի համար: Բացի այդ, այն համացանցում ամենաշատ օգտագործվող երկրորդ լեզուն է (W3Techs 2014): Այն նաև  հայտնի է որպես Արևմտյան Եվրոպայի երկրորդ լեզու: Գերմաներենով է գրված արևելագիտական հսկայական գրականություն: Գերմանիայում գործում են արևելագիտական մեծ կենտրոններ: Ուստի գերմաներենի ազատ տիրապետումը թույլ կտա ուսանողներին կարդալ, հասկանալ, հաղորդակցվել և գրել այս լեզվով, բացի այդ ընկղմվել Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկի մշակույթի մեջ:

Ռուսերեն (c). Ռուսերենը՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հետ մեկտեղ համարվում է արևելագիտության համար կարևոր լեզուներից, քանի որ ռուսերենով են գրված արևելագիտական մի շարք կարևոր աշխատություններ, հոդվածներ և Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում արևելագիտական խոշոր կենտրոններ: Ուսումնառության ընթացքում ռուսերենով գրված գեղարվեստական գրականությունից զատ կուսումնասիրվի նաև մասնագիտական գրականություն, որը ուսանողներին թույլ կտա ազատ գրել, կարդալ, հաղորդակցվել ռուսերենով:  

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի ընդունելության կարգը

Ովքե՞ր կարող են դիմել

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Լեզվի իմացության պահանջները

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի դիմորդներից պահանջվում է հայերենի և առնվազն մեկ եվրոպական լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) իմացություն, ցանկալի է, որ դիմորդը տիրապետի նաև ռուսերենին: Բոլոր դիմորդների համար, ովքեր չեն տիրապետում ռուսերենին կամ ունեն այդ լեզվի իմացության թերի գիտելիքներ, Հայ-ռուսական Համալսարանը նախատեսում է ռուսերենի կամավոր դասընթացներ: Մեր դասավանդման փորձը ցույց է տվել, որ արևելյան լեզվի A մակարդակի իմացությունը առավելություն չէ, քանի որ մենք նախատեսում ենք լեզվի ուսումնասիրության ինտենսիվ դասընթացներ, որոնք հնարավորություն են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր ընդհանրապես չեն տիրապետում արևելյան լեզվին արագ հավասարվել լեզվի A մակարդակ ունեցողներին:

Քննությունները

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն ընդունելության միասնական քննություններ:

Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Գնահատման և թեստավորման կենտրոն):

Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները պետք է միասնական քննություններ հանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն) առարկաներից:

Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:

Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:

Միասնական քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`

1) դիմորդը միասնական քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը,

2) գնահատման և թեստավորման կենտրոնը առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները,

3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, գնահատման և թեստավորման կենտրոնից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով,

4) դպրոցը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից ու գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում և դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը,

5) դիմորդը քննության դիմում-հայտին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը, մեկ լուսանկար (3x4 չափսի), յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին,

6) դպրոցի տնօրենն ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական,

7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը,

8) նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում,

9) միասնական, կենտրոնացված քննությունները հայտագրվում են հետևյալ եղանակով`

ա. էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում էլեկտրոնային կապով, 

բ. էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցի տնօրենը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով,

10) դպրոցը քննության դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննությանը մասնակցելու վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում՝ նաև դիմորդների տվյալներով էլեկտրոնային կրիչները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով,

11) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ից և ավարտվում տվյալ տարվա մարտի 15-ին.

12) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը լիազոր մարմնի աշխատակազմերի միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:

Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնել՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը,

2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ քննության դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն,

3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է համապատասխան փոփոխություններ,

4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակները ըստ քննական առարկաների և կենտրոնների,

5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը ուղարկում է դպրոցներ,

6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը,

7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

Պահանջվող փաստաթղթերը 

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.

6) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

8) փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Անվճար և վճարովի ուսուցում

Ընդունելությունը կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ և վճարովի հիմունքներով (ուսման վարձը` 500,000 դրամ):

Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակները հաստատելու, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

Հետադարձ կապ

Էլ. հասցե՝ indoiranicarau@gmail.com, oriental.studies.rau@gmail.com

Հեռ.՝ (+37410) 27-70-66

Կրթաթոշակային ծրագրեր

Հայ Օգնության Միություն 

Լավագույն ուսանող

ՀՕՄ-ի Միավորների ջանքերով 1995 թվականից մեկնարկել և առ այսօր շարունակվում է գործել «Լավագույն ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են հարյուրական ԱՄՆ դոլարի չափով պարգև:

Ծնողազուրկ երեխաների «Ուսանող» ծրագիր

«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող» ծրագիրը, որը գործում է 2009 թվականից:

(http://arsarmenia.org)

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։

Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։

(http://www.hovnanianfoundation.am/scholarships/)

Հայ կրթական հիմնարկություն

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

(http://aefweb.org/)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք․ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.

  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Կարիերայի հնարավորությունները

Եթե արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատում ուսանողները կստանան բազմակողմանի կրթություն, ապա մագիստրատուրայի ընթացքում նրանց ուսումնասիրությունները կոնկրետ ուղղվածություն կունենան, որը հետագայում թույլ կտա նրանց նաև ընտրել իրենց կարիերայի զարգացման հետագա բնագավառը:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հմտությունները միշտ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Արևելյան լեզվի իմացությունը անհատական և ակադեմիական աճի համար կարևոր լինելուց զատ ուսանողներին միջազգային կարիերայի հնարավորություն է տալիս և նոր հեռանկարներ է ստեղծում նրանց համար: Բացի այդ միջմշակութային հաղորդակցության հմտությունը նույնպես մեծ պահանջարկ ունեն միջազգային աշխատաշուկայում:
Յուրաքանչյուր ուսանող ունի Արևելքին առնչվող հետաքրքրությունների շրջանակ, ուստի աշխատանքային բնագավառները կարող են այնքան բազմազան լինել, որքան ուսանողների հետաքրքրությունները:
Շրջանավարտները կարող են գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ակադեմիական, արվեստի և մշակույթի, խորհրդատվության, դիվանագիտության, լրագրության, գովազդի և մարքեթինգի, քաղաքականության, հանրային ծառայության, տուրիզմի, առևտրի, թարգմանության և վերլուծության ասպարեզներում, ֆինանսական կազմակերպություններում և բանկերում, միջազգային կազմակերպություններում:

Արևելագիտությունը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում

Հասարակական գիտությունների մեջ Արևելագիտությունը բացառիկ է այն առումով, որ ուսանողներին ծանոթացնում է մշակույթի և քաղաքակրթության հետ, որը սովորաբար չի կազմում հայկական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի մաս: Ծրագիրն ընդգրկում է լեզվաբանություն, գրականություն, պատմություն և մշակույթ, բացի այդ լայն հնարավորություններ են ընձեռված այնպիսի ոլորտների ուսումնասիրության համար, ինչպիսիք են` արվեստը, հնագիտությունը, փիլիսոփայությունը, կրոնը, ժամանակակից հասարակական գիտությունները և այլն: Ծրագիրը նաև կարող է հիմք հանդիսանալ տնտեսագիտության, իրավունքի, քաղաքագիտության, գովազդի ասպարեզում աշխատել ցանկացողների համար՝ նրանց թույլ տալով զուգահեռ ուսումնասիրել առաջավորասիական լեզուներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, հինդի):

Արևելքի մասին լուրերն այսօր գերակշռում են մեր տեղեկատվական դաշտում, իսկ արևելյան լեզուներն ու մշակույթը կազմում են մեր պատմության ու մշակույթի կարևոր մասը: Հայ-ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը (ֆակուլտետը) ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ժամանակակից ամենապահանջված գիտություններից մեկը` միաժամանակ նրանց ծանոթացնելով աշխարհի ամենագեղեցիկ գրականությանը, կրոններին, քաղաքակրթությանը, մշակույթին: Արևեալագիտությունը ակադեմիական կարևոր ճյուղ է, որը միջազգային ասպարեզում ունի մեծ քաղաքական, տնտեսական և մշակութային դեր:

 

 

Similar Opportunities


Disciplines

Culture

History

Iranian Studies

Islamic Studies

Languages

Linguistics

Middle Eastern Studies

Persian Studies

Religious Studies

Study Levels

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Armenia