Երկրորդ շանս նախագիծ - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ էսսեների մրցույթ

Publish Date: Mar 28, 2016

Deadline: Apr 10, 2016

Մեդիամաքսը հայտարարում է էսսեների մրցույթ, որի համար առաջարկվում է երկու թեմա։

1.    «Մենք հաղթել ենք․ օգնենք մյուսներին էլ հաղթել»

Կարո՞ղ է ընդամենը 25 տարի առաջ իր անկախությունը վերականգնած Հայաստանը օգնել մյուսներին։

Հայ խաղաղապահները Աֆղանստանում, հայ փրկարարները երկրաշարժից տուժած Վանում՝ քաղաքական կոռեկտության տո՞ւրք են, թե՞ օգնելու անկեղծ ցանկություն։

Հայազգի ֆրանսիացի գիտնականը, որը գնացքում վնասազերծեց ահաբեկչին, համազգային հպարտության օրինա՞կ է, թե՞ հայերը, ինչպես միշտ, չափազանցնում են։

Պե՞տք է արդյոք հայերն օգնեն Իրաքում «Իսլամական պետության» գործողությունների հետեւանքով տուժած եզդիներին։

2.     «Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը»

Մենք իսկապե՞ս կորցրել ենք Հայկական աշխարհը եւ մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը:

Ի՞նչն է ժամանակակից աշխարհում որոշում մարդու պատկանելությունը հայ ազգին, ի՞նչ հնարավորություններ է դա ընձեռնում կամ ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում։

Ինչպիսի՞ն է լինելու Սփյուռքը 20 կամ 30 տարի անց։ Ի՞նչն է միավորելու մեզ․ անկախ հայկական պետությո՞ւնը, Արեւմտյան Հայաստանի մասին երազանքնե՞րը, հայոց լեզուն ու մշակո՞ւյթը, թե՞ քրիստոնեական արժեքները։

Էսսեների հեղինակները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն առ այն, թե ինչպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայերը կարող են երկխոսություն հաստատել միմյանց միջեւ եւ դառնալ Հայկական աշխարհի նյութական եւ ոչ նյութական ահռելի ժառանգության իրական տերերը։ 

Պայմաններ

Նախագծին կարող են մասնակցել 18-40 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Կարող են մասնակցել նաեւ Հայաստանում հատուկ կացության կարգավիճակով բնակվող հայերը։

Էսսեի առավելագույն ծավալը 800 բառ է։ Նշված ծավալը գերազանցող էսսեները նախագծին չեն մասնակցի։

Էսսեներն ընդունվում են հայերենով։ Միայն բացառիկ դեպքերում էսսեները կարող են  ընդունվել ռուսերեն ու անգլերեն լեզուներով:

Նախագծի անցկացման ժամկետն է մարտի 21-ից մինչեւ ապրիլի 10-ը (ներառյալ)։

Նախագծի հաղթողը կհայտարարվի ապրիլի 15-ին Mediamax.am կայքում։ Նախագծի հաղթողը կստանա դրամական պարգեւ՝ 1 000 000 դրամի չափով։

Հաղթողին ընտրելու է Մեդիամաքսի եւ 100LIVES նախագծի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։

Այն դեպքում, եթե չի հաջողվի ընտրել բացարձակ հաղթողին, հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում մի քանի մասնակիցների հրավիրել հարցազրույցի, որի արդյունքում կարող է որոշում կայացվել դրամական պարգեւը մի քանի մասնակցի միջեւ բաշխելու մասին։

Հանձնաժողովը նաեւ իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել լրացուցիչ պարգեւի/պարգեւների շնորհման մասին։ Նման որոշման դեպքում լրացուցիչ պարգեւի/պարգեւների մասին կհայտարարվի առանձին։

Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված էսսեների իրական հեղինակները։ Հեղինակային իրավունքի խախտման բացահայտման դեպքում մասնակիցը որակազրկվում է։

Ներկայացված էսսեները չպետք է պարունակեն բացահայտ քաղաքական կոչեր եւ ցուցադրեն հեղինակի հնարավոր քաղաքական կամ կուսակցական պատկանելությունը։ Այս պայմանին չհամապատասխանող էսսեները չեն մասնակցելու նախագծին։

Նախագծի ընթացքում էսսեները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ բաժնում՝ բացի այն աշխատանքներից, որոնք․

- չեն համապատասխանում կազմակերպիչների ներկայացված թեմաներին;
- պարունակում են վիրավորական եւ այլ արտահայտություններ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը։

Հեղինակները պետք է ուղարկեն էսսեները contest@mediamax.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայում նշելով «Երկրորդ շանս»։ Էսսեին հեղինակները պետք է կցեն իրենց անձնագրի սքանավորված տարբերակը, լուսանկարը (էսսեի հետ կայքում հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալները։ Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ուղարկված էսսեները չեն ընդունվելու։

Յուրաքանչյուր հեղինակ կարող է էսսե ներկայացնել միայն մեկ թեմայով։


This opportunity has expired. It was originally published here:

http://www.mediamax.am/am/news/second_chance/17301/

Similar Opportunities


Opportunity Types

Competition

Prize

Host Countries

Armenia