Կայացել է «Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները բուհում և դպրոցում» խորագրով գիտաժողովը

Publish Date: Mar 31, 2016

2016 թվականի մարտի 25-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի համատեղ ջանքերով կազմակերպված «Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները բուհում և դպրոցում» խորագրով հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում էին առարկայի հիմնախնդիրներով մտահոգ ներկայացուցիչներ՝ ուսուցիչներ, դասախոսներ և ուսանողներ ՀՀ տարբեր դպրոցներից և բուհերից:

Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որն իր բացման խոսքում համաժողովի հիմնական նպատակը համարեց առարկայի բնույթի, էության բացահայտումն ու յուրացման կազմակերպումը՝ վստահեցնելով, որ համաժողովը միմյանց պատկերացումներին տեղեկանալու, փոխադարձ ազդեցություն ունենալու լավագույն հարթակն է:

Գիտաժողովը բաղկացած էր 21 զեկուցումներից, ինչպես օրինակ «Հասարակագիտություն առարկան քաղաքացիական կրթության համատեքստում», «Մարտահրավեր ուսուցչին. կարծիքից անցում քննադատական մտածողության», «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը ՀՀ Հանրակրթական դպրոցներում. իրավիճակի վերլուծություն», որոնց ընթացքում շոշափվեցին հայաստանյան բուհերում և դպրոցներում հասարակագիտական առարկաների դասավանդման խնդիրները, առաջարկվեցին նոր մեթոդներ և խնդիրների լուծման սեփական տարբերակներ: Նշենք նաև, որ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն «Ժովովրդավարության և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ տպագրել էր ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի խորհրդի երաշխավորած հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն:

Similar Opportunities