Գիտաժողով/հայտերի կանչ - Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր), 10-12 սեպտեմբեր 2018, Երևան

Publish Date: Jan 22, 2018

Deadline: Apr 10, 2018

Event Dates: from Sep 10, 2018 12:00 to Sep 12, 2018 12:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ. 30 ՏԱՐԻ ԱՆՑ(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ, ԴԱՍԵՐ)»

2018 թ., սեպտեմբերի 10-12

2018 թ. սեպտեմբերի 10-12-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» խորագրով միջազգային գիտաժողով։

1980-ական թվականների կեսերին ԽՄԿԿ ղեկավարության կողմից հռչակված վերակառուցման, ժողովրդավարացման և հրապարակայնության քաղաքականությունը Հայաստանի պարագայում մի քանի տարի անց դրսևորվեց այսպես կոչված «Ղարաբաղյան շարժմամբ», որը հանգեցրեց հեղափոխական բնույթի վերափոխումների հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում։ Շարժման սկիզբը պայմանավորված էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայաբնակ ինքնավար մարզի բնակչության պահանջով մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու։ Ընդ որում, որպես հիմնական փաստարկ առաջ էր քաշվում Ստալինի ճնշմամբ պատմականորեն անարդարացի որոշման ընդունումը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան տարածաշրջանային միավորի կողմից։ 1988 թ. փետրվարին Երևանում սկսվեցին զանգվածային հավաքներ, որոնք ժամանակ անց, ընդգրկելով հայաստանյան հասարակության ամենալայն շերտեր, հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988 թ. փետրվար – 1990 թ. օգոստոս) ձևակերպմամբ։ Շարժման քննությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան պրոբլեմը՝ լինելով Շարժման քաղաքական գերխնդիր, հաճախ լոկ ֆոն էր ծառայում հայաստանյան հասարակությանը հուզող շատ այլ կենսական խնդիրների վերհանման և լուծման ուղիների որոնման հարցում։ Շարժմամբ առաջ քաշվող խնդիրների լուծման հարցում միմյանց զուգահեռ, իրար մեջ սերտաճած ընթանում էին երկու հիմնական ուղղություններ՝ ազգային-ազատագրական պայքարի և ժողովրդավարական վերափոխումների իրականացման։ Աստիճանաբար պարզ էր դառնում, որ ազգային-ազատագրական պայքարի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաջողությունը կարող է պայմանավորված լինել միայն դեմոկրատական վերափոխումների ճանապարհին ունենալիք ձեռքբերումներով։  

Քանի որ Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից, այն որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող և իր ձևավորման առաջին իսկ օրերից ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։

Շարժման կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ 1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերը, գործադուլները, նստացույցերն ու հացադուլներն էին։ Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության: 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։

Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Շարժման ժամանակ էր, որ սկսվեց անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման, ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի, հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման, ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման և ինքնության այլ ձևափոխումների մեջ։ Այսինքն, արտաքին և ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։

Գիտաժողովում ենթադրվում է քննարկել հետևյալ խումբ հարցերը.

1. Շարժումը Հայաստանում և Շարժումը Ղարաբաղում (օրինակ՝ Շարժման ձևավորման ընթացքը, բաղկացուցիչ մասերը, դրսևորման ձևերը, էկոլոգիական շարժում, սահմանադրական խմբեր և այլն)։

2. Շարժման մասնակիցները/ակտորները (օրինակ, «Ղարաբաղ» կոմիտե, «փոքր» Ղարաբաղ կոմիտեներ, Ավագների խորհուրդ, «Կռունկ» կոմիտե, Տնօրենների խորհուրդ, երևացող ու չերևացող կերպարները)։

3. Շարժման մշակութաբանությունը (օրինակ, Շարժումը ազգագրագետի տեսանկյունից, Շարժման վիզուալ մարդաբանությունը, ֆոլկլորը, Շարժումը և ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունը և այլն)։

4. Շարժումը Երևանում/Ստեփանակերտում և շրջաններում։

5. «... и вокруг него» (օրինակ, Կրեմլը/Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը, ադրբեջանական արձագանքները Շարժմանը)։

6. Շարժումը ԽՍՀՄ տարածքում ընթացող այլ ժողովրդավարական շարժումների և Արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում։

7. Շարժումը գրականության և արվեստի մեջ (գեղարվեստական գրականություն, մամուլ, հրապարակախոսություն, օրագրեր և հուշագրություններ, նամականի, պլակատային արվեստ, լուսանկարչություն, կինո և այլն)։  

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. ապրիլի 10-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գիտական կոչում), զեկուցման վերնագրով ու մինչև 300 բառ ամփոփագրով, պետք է ուղարկել hmarutyan@yahoo.com էլեկտրոնային հասցեին։

Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2018 թ. ապրիլի 30-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. հուլիսի 2-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն ժողովածուով գիտաժողովից հետո։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Երևան, 0025, Չարենցի 15), Հարություն Մարությանին. hmarutyan@yahoo.com կամ +374 10 55 67 97 (աշխ.), +374 91 65 86 76 կամ +374 77 65 86 76 հեռախոսահամարներով։

Գիտաժողովի կազմակերպական հանձնախումբը արտասահմանյան մասնակիցների ճամփորդական ծախսերը չի հոգալու, փոխարենը կփորձի օժանդակել կեցության հարցերում (հյուրանոց, վարձով սենյակ կամ բնակարան)։

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Caucasian Studies

Conflict Studies

History

Middle Eastern Studies

Peace Studies

Opportunity Types

Financial aid

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers