Russian - Armenian University  Follow

Հնդկագիտության մագիստրոսական ծրագրի ընդունելություն 2017, Հայ-Ռուսական Համալսարան

Publish Date: Apr 06, 2017

Deadline: May 26, 2017

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան

Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2017-2018թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է մագիստրատուրայի ընդունելություն Հնդկագիտություն և Իրանագիտություն ուղղություններով:
Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան երկամյան ծրագիր է, որը ձեզ հնարավորություն կտա հետազոտել արևելյան ժողովուրդների պատմությունը, լեզուն, մշակույթը և աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող տարածաշրջանի ժամանակակից դրսևորումները: Այստեղ ուսանողները կարող են մասնագիտանալ իրենց հետաքրքրությունների լայն շրջանակը արտացոլող ոլորտներում: Այս հանգամանքը թույլ է տալիս ծրագրում ներառել ուսանողների, ովքեր ունեն բակալավրիատի կրթություն զանազան ասպարեզներում:
Մագիստրոսական ծրագրի ուսանողները կկարողանան վերլուծել Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հնդկական թերակղզու, Կովկասի հասարակական, մշակութային, քաղաքական զարգացումները, կսահմանեն դրանց պատճառներն ու հետևանքները, կառաջարկեն լուծումներ, ինչպես նաև կբացահայտեն տարածաշրջանի ապագա միտումներն ու զարգացումները, ձեռք կբերեն միջդիսցիպլինար և բազմամշակութային ոլորտներում աշխատելու ունակություն:

Հնդկագիտության մագիստրոսական ծրագրի նկարագրություն

Հնդկագիտության մագիստրոսական ծրագրի ուսանողները ձեռք կբերեն հմտություններ, որոնք նրանց կընձեռեն անկախ ակադեմիական աշխատանք իրականացնելու հնարավորություն: Մագիստրատուրայի ծրագիր բազմաբովանդակ է: Ծրագրի ընթացքում ուսանողներն ուսումնասիրելու են Հնդկաստանի պատմությունը, տնտեսությունը, քաղաքականությունը, գրականությունը, հնդկական փիլիսոփայությունը՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից փուլ: Հատուկ ուշադրություն կդարձվի Հնդկաստանի տարբեր կրոններին՝ օգտագործելով կրոնագիտական ուսումնասիրությունների հատուկ մեթոդները, քանի որ չնայած տեխնոլոգիական զարգացմանն ու արդիականցմանը, այս կրոնները կազմում են հնդկական հասարկության և մշակույթի կարևոր մասը: Հնդկական աղբյուրների ուսումնասիրության համար շատ կարևոր է նաև լեզվի իմացությունը: Ծրագիրը ներառում է հինդիի, սանսկրիտի, ինչպես նաև պարսկերենի դասընթացներ:
Այսպիսով, ծրագիրը ուսանողներին խորը գիտելիքներ կտրամադրի տարբեր ասպարեզներում, որն էլ հետագայում նրանց կընձեռի կարիերայի լայն հնարավորություններ:

Հնդկագիտության մագիստրատուրայի ծրագիրը

Հինդի Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը, որի արդյունքում կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով՝ միաժամանակ ծանոթանալով հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:

Սանսկրիտ Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է սանսկրիտի հնչյունական, բառապաշարային քերականական համակարգը, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ և վերլուծել սանսկրիտով տեքստեր: Ինչպես նաև դասընթացը նախատեսում է Մահաբհարատայից և Բհագավատգիտայից, հնդկական փիլիսոփայական տեքստերի, ինչպիսիք են Յոգասուտրան, Բուդդայական սուտրաները, և Հիտոփադեշայի պատմություններից հատվածների ընթերցում:

Պարսկերեն Այս դասընթացի ընթացքում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտերում:

Հնդարիական լեզվաբանության հիմնահարցեր Լեզվաբանները  սովորաբար բաժանում են հնդարիական լեզուները երեք մասի՝ հին, միջին և նոր (ժամանակակից): Այս դասընթացն ուսումնասիրելու է այս բաժանումները, հնդարիական լեզուների առանձնահատկությունները:

Հին հնդկական գրականության պատմություն Դասընթացը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել հին հնդկական հարուստ գրական ավանդույթին: Այս գրականության մեծ մասը գրված է սանսկրիտով: Ուսանողները կուսումնասիրեն հիմնականում վեդայական հիմները:

Հնդկական գրականության հիմնահարցեր Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հյուսիսային Հնդկաստանի գրականությունը, Թամիլյան և բուդդայական գրականությունը, ինչպես նաև սանսկրիտի և եվրոպական գրականության ազդեցությունը հնդկական գրականության վրա:

Հնդկաստանի պարսկալեզու գրականություն Հնդկաստանի պարսկալեզու գրականությունը շատ քիչ է ուսումնասիրված, քանի որ հնդկական գրադարաններում պահպանվող ձեռագրերը դժվարհասանելի են: Շատ քիչ հետազոտություններ կան իրանական գրականության այս ոլորտի շուրջ: Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին Հնդկաստանի պարսկալեզու գականության ժանրերի, ակունքների հետ:

Հնդկագիտության տեսական հարցեր Դասընթացը հնդկագիտության տարբեր ուղղությունների ներածական ակնարկ է՝ ներառեով Հարավային Ասիայի լեզուներն (սանսկրիտ, պալի, պրակրիտ) ու գրականությունը, հիմնական կրոնները (հինդուիզմ, բուդդիզմ, ջայինիզմ) և այլն:

Հնդկաստանի պատմության հիմնահարցեր Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է Հնդկաստանի պատմությունը՝ հին քաղաքակրթությունից սկսած մինչև այսօր՝ ծանոթացնելով ուսանողներին Հնդկաստանի պատմության հիմնական աղբյուրների, պատմագրության հետ:

Դարդյան և նուրիստանյան ժողովուրդներ Չնայած դարդյան և նուրիստանյան լեզուներն առանձին են դասակարգվում, նրանք ունեն շատ կառուցվածքային և բառապաշարային նմանություններ: Դրանք ունեն ընդհանուր ծագում և խոսվում են Հինդուկուշի շրջանում: Դարդյան լեզուներով խոսողների թիվը հասնում է չորս միլիոնի, իսկ նուրիստանյան լեզուներով խոսողների թիվը՝ 150 հազարի: Նրանք  ապրում են Հյուսիսային Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի գյուղական շրջաններում:

Հնդկաստանի էթնոդեմոգրաֆիայի հիմնահարցեր Այս դասընթացը Հնդկաստանի ազգաբնակչության դեմոգրաֆիական պատկերի ուսումնասիրություն է, որը հենվում է սոցիալական և տնտեսական հարցերի նկարագրության վրա:

Հնդկական ազգագրության հիմնահարցեր Վերջին տարիների ընթացքում  մարդաբանները հսկայական դաշտային աշխատանք են կատարել Հնդկաստանում: Այս դասընթացը մարդաբանների կողմից իրենց ազգագրական ուսումնասիրությունների հիմքում առաջ քաշված ընդհանուր տեսական մոտեցումների ակնարկ է:

Հնդկական թերակղզու էթնոքաղաքական հակասությունները Դասընթացի ընթացքում քննարկվելու են երեք էթնոկրոնական հակասություններ, որոնցից երկուսը տեղի են ուենցել Ասսամի և Փունջաբի տարածքում, իսկ երրորդը հայտնի է հինդու-մուսուլմանական կոնֆլիկտ անունով:

Հնդկաստանի կրոնների և առասպելաբանության պատմություն Հնդկաստանում են ստեղծվել աշխարհի առասպելներից և պատմություններից շատերը՝ աստվածների, հերոսների, արքաների մասին: Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Պուրանաների պատմությունները, հինդուիզմի աստվածությունների մասին առասպելները, այս տեքստերի և ավելի վաղ շրջանի վեդաների և հնդկական էպիկական պատմությունների միջև եղած կապը:

Հնդկաստանի զրադաշտականները Անտիկ ժամանակներում զրադաշտականությունը համարվում էր աշխարհի ամնեամեծ կրոններից: Այս  դասընթացը կուսումնասիրի զրադաշտականության պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր: Չնայած այսօր զրադաշտականները փոքր համայնք են կազմում  Կենտրոնական Իրանում և Արևմտյան Հնդկաստանում, սակայն այն Աքեմենյանների և Սասանյանների պաշտոնական կրոնն էր և իր ազդեցությունն է ունեցել իսլամի, քրիստոնեության, հուդայականության վրա:

Իսլամը Հնդկաստանում Իսլամը հետևորդների թվով Հնդկաստանի երկրորդ կրոնն է և տարածվել է Հնդկաստանի արևմտյան շրջանում արաբ նվաճողների շնորհիվ՝ 7-րդ դարում: Դասընթացի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել Հնդկաստանում իսլամի վաղ շրջանի պատմությունը, Իսլամի քաղաքական պատմությունը, իսլամական մշակույթը:

Հնդկական մշակույթի հիմնահարցեր Հնդկաստանի մշակույթն առանձնանում է իր բազմաբնույթ լինելով և սինկրետիզմով: Իր ողջ պատմության ընթացքում Հնդկաստանը կարողացել է պահպանել մշակութային ավանդույթները: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է Հնդկաստանի մշակույթը հին ժամանակներից մինչև այսօր՝ ներառյալ ճարտարպետությունը, երաժշտությունն ու պարերը, թատրոնն ու կինոն, գրականությունը, խոհանոցը, ավանդական հագուստը, պետական տոները:

Ժողովրդական բժշկությունը հնդկական ավանդական մշակույթի մաս Այս դասընթացը ուսումնասիրելու է Հնդկաստանի ավանդական բժշկությունը, որը համարվում է Հնդկաստանի հարուստ և հին փիլիսոփայական ավանդույթներից՝ կենտրոնանալով Այուրվեդայի, Յոգայի, Ունանիի, Սիդդհայի համակարգերի և Ութթարխանդի և Հիմաչալի նահանգների էթնիկ ավանդական բժշկության վրա:

Հնդկական փիլիսոփայության հիմնահարցեր Այս դասընթացը Հնդկաստանի հիմնական փիլիսոփայական ուղղությունների թեմատիկ ներածություն է՝ ներառյալ հին Հնդկաստանի, Ուպանիշադների, բրահմաների, Արտհաշաստրայի, ուղղափառ դպրոցների, միջնադարի, հինդուիստական և նոր շրջանի փիլիսոփայությունը:

Հնդկաստանի ժողովուրդների գենետիկայի և մարդաբանության հիմնահարցեր Հնդկական թերակղզում ապրող մեկ միլիարդ ժողովուրդների ծագումը երկար քննարկումների առարկա է միշտ եղել: Հնդկաստանի գենետիկ կառուցվածքը ներգաղթի ալիքների շնորհիվ բազմապատկեր է դարձել: Այս ալիքներից ամենավերջինը Արևմտյան Եվրասիայից հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդների ներգաղթն էր, որոնք տարածվեցին ամբողջ թերակղզով մեկ՝ միախառնվելով տեղաբնիկ դրավիդյան ժողովուրդների հետ՝ հետագայում ձևավորելով Հնդկաստանի կաստայական համակարգը, իրենց դասելով ամենավերևում:

Հնդկական թերակղզու ինտեգրացիոն գործընթացները Դասընթացը ուսումնասիրելու է Հնդկաստանի ինտեգրման գործընթացը, որը սկսվել է 1947թ.-ին՝ միավորելով տարբեր աշխարհագրական, տնտեսական, էթնիկ, լեզվական և կրոնական ծագում ունեցող ժողովուրդների՝ քաղաքական ընտրարշավների, ճկուն դիվանագիտության և ռազմական կոնֆլիկտների միջոցով:

Հնդկաստանը միջազգային հարաբերություններում Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Հնդկաստանի դերը միջազգային հարաբերություններում, Հնդկաստանի քաղաքական համակարգը, սահմանադրությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը:

Հնդկաստանի տնտեսության հիմնահարցեր Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն Հնդկաստանի տնտեսության հետևյալ կողմերը. Նախագծման և զարգացման պատմությունը, ֆինանսները, աղքատությունը, գործազրկությունն ու մարդկային զարգացումը, գյուղատնտեսությունը, գյուղական ծրագրերի զարգացումը, ուրբանիզացիան և գաղթը, արդյունաբերությունը, աշխատանքը, արտաքին առևտուրը, բանկային հարաբերությունները, գնաճը և այլն:

Հայ-հնդկական հարաբերությունների պատմություն Դասընթացի ընթացքում կուսումնասիրվի հայերի ու հնդիկների դարավոր տնտեսական, մշակութային և գիտական փոխհարաբերությունները, որոնք արտացոլված են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում պահպանվող բազմաթիվ ձեռագրերում:  

Ճանաչողության մեթոդոլոգիա Դասընթացը կվերլուծի, թե ինչպես նախագծել ճանաչողական գիտության վարքագծային ուսումնասիրությունը, ինչպես պետք է ընտրել ճիշտ հետազոտական մեթոդներ և ինչպես ձեռք բերել էմպիրիկ ուսումնասիրությունների քննադական գնահատման հմտություններ: Ինչպես նաև կբարելավվեն բանավոր և գրավոր ելույթներով հանդես գալու հմտությունները: Ինչպե՞ս պետք է գրել հոդված, աբստրակտ, բուն նյութ, եզրակացություն: Ի՞նչ պետք է հաշվի առնել հետազոտական աշխատանքներ կազմելիս, ինչպե՞ս դիմել գիտաժողովների, ի՞նչպես պատրաստել գիտաժողովի ելույթները և այլն:

Երկրագիտության մեթոդաբանություն և պատմություն Այս դասընթացը կօգնի ուսանողներին կազմել հետազոտության թեմաներ, տեսական խնդիրները կիրառել հետազոտական աշխատանքների մեջ: Ինչպե՞ս վարվել, որպեսզի մեր գաղափարները գործեն: Ինչպե՞ս կազմել սեփական նախագծերը: Ինչպե՞ս կապ ստեղծել տեսությունների և գործնական հետազոտությունների միջև:

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ընդունելության կարգը

Ովքե՞ր կարող են դիմել

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա կարող են ընդունվել բարձրագույն կրթության առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Լեզուների իմացությունը

Բոլոր դիմորդներից պահանջվում է ռուսերենի և արևմտյան լեզվի (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն) իմացություն: Ցանկալի է նաև արևելյան լեզվի (պարսկերեն, թուրքերեն, հինդի, արաբերեն) տիրապետումը, սակայն պարտադիր չէ:

Քննությունները

  • Ռուսերեն թելադրություն
  • Օտար լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) թեստ
  • Հարցազրույց

(Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները պետք է 1500-ական դրամ վճարեն:)

Պահանջվող փաստաթղթերը

    • Դիմում-հայտ (դիմորդները դիմում-հայտը լրացնելու են Հայ-ռուսական Համալսարանի մագիստրատուրայի բաժնում)
    • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ (պատճենները)
    • Բարձրագույն կրթության վկայական/դիպլոմ (պատճենը)
    • զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին
    • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
    • սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր
    • ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

      (Փաստաթղթերը անհրաժեշտ է հանձնել Հայ-ռուսական Համալսարանում:)

Դիմելու ժամկետները

Դիմելու 1-ին ժամկետը -  10.05.2017թ.-26.05.2017թ.  (ժամը՝ 10.00-16.00)

Դիմելու 2-րդ ժամկետը (լրացուցիչ ընդունելություն) – 21.08.2017թ. -28.08.2017թ. (ժամը՝ 10.00-16.00)

Քննությունները և հարցազրույցը կկազմակերպվեն 2017թ.-ի հունիսի 1-ին:

Անվճար և վճարովի ուսուցում

Ընդունելությունը կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ և վճարովի հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների քաղաքացիների համար ուսման վարձը կազմում է 500,000 դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝  750,000 դրամ:

Հետադարձ կապ

Էլ հասցե՝ indoiranicarau@gmail.com, oriental.studies.rau@gmail.com

Հեռ.՝ +374(10) 27-14-59, +374(10) 27-70-52

Կրթաթոշակային ծրագրեր

Հայ Օգնության Միություն 

Լավագույն ուսանող

ՀՕՄ-ի Միավորների ջանքերով 1995 թվականից մեկնարկել և առ այսօր շարունակվում է գործել «Լավագույն ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են հարյուրական ԱՄՆ դոլարի չափով պարգև:

Ծնողազուրկ երեխաների «Ուսանող» ծրագիր

«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող» ծրագիրը, որը գործում է 2009 թվականից:

(http://arsarmenia.org)

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։

Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։

(http://www.hovnanianfoundation.am/scholarships/)

Հայ կրթական հիմնարկություն

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

(http://aefweb.org/)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք․ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.

  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

(http://heh.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&lang=en)

Կարիերայի հնարավորությունները

Եթե արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատում ուսանողները կստանան բազմակողմանի կրթություն, ապա մագիստրատուրայի ընթացքում նրանց ուսումնասիրությունները կոնկրետ ուղղվածություն կունենան, որը հետագայում թույլ կտա նրանց նաև ընտրել իրենց կարիերայի զարգացման հետագա բնագավառը:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հմտությունները միշտ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Արևելյան լեզվի իմացությունը անհատական և ակադեմիական աճի համար կարևոր լինելուց զատ ուսանողներին միջազգային կարիերայի հնարավորություն է տալիս և նոր հեռանկարներ է ստեղծում նրանց համար: Բացի այդ միջմշակութային հաղորդակցության հմտությունը նույնպես մեծ պահանջարկ ունեն միջազգային աշխատաշուկայում:
Յուրաքանչյուր ուսանող ունի Արևելքին առնչվող հետաքրքրությունների շրջանակ, ուստի աշխատանքային բնագավառները կարող են այնքան բազմազան լինել, որքան ուսանողների հետաքրքրությունները:
Շրջանավարտները կարող են գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ակադեմիական, արվեստի և մշակույթի, խորհրդատվության, դիվանագիտության, լրագրության, գովազդի և մարքեթինգի, քաղաքականության, հանրային ծառայության, տուրիզմի, առևտրի, թարգմանության և վերլուծության ասպարեզներում, ֆինանսական կազմակերպություններում և բանկերում, միջազգային կազմակերպություններում:

Արևելագիտությունը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում

Հասարակական գիտությունների մեջ Արևելագիտությունը բացառիկ է այն առումով, որ ուսանողներին ծանոթացնում է մշակույթի և քաղաքակրթության հետ, որը սովորաբար չի կազմում հայկական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի մաս: Ծրագիրն ընդգրկում է լեզվաբանություն, գրականություն, պատմություն և մշակույթ, բացի այդ լայն հնարավորություններ են ընձեռված այնպիսի ոլորտների ուսումնասիրության համար, ինչպիսիք են` արվեստը, հնագիտությունը, փիլիսոփայությունը, կրոնը, ժամանակակից հասարակական գիտությունները և այլն: Ծրագիրը նաև կարող է հիմք հանդիսանալ տնտեսագիտության, իրավունքի, քաղաքագիտության, գովազդի ասպարեզում աշխատել ցանկացողների համար՝ նրանց թույլ տալով զուգահեռ ուսումնասիրել առաջավորասիական լեզուներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, հինդի):

Արևելքի մասին լուրերն այսօր գերակշռում են մեր տեղեկատվական դաշտում, իսկ արևելյան լեզուներն ու մշակույթը կազմում են մեր պատմության ու մշակույթի կարևոր մասը: Հայ-ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը (ֆակուլտետը) ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ժամանակակից ամենապահանջված գիտություններից մեկը` միաժամանակ նրանց ծանոթացնելով աշխարհի ամենագեղեցիկ գրականությանը, կրոններին, քաղաքակրթությանը, մշակույթին: Արևեալագիտությունը ակադեմիական կարևոր ճյուղ է, որը միջազգային ասպարեզում ունի մեծ քաղաքական, տնտեսական և մշակութային դեր:

Similar Opportunities


Disciplines

Asian Studies

Culture

Eurasian Studies

History

Islamic Studies

Languages

Linguistics

Religious Studies

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Armenia