ARMACAD  Follow

Ծրագրավորողի աշխատանք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում 2017

Publish Date: Oct 18, 2017

Deadline: Oct 25, 2017

ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնադիրներ Խաչիկ Գևորգյանը (CEO) և Տիգրան Պետրոսյանը (CTO) փնտրում են ԱՐՄԱԿԱԴում երջանկությունն և դժբախտությունը, հաջողություններն ու անհաջողությունները, շահույթն ու պարտքերը նրանց հետ կիսող, բանիմաց, ուրախ, զվարթ և կայտառ ծրագրավորողի, ով PHP և հարակից լեզուների ու հմտությունների գիտակ է և կարողանում է իսպալնյատ անել (ժողովուրդ ջան, այս բառը որպես կատակ ենք այստեղ դրել, խնդրում ենք թեթև տանել ու չգրել, վաաաայ, մի հատ նայեք էս ինչ բառ են օգտագործել աշխատանքի հայտարարության մեջ) առավոտից մինչև ուշ գիշեր։

Անկախ մասնագիտական որակներից, տվյալ անձնավորությունը պետք է առաջին հերթին կարողանա սիրել կազմակերպության հիմնադիր Խաչիկի բազմաթիվ հարցերը, քսանչորսժամյա հեռախոսազանգերը, ցուցումները, պահանջները և բոլոր այլ աշխատանքային, բայց աշխատանքային բռնություն չհանդիսացող դրսևորումները և իհարկե ոչ թե սուս ու փուս կատարի մյուս հիմնադիր Տիգրանի հանձնարարություններն ու անմռունչ ենթարկվի նրան, այլ բարեկրթության շրջանակներում

մեզ հետ վիճի՛,
մեզ չզիջի՛,
համբերատար մեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ մեզ համոզի
ինքը… հզոր Ծրագրավորողը…

և արդյունքում, կատարելով հանձնարարությունը, օգնի թիմին հասնել ամենաճշմարիտ որոշմանը՝ չխախտելով սահմանված աշխատանքային գրաֆիկը։

Ավելին՝ եթե մի բանի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ապա այդ պայմանավորվածությունը պետք է ամեն գնով կատարել, հակառակ պարագայում ԱՐՄԱԿԱԴի նախագծերի ղեկավար Քրիստինեն հարձակվողական տրամադրությամբ կկանչի հաշվետու լինելու։ Էլ չենք խոսում մեր Ջուլիի մասին, ով կարող է ամբողջ օրը ձայն չհանել, բայց վերջում մի այնպիսի հումոր անել, որ աշխատանքը չկատարած անձնավորությունն իսկույն հասկանա իր տեղն ու ով լինելը։ Ուրեմն, նշանակում է, հումոր ունենալը, հումոր սիրելը, հումորով լինելը նույնպես անհրաժեշտ է այս աշխատանքի համար։

Այս ամենն իրականում այդքան էլ կարևոր չէ, քանի որ մեր նոր ծրագրավորողը պետք է պատրաստ լինի գարեջրի ու թթի օղու ընկերակցությամբ (որևէ կերպ խմելը պարտադիր պայման չէ և մենք չենք խրախուսում հարբեցողությունը, այստեղ կարևորը «ընկերակցություն» բառն է) քննարկել կյանքի իմաստն ու ԱՐՄԱԿԱԴ կազմակերպության զարգացման հեռանկարները և ի սկզբանե հասկանալ, որ միայն միասին կարող ենք ԱՐՄԱԿԱԴը դարձնել մի այնպիսի կազմակերպություն, որի ծառայություններից կօգտվեն աշխարհի բոլոր համալսարանները։

Իսկ ի՞նչ է ԱՐՄԱԿԱԴը։ ԱՐՄԱԿԱԴը համալսարանների համար այնպիսի լուծումներ է ստեղծում, որոնք օգնում են կրթաթոշակների, կրթական ծրագրերի, ամառային դպրոցների ու գիտաժողովների մասին հայտարարությունները ոչ միայն հասցնել թիրախային լսարանին, այլ նաև հրապարակած հայտարարությունների տեքստերից ստանալ այնպիսի վիճակագրական ու վերլուծական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելացնել դիմորդների քանակն ու դեպի դրականը փոփոխել համալսարանի կրթական քաղաքականությունը։

Հետևաբար մեր նոր ծրագրավորողը պետք է ոչ միայն տիրապետի, PHP, JavaScript, MySQL ու հարակից բազմաթիվ այլ լեզուների ու ծրագրերի, այլև ունենա արագ կողմնորոշվելու ունակություն, կարողանա անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ամազոնենց հետ, զանգել Գուգլենց, գրել Գոդեդիենց, Մեյլչիմփենցից զեղչեր ստանալ, տիրապետի առցանց վճարային համակարգերին, կարողանա armacad.info կայքին ինտեգրել բազմաթիվ այլ հարակից ծրագրեր և այլն։

Մեր ապագա ծրագրավորողը պետք է ունենա բիզնես մտածողություն, հասկանա ու սիրի վաճառքների գործընթացին, չնայած այս ամենով անմիջականորեն չի զբաղվելու։

Մենք փնտրում ենք մարդու, ով ինքնամոռաց կնվիրվի ԱՐՄԱԿԱԴին ու մեր թիմի հետ համատեղ կկարողանա հաջողության հասնել։

Ի դեպ, դիմողի կրթությունը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, քաղաքացիությունը, ազգությունը, սեռական կողմնորոշումը, տարիքն ու մաշկի գույնը որևէ նշանակություն չեն ունենալու ընտրության ժամանակ։

Աշխատանքը լինելու է Երևանում, գրասենյակային ու ամբողջական դրույքով։

-----------------------------------------------

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։

Դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կանաչ կոճակի վրա, եթե գրանցված չեք, գրանցվել, մուտք գործել համակարգ, Cover Letter հատվածում գրել ներքևում տեղադրված 3 հարցերի պատասխանները (խնդրում ենք անպայման պատասխանել հարցերին), այնուհետև սեղմել Attach your CV և .doc կամ .pdf ֆորմատով կցել ձեր CV-ն։ Այնուհետև պետք է սեղմել SAVE AS DRAFT ու եթե ամեն ինչ կարգին է, ապա սեղմել SUBMIT APPLICATION և մենք կստնանք ձեր դիմումը։ 

Դիմումը լրացնելիս յուրաքանչյուր հարցի դեպքում առավելագույնը տասը տողի սահմաններում (որքան կարճ ու իմաստալից այնքան լավ) խնդրում ենք պատասխանել հետևյալ 3 հարցերին.

ՀԱՐՑ 1. խնդրում ենք բացատրել թե ի՞նչ հմտություններ ու փորձ ունեք ծրագրավորման ոլորտում, ի՞նչ եք ստեղծել ու ի՞նչ եք ոչնչացրել։

ՀԱՐՑ 2. Մենք հասկանում ենք, որ այս պահին մեր ունեցած APPLY ONLINE համակարգը բավականին վատն է։ Մեզ մոտ աշխատանքի անցնող ծրագրավորողի առաջին հանձնարարություններից մեկը լինելու է հենց այդ համակարգի գժական ձևավորումն ու ծրագրավորումը, այնպես, որ հնարավոր լինի ցանկացած հայտարարության համար ստեղծել անհրաժեշտ դաշտերով համապատասխան դիմումի ձև։ Խնդրում ենք համառոտ ներկայացնել, թե ինչպե՞ս եք ստեղծելու այդ նոր համակարգը։

ՀԱՐՑ 3. Ո՞րն է Հայաստանում այն տեխնոլոգիական ընկերությունը, որտեղ երազում եք աշխատել։ Ինչու՞։

Similar Opportunities


Disciplines

Entrepreneurship

Programming

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia