Russian - Armenian University  Follow

Իրանագիտության մագիստրոսական ծրագրի ընդունելություն 2017, Հայ-Ռուսական Համալսարան

Publish Date: Apr 04, 2017

Deadline: May 26, 2017

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան

Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2017-2018թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է մագիստրատուրայի ընդունելություն Հնդկագիտություն և Իրանագիտություն ուղղություններով:
Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան երկամյան ծրագիր է, որը ձեզ հնարավորություն կտա հետազոտել արևելյան ժողովուրդների պատմությունը, լեզուն, մշակույթը և աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող տարածաշրջանի ժամանակակից դրսևորումները: Այստեղ ուսանողները կարող են մասնագիտանալ իրենց հետաքրքրությունների լայն շրջանակը արտացոլող ոլորտներում: Այս հանգամանքը թույլ է տալիս ծրագրում ներառել ուսանողների, ովքեր ունեն բակալավրիատի կրթություն զանազան ասպարեզներում:
Մագիստրոսական ծրագրի ուսանողները կկարողանան վերլուծել Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հնդկական թերակղզու, Կովկասի հասարակական, մշակութային, քաղաքական զարգացումները, կսահմանեն դրանց պատճառներն ու հետևանքները, կառաջարկեն լուծումներ, ինչպես նաև կբացահայտեն տարածաշրջանի ապագա միտումներն ու զարգացումները, ձեռք կբերեն միջդիսցիպլինար և բազմամշակութային ոլորտներում աշխատելու ունակություն:

Իրանագիտության մագիստրոսական ծրագրի նկարագրություն

Իրանագիտության մագիստրատուրայում սովորող ուսանողները ձեռք կբերեն իրանական ժողովուրդների մշակույթի, պատմության, գրականության, կրոնների և այլ ասպարեզների շուրջ գիտական հետազոտություններում ժամանակակից գիտական մեթոդներն ու տեսությունները կիրառելու մեծ հմտություններ: Ավարտելով ծրագիրը ուսանողները նաև կկարողանան գնահատել իրանական հասարակության տնտեսության և մշակույթի պատմական զարգացումը հսկայական արևմտաասիական տարածքներում:
Միջդիսցիպլինար ուսումնական ծրագիրը կհարստացնի ուսանողների գիտելիքները ժամանակակից Իրանի և տարածաշրջանի կրոնական և քաղաքական-մշակութային ազդեցությունների վերաբերյալ: Ուսանողները պատկերացում կկազմեն Իրանի մասին՝ քաղաքական, սեռակային խտրականության, իսլամի, երաժշտության, արտագաղթի համատեքստում, ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի նաև պարսկերեն և իրանական գրականություն: Ուսանողները կուսումնասիրեն նաև Իրանն ու Աֆղանստանը ավելի լայն՝ Մերձավոր և Միջին Արևելքի համատեքստում՝ ուշադրություն դարձնելով Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Պարսից ծոցի այլ երկրների հետ հարաբերություններին:

Իրանագիտության մագիստրատուրայի ծրագիրը

Պարսկերեն Երկամյա դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն դասական և ժամանակակից պարսկերեն գրականություն, հասարակական, քաղաքական, պատմական, տնտեսական բնույթի տեքստեր, կկատարեն թարգմանություններ պարսկերենից հայերեն և հակառակը:

Քաղաքական  տեքստերի թարգմանություն Այս դասընթացի նպատակը քաղաքական տեքստերի թարգմանության միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունն է: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի Իրանի քաղաքական մտքին՝ հին ժամանակներից մինչև այսօր:

Իրանական լեզուներ. պատմական ակնարկ Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հին, միջին և նոր շրջանի իրանական լեզուները, իրանական լեզուների և բարբառների դասակարգումը` ըստ  տարածական և ժամանակային հատկանիշի, նրանց միջև եղած փոխհարաբերություններն ու զարգացումները:

Ժամանակակից պարսկերենի տեսական քերականություն Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից պարսկերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը` համեմատություններ կատարելով հին պարսկերենի, միջին պարսկերենի, դասական պարսկերենի քերականական համակարգի հետ:

Արաբապարսկական աղբյուրներ Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին արաբապարսկական գրականությանը, որը հետագայում աղբյուր կծառայի դասական շրջանի արաբական և պարսկական մշակույթների ուսումնասիրության համար:

Իրանական գրականության հիմնահարցեր Դասընթացի ընաթացքում ուսանողներն ուսումնասիրելու են իրանական գրականության ժամանակակից փուլը, արևմտյան գրականության ազդեցությունը իրանական գրականության վրա, այնտեղ արծարծվող սոցիալական  և քաղաքական հարցերը:

Տեղանունները որպես պատմական աղբյուր Տեղանվանագիտությունը տեղանունների ուսումնասիրությունն է` ստուգաբանական, պատմական և աշխարհագրական փաստերի հիման վրա: Այն  բաժանում է տեղանունները երկու մասի` բնականուններ և հատկանիշը որպես հիմք ունեցող տեղանուններ: Բնականունների մեջ մտնում են գյուղերի, քաղաքների անունները, որոնք սովորաբար փոփոխության չեն ենթարկվում հիմնադրումից սկսած: Հատկանշային անուններ, որոնց հիմքում ընկած է տեղանվան ֆիզիկական հատկանիշը` հիդրոնիմներ, օրոնիմներ, բուսանուններից կազմված տեղանուններ:

Միջնադարյան ճանապարհորդները Իրանի մասին Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են տարբեր եվրոպացի ճանապարհորդների գրությունները, ովքեր  ճանապարհորդել են Իրան տարբեր նպատակներով` առևտրական, դիվանագիտական, կրոնական ուխտագնացության: Նրանց ճանապարհորդական օրագրերը հսկայական տեղեկություններ են պարունակում իրանական ժողովուրդների կենցաղի, մշակույթի, վարք ու բարքի մասին:

Անտիկ և միջնադարյան Իրանի հիմնահարցեր Դասընթացն ուսումնասիրում է Իրանի պատմության հին և միջին շրջանները` սկսած Զրադաշտ մարգարեի ուսմունքներից մինչև Սասանյան կայսրություն: Ուշադրություն է դարձվելու մինչիսլամական Իրանի պատմության երկու հիմնական կայսերական շրջաններին` Աքեմենյանների և Սասանյանների պատմությանը:

Իրանալեզու տարածքների պատմական աշխարհագրություն Իրանական լեզուները տարածված են ոչ միայն Իրանում, այլև Աֆղանստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Կենտրոնական Ասիայի տարածքում, Մերձավոր Արևելքում և Կովկասում: Դասընթացը նախատեսում է ուսումնասիրել բոլոր իրանալեզու տարածքների մշակութային, լեզվական, կրոնական առանձնահատկությունները:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Իրանի նկատմամբ Դասընթացի ընթացքում կուսումնասիրվի Ռուսաստանի քաղաքականությունը Իրանի նկատմամբ` Սեֆյան շրջանից սկսած մինչև ժամանակակից փուլ` քննելով էներգետիկ, անվտանգության, համագործակցության,  տարածաշրջանային հարցեր:

Իրանի անվտանգության հարցերն ու կոնֆլիկտները Իրանը հսկայական տարածք ունեցող, ամուր ազգային ինքնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և ավանդույթներով երկիր է: Իրանի Իսլամական Հանրապետության համար նրա անվտանգության հարցը լայն հայեցակարգ է: Դասընթացը կուսումնասիրի քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական գործոնները, որոնք ձևավորում են Իրանի բազմակողմանի մոտեցումը ազգային անվտանգության հարցին:

Իրանի քաղաքական մտքի պատմություն Այս դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի իսլամական քաղաքական մտքի զարգացմանը միջնադարյան շրջանից ժամանակից շրջան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի քաղաքական մտքին: Թեմաները կներառեն քաղաքական կարգի ստեղծումը, ընթացակարգային և սուբստանտիվ արդարության միջև հարաբերությունները, մարդու իրավունքները, հավասարությունը, պատերազմը և ժողովրդավարությունը: Ինչպես նաև դասընթացը կուսումնասիրի նավթային քաղաքականության ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա: Կվերլուծվեն նավթի, արտաքին միջամտության, նացիոնալիզմի, ժողովրդավարության և կրոնի միջև եղած կապերը:

Հայ-իրանական հարաբերությունների պատմություն Հայ-իրանական հարաբերություններն ունեն 2500-ամյա պատմություն:  Հետաքրքիր է, որ «հայ» էթնոնիմն առաջին անգամ վկայված է Աքեմենյան արքա Դարեհ Մեծի Բեհիսթունյան արձանագրության մեջ: Մինչ 19-րդ դարի սկիզբը Երևանի խանությունը Պարսկաստանի մի մասն էր կազմում: Սկսած 1992թ.-ից մինչ ասօր Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված են ամուր դիվանագիտական կապեր: Դարեր շարունակ հայերն ու իրանցիները պաշտում էին միևնույն աստվածներին, իսկ արքայական դինաստիաները կիսում էին միևնույն սովորույթները:

Մերձավոր և Միջին Արևելքում էթնիկ կազմավորման գործընթացները Այս դասընթացը ուսումնասիրում է հնագույն Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդներին և նրանց շուրջ կատարված իրադարձությունները, ինչպես նաև Միջագետքի, Եգիպտոսի, Քանանի, Իսրայելի մշակութային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

Քրդերի պատմության որոշ հիմնահարցեր Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քրդերի պատմությունը և դրա քաղաքական զարգացումը, քրդերի սոցիալական կառուցվածքը, քրդական նացիոնալիզմը, քաղաքական կուսակցությունների ձևավորումը, նրանց ինքնությունը,  քաղաքական տնտեսությունը, տարածաշրջանային հարաբերությունները, միջազգային հարաբերությունները:

Կենտրանական Ասիայի և Աֆղանստանի էթնոլեզվական պատկերը Աֆղանստանը գտնվում է Իրանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի խաչմերուկներում. բացառիկ աշխարհագրական դիրք, որն արտացոլովում է այս երկրի էթնոլեզվական պատկերի մեջ: Այս տարածքում խոսում են 30 լեզուներով և բարբառներով, որոնք պատկանում են երեք լեզվաընտանիքների` Հնդեվրոպական, Թուրքական և Դրավիդյան: Հիմնական լեզունեը փաշտոն և դարին են:

Իրանի հյուսիսարևմտյան և մերձկասպյան շրջանների էթնոլեզվական պատկերը Դասընթացի ընթացքում քննության են առնվելու հետյալ իրանական բարբառները. թալիշները, թաթերենը և ազարին, գիլաքին, մազանդարանին, զազան և գուրանին (ներառյալ ավրոմանին), Դաշթ-ե Քավիրի հյուսիսում տարածված մի քանի բարբառներ, այդ թվում` սեմնանին, և կենտրոնական բարբառները, որոնք ընկած են Համդանի, Դաշթ-ե Քավիրի, Քաշանի և Իսֆահանի միջև:

Իրանական ազգագրության հիմնահարցեր Դասընթացի ընթացքում նախատեսված է իրանական ժողովուրդների կյանքի ու կենցաղի, վարք ու բարքի, նրանց վերաբնակեցման, մշակութային և պատմական փոխհարաբերությունների դիտարկում և դրանց հետագա վերլուծություն՝ օգտագործելով վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը:

Իրանական էթնիկ տարրը Կովկասում Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են Կովկասի իրանական ծագում ունեցող ժողովուրդների` օսերի, քրդերի, թալիշների, թաթերի մշակույթը, կենցաղը, պետական և քաղաքական խնդիրները,  լեզուները:

Իրանալեզու տարածքների պետության և ցեղային հարաբերությունները Որպես ինքնության և քաղաքական լոյալության ու վարքագծի հիմք, ցեղը հիմնված է ազգակցական կապերի վրա, իսկ պետությունը հիմնված է որոշակի տարածքում ապրող մարդկանց հավատարմության վրա՝ անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նրանք միմյանց հետ: Աշխատանքի բաժանումը ցեղային մոդելում «բնական» է, իսկ պետական մոդելում այն ավելի բարդ է: Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն իրանալեզու տարածքներում այս երկու մոդելների միջև եղած հակադրությունները, նրանց բախումը միմյանց և սոցիալական իրականության հետ:

Օսերի պատմության և մշակույթի հիմնահարցեր Օսերը իրանական ժողովուրդների սկյութասարմատական խմբի ժառանգներն են: Նրանք հանգում են ալաններին, որոնք մ.թ. 1-ին դարում  ստեղծեցին թագավորություն Կովկասի հյուսիսում, որը գոյություն ուներ մինչ 13-14-րդ դարերը՝ մինչ մոնղոլական և թիմուրյան արշավանքները: Նրանք աշխարհին հայտնի են վրացական «օս» էկզոնիմով:

Օսերենի իմացությունը շատ կարևոր է ոչ միայն իրանական լեզուների համեմատական լեզվաբանության համար, այլև կովկասյան լեզվական շրջանի լեզվական առնչությունների տիպաբանության համար: Շատ կարևոր է նաև օսերի մշակութային ժառանգությունը, հատկապես Նարտյան էպոսը, որը հնդեվրոպական և կովկասյան տարրերի խառնուրդ է:

Իրանի մինչիսլամական շրջանի կրոնական հավատալիքները Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Իրանի մինչիլսամական շրջանի կրանական հավատալիքները` ներառյալ հնդարիական հավատալիքները, զրադաշտականությունը (ներառյալ մազդակյան շարժումը), Արևմտյան Իրանի մինչզրադաշտական հավատալիքները: Հատուկ ուշադրություն է դարձվելու մանիքեականությանը, որը  թեև չունի իրանական ծագում, սակայն մեծ դեր է  ունեցել Իրանի կրոնական պատմության մեջ: 

Իրանի էթնոդավանաբանական հանրույթները Դասընթացը Իրանի տարբեր էթնոդավանաբանական հանրույթների` քրդերի, գիլաքների, մազանդարանցիների, լուրերի, թաթերի, թալիշների, բելուջների, թուրքմենների, ղաշղայիների, արաբների, ասորիների, հայերի, վրացիների և այլ ժողովուրդների մասին ներածական ակնարկ է:

Իսլամական աղանդների պատմություն Դասընթացն ուսումնասիրում է իսլամական աղանդների և իսլամի ուղղությունների առաջացման պատճառները, հանգամանքները, ժամանակաշրջանները, հիմնական գաղափարախոսությունները, գաղափարական հակասությունները, գրականությունը, տարածման շրջանները:

Քաղաքական իսլամ Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները, ժամանակակից իսլամական շարժումները, խմբավորումները, ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները», «Համասը», «Հեզբոլահը», «Իսլամական պետությունը» և այլն:

Ճանաչողության մեթոդոլոգիա Դասընթացը կվերլուծի, թե ինչպես նախագծել ճանաչողական գիտության վարքագծային ուսումնասիրությունը, ինչպես պետք է ընտրել ճիշտ հետազոտական մեթոդներ և ինչպես ձեռք բերել էմպիրիկ ուսումնասիրությունների քննադական գնահատման հմտություններ: Ինչպես նաև կբարելավվեն բանավոր և գրավոր ելույթներով հանդես գալու հմտությունները: Ինչպե՞ս պետք է գրել հոդված, աբստրակտ, բուն նյութ, եզրակացություն: Ի՞նչ պետք է հաշվի առնել հետազոտական աշխատանքներ կազմելիս, ինչպե՞ս դիմել գիտաժողովների, ի՞նչպես պատրաստել գիտաժողովի ելույթները և այլն:

Երկրագիտության մեթոդաբանություն և պատմություն Այս դասընթացը կօգնի ուսանողներին կազմել հետազոտության թեմաներ, տեսական խնդիրները կիրառել հետազոտական աշխատանքների մեջ: Ինչպե՞ս վարվել, որպեսզի մեր գաղափարները գործեն: Ինչպե՞ս կազմել սեփական նախագծերը: Ինչպե՞ս կապ ստեղծել տեսությունների և գործնական հետազոտությունների միջև:

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ընդունելության կարգը

Ովքե՞ր կարող են դիմել

Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա կարող են ընդունվել բարձրագույն կրթության առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Լեզուների իմացությունը

Բոլոր դիմորդներից պահանջվում է ռուսերենի և արևմտյան լեզվի (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն) իմացություն: Ցանկալի է նաև արևելյան լեզվի (պարսկերեն, թուրքերեն, հինդի, արաբերեն) տիրապետումը, սակայն պարտադիր չէ:

Քննությունները

  • Ռուսերեն թելադրություն
  • Օտար լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) թեստ
  • Հարցազրույց

(Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները պետք է 1500-ական դրամ վճարեն:)

Պահանջվող փաստաթղթերը

    • Դիմում-հայտ (դիմորդները դիմում-հայտը լրացնելու են Հայ-ռուսական Համալսարանի մագիստրատուրայի բաժնում)
    • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ (պատճենները)
    • Բարձրագույն կրթության վկայական/դիպլոմ (պատճենը)
    • զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին
    • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
    • սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր
    • ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

      (Փաստաթղթերը անհրաժեշտ է հանձնել Հայ-ռուսական Համալսարանում:)

Դիմելու ժամկետները

Դիմելու 1-ին ժամկետը -  10.05.2017թ.-26.05.2017թ.  (ժամը՝ 10.00-16.00)

Դիմելու 2-րդ ժամկետը (լրացուցիչ ընդունելություն) – 21.08.2017թ. -28.08.2017թ. (ժամը՝ 10.00-16.00)

Քննությունները և հարցազրույցը կկազմակերպվեն 2017թ.-ի հունիսի 1-ին:

Անվճար և վճարովի ուսուցում

Ընդունելությունը կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ և վճարովի հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների քաղաքացիների համար ուսման վարձը կազմում է 500,000 դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝  750,000 դրամ:

Հետադարձ կապ

Էլ հասցե՝ indoiranicarau@gmail.com, oriental.studies.rau@gmail.com

Հեռ.՝ +374(10) 27-14-59, +374(10) 27-70-52

Կրթաթոշակային ծրագրեր

Հայ Օգնության Միություն 

Լավագույն ուսանող

ՀՕՄ-ի Միավորների ջանքերով 1995 թվականից մեկնարկել և առ այսօր շարունակվում է գործել «Լավագույն ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են հարյուրական ԱՄՆ դոլարի չափով պարգև:

Ծնողազուրկ երեխաների «Ուսանող» ծրագիր

«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող» ծրագիրը, որը գործում է 2009 թվականից:

(http://arsarmenia.org)

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։

Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։

(http://www.hovnanianfoundation.am/scholarships/)

Հայ կրթական հիմնարկություն

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

(http://aefweb.org/)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք․ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.

  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

(http://heh.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&lang=en)

Կարիերայի հնարավորությունները

Եթե արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատում ուսանողները կստանան բազմակողմանի կրթություն, ապա մագիստրատուրայի ընթացքում նրանց ուսումնասիրությունները կոնկրետ ուղղվածություն կունենան, որը հետագայում թույլ կտա նրանց նաև ընտրել իրենց կարիերայի զարգացման հետագա բնագավառը:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հմտությունները միշտ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Արևելյան լեզվի իմացությունը անհատական և ակադեմիական աճի համար կարևոր լինելուց զատ ուսանողներին միջազգային կարիերայի հնարավորություն է տալիս և նոր հեռանկարներ է ստեղծում նրանց համար: Բացի այդ միջմշակութային հաղորդակցության հմտությունը նույնպես մեծ պահանջարկ ունեն միջազգային աշխատաշուկայում:
Յուրաքանչյուր ուսանող ունի Արևելքին առնչվող հետաքրքրությունների շրջանակ, ուստի աշխատանքային բնագավառները կարող են այնքան բազմազան լինել, որքան ուսանողների հետաքրքրությունները:
Շրջանավարտները կարող են գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ակադեմիական, արվեստի և մշակույթի, խորհրդատվության, դիվանագիտության, լրագրության, գովազդի և մարքեթինգի, քաղաքականության, հանրային ծառայության, տուրիզմի, առևտրի, թարգմանության և վերլուծության ասպարեզներում, ֆինանսական կազմակերպություններում և բանկերում, միջազգային կազմակերպություններում:

Արևելագիտությունը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում

Հասարակական գիտությունների մեջ Արևելագիտությունը բացառիկ է այն առումով, որ ուսանողներին ծանոթացնում է մշակույթի և քաղաքակրթության հետ, որը սովորաբար չի կազմում հայկական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի մաս: Ծրագիրն ընդգրկում է լեզվաբանություն, գրականություն, պատմություն և մշակույթ, բացի այդ լայն հնարավորություններ են ընձեռված այնպիսի ոլորտների ուսումնասիրության համար, ինչպիսիք են` արվեստը, հնագիտությունը, փիլիսոփայությունը, կրոնը, ժամանակակից հասարակական գիտությունները և այլն: Ծրագիրը նաև կարող է հիմք հանդիսանալ տնտեսագիտության, իրավունքի, քաղաքագիտության, գովազդի ասպարեզում աշխատել ցանկացողների համար՝ նրանց թույլ տալով զուգահեռ ուսումնասիրել առաջավորասիական լեզուներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, հինդի):

Արևելքի մասին լուրերն այսօր գերակշռում են մեր տեղեկատվական դաշտում, իսկ արևելյան լեզուներն ու մշակույթը կազմում են մեր պատմության ու մշակույթի կարևոր մասը: Հայ-ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը (ֆակուլտետը) ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ժամանակակից ամենապահանջված գիտություններից մեկը` միաժամանակ նրանց ծանոթացնելով աշխարհի ամենագեղեցիկ գրականությանը, կրոններին, քաղաքակրթությանը, մշակույթին: Արևեալագիտությունը ակադեմիական կարևոր ճյուղ է, որը միջազգային ասպարեզում ունի մեծ քաղաքական, տնտեսական և մշակութային դեր:

Similar Opportunities


Disciplines

History

Iranian Studies

Islamic Studies

Languages

Linguistics

Middle Eastern Studies

Religious Studies

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Armenia