«Մի խաչքարի պատմություն» լուսանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառք Երևանում

Publish Date: Jun 30, 2016

Event Dates: from Jul 24, 2016 04:00 to Jul 25, 2016 12:00

«Մի խաչքարի պատմություն» կամ “Khachkar-History & Story” լուսանկարների ցուցահանդես

Հուլիսի 24-ին և 25-ին Նկարիչների տանը տեղի է ունենալու արաբ լուսանկարիչ Ռամի Իսսեռի՝ «Մի խաչքարի պատմություն» կամ “Khachkar-History & Story” խորագրով լուսանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսը կբացվի հուլիսի 24-ին՝ ժամը 16:00-ին: Մուտքն ազատ է:

Խորագիրը

Խաչքարը հայկական մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն է: Ու թեև այն ինքնին եզակի է որպես արվեստի նմուշ, այդուհանդերձ Հայաստանի տարբեր շրջաններում դրանց ձևն ու կառուցվածքը տարբերվում են: Նույնիսկ նույն շրջանում՝ ընտանիքից ընտանիք երբեմն կարող ենք հանդիպել չափազանց տարբեր խաչքարերի:

Առաջին խաչքարերը վերագրվում են հայ միջնադարյան մշակույթին: Դրանք  շատ պարզ տեսք ունեին: Ժամանակի ընթացքում խաչքարերը հղկվեցին, ավելի գեղեցիկ տեսք ստացան  և դարձան քարե անկրկնելի կոթողներ: Իսկ այն հոգևոր ուժը, որ ուներ հայ ժողովուրդը, և այն հավատը, որով նա կերտում էր այս հիասքանչ հուշարձանները, հոգի տվեց քարին:

Քարե այս կենդանի կոթողներն էլ խոր ազդեցություն ունեցան լուսանկարիչ Ռամի Իսսեռի վրա և ստիպեցին նրան շարունակել ուսումնասիրել, սերտել ու հասկանալ խաչքարի պատմությունն ու կառուցվածքը: Լուսանկարիչը իր ուսումնասիրությունների հիման վրա, չլինելով ոչ պատմաբան և ոչ էլ քանդակագործ, լուսանկարչի աչքով տվեց հայաստանյան խաչքարերի իր սեփական դասակարգումը՝ առանձնացնելով խաչքարի վեց տեսակ Հայաստանում: Ռամին ստեղծեց լուսանկարների յուրօրինակ հավաքածու՝ նվիրված հայկական խաչքարերին:

«Հայաստանում հանդիպում է խաչքարի վեց տեսակ,որոնք որքան որ տարբեր են միմյանցից, այնքան էլ նման են: Նրանց միավորում է հայի մեկ ու միասնական աղոթքը»:                                                                                          Ռամի Իսսեռ

Լուսանկարչի մասին

Լուսանկարիչ Ռամի Իսսեռը ծնվել է 1974 թ. հունիսի 6-ին Ամմանում (Հորդանան): Շատ տարբեր նախասիրությունների տեր (խոհարարությունից մինչև մոտոցիկլետներ ու սենսոլա երաժշտական  յուրահատուկ գործիք նվագելը) լուսանկարիչն  արդեն իսկ Հայաստանին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներով հանդես է եկել Փարիզում, Հռոմում, Աթենքում, Դուբայում, Բեյրութում: Հիմնականում  զբաղվում է փաստավավերագրական լուսանկարչությամբ:

Հալեպի համալսարանում ուսանելու տարիներին, երբ առաջին անգամ հանդիպեց հայի՝ Հասմիկ անունով մի կնոջ, ում հետո սկսեց անվանել Հասմիկ մայրիկ, բնավ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանին նվիրված լուսանկարների  իր  շարքով ներկայանալու է աշխարհին: Լուսանկարիչը այս տարվա հունվարից նաև հայերեն է սովորում և արդեն իսկ բավական լավ արդյունքներ է գրանցել:

2015թ.մայիսին Հայաստան կատարած առաջին այցը ստիպեց նկարչին նորից ու նորից վերադառնալ այս երկիր: Առաջին ցուցահանդեսը Երևանում տեղի ունեցավ 2015 թ. դեկտեմբերին՝ «Լույսեր Երևանից» խորագրով:

Լուսանկարչի թվով երկրորդ ցուցահանդես-վաճառքը Երևանում կայանալու է հուլիսի 24-ին և 25-ին Նկարիչների տանը: Այս անգամ այն նվիրված է հայկական խաչքարերին և կրում է  «Մի խաչքարի պատմություն»կամ  «Khachqar-History and Story» խորագիրը: Լուսանկարներից ստացված ողջ հասույթը ուղղվելու է բարեգործության։ Ցուցահանդես-վաճառքն այս անգամ ներառում է քառասուն լուսանկար: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել է Հորդանանում գործող «Սպիտակ» ստուդիան:

Լուսանկարը՝ Ռամի Իսսեռի

Similar Opportunities