Դասընթաց - Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում, Երևան

Publish Date: May 26, 2016

Deadline: Jun 07, 2016

Event Dates: from Jun 14, 2016 02:00 to Jun 15, 2016 12:00

Եթե Դուք ուզում եք ապահովել Ձեր բիզնեսի կայունությունը և հաղթահարել դժվարությունները՝ աճի նոր հնարավորություններ բացահայտելով, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» դասընթացին:

Դասընթացը Ձեզ կօգնի գնահատել, թե զարգացման որ փուլում է գտնվում Ձեր բիզնեսը և ինչպիսի պրակտիկ գործիքներ են անհրաժեշտ դրա զարգացմանը միտված՝ Ձեր կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու համար:

Դասընթացը հատկապես օգտակար կլինի բիզնեսի տերերի, հիմնական որոշումներ ընդունող ղեկավար անձանց համար:

Դասընթացը մշակվել է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) մեթոդաբանության հիման վրա:

Դասընթացի սկիզբ՝ Հունիսի 14, 14:00-18:00

Դասընթացի տևողություն՝ Հունիսի 14 -15, 8 ժամ

Դասընթացի վայր՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն (ք. Երևան, Մ.Խորենացու 15)

Դասընթացի արժեք՝ 36000 ՀՀ դրամ

Գրանցման վերջնաժամկետ՝ Հունիսի 7

Կապ՝ nmelikyan@corpgov.am, k.tsokolakyan@iod.am +374 10 546431

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ

Դասընթացը վարելու են բնագավառի տեղացի լավագույն մասնագետները (Ահարոն Չիլինգարյան, Տիգրան Կարապետյան, Նարինե Մելիքյան, Արտաշես Տոնոյան, Խաչատուր Ցոկոլակյան, Հայկ Ոսկանյան, Ալեքսանդր Խաչատուրյան), ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիայից հրավիրված փորձագետ Ալեքսեյ Վոլինեցը (ՄՖԿ-ի Վաշինգտոնի գրասենյակ):

Ահարոն Չիլինգարյան

Ահարոն Չիլինգարյանը ֆինանսների, հաշվապահության, հարկերի, բանկային կարգավորման և ինվեստիցիոն հարցերի գծով մասնագետ է: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, ինչպես նաև ստացել երկամյա կրթություն իրավագիտության բնագավառում: Պրոֆեսիոնալ աշխատանքի ընթացքում առիթ է ունեցել բարձրացնել իր մասնագիտական գիտելիքները և փորձառությունը բազմաթիվ երկրներում և տարբեր ֆորումներում և հայտնի կազմակերպություններում:
Աշխատանքային փորձի մեջ են պետական և մասնավոր, գիտական և կրթական բնագավառները, մասնավորապես հարկային պետական ծառայություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ կենտրոնական բանկ, Երևանի լամպերի գործարան Հատուկ մաքուր քիմիական նյութերի գիտա-արտադրական ձեռնարկություն, KPMG Armenia, “Պարադիգմա Արմենիա” խորհրդատվական և հետազոտական ընկերություն (ներկայումս է աշխատում, որպես հիմնադիր-տնօրեն):
Դասավանդման փորձը ներառում է տարբեր ֆորմատներ, ներկայումս՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի մագիստրական բաժինը:
Մասնագիտական ցանցի անդամությունը ներառում է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան, Գործարարների և արդյունաբերողների միությունը և այլն: 2015թ. ընտրվել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհդրի անդամ և նախագահ:

Ալեքսեյ Վոլինեց

Ալեքսեյ Վոլինեցը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման վարչության կորպորատիվ կառավարման գծով պատասխանատու: Նա աշխատում է ՄՖԿ-ի Կորպորատիվ կառավարման ծրագրի` Վաշինգտոնի (ԱՄՆ, Կոլումբիայի շրջան) գլոբալ գլխամասային գրասենյակում և մասնագիտանում է կարողությունների զարգացման ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում: Մասնավորապես, նա վերահսկում է թեմատիկ ծրագրեր, որոնք առնչվում են կորպորատիվ կառավարման կոնֆլիկտների կարգավորմանը, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարմանը և կորպորատիվ կառավարման մեդիա ծրագրերին (լրագրողների ուսուցում` ճիշտ ընկալելու և լուսաբանելու կորպորատիվ կառավարման հիմնախնդիրները): Այս պաշտոնում նա կոորդինացնում է ուսուցման ծրագրերի, նյութերի և հրապարակումների մշակումը և սերտորեն համագործակցում է ՄՖԿ-ի տարածաշրջանային կորպորատիվ կառավարման ծրագրերի հետ` տեղում դրանց իրականացումը և ադապտացումն ուղղորդելու նպատակով: Նա առավել սերտ աշխատում է Եվրոպայի և Կենտրոնական ու Հարավային Ասիայի տարածաշրջաններում: Նա նաև ղեկավարել է ՄՖԿ-ի աջակցությունը և մասնակցությունը Անցումային շուկաներում կորպորատիվ կառավարման հետազոտական ցանցին (CGRN):

Ալեքսանդր Խաչատուրյան

Ալեքսանդր Խաչատուրյանը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի մասնագետ է: Ալեքսանդր Խաչատուրյանը ԹիՔեյ Էքուիթի Փարթներս առաջատար իրավաբանական խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերն է: Մինչ այդ Ալեքսանդրը եղել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի իրավախորհրդատուն: Ալեքսանդր Խաչատուրյանը ունի Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք խոշոր միջազգային և տեղական ներդրողների սպասարկման փորձ և ներգրավված է եղել Հայաստանի ֆինանսական և ներդրումային ոլորտի մի շարք ինովացիոն գործարքներում:
Ալեքսանդր Խաչատուրյանը Բոստոնի Համալսարանի Իրավաբանական Դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի կոչում:
Ալեքսանդրը արժանացել է Դենիս Արոնովիտցի անվան ակադեմիական ոլորտում գերազանցության մրցանակի: Իր առաջին բարձրագույն կրթությունը Ալեքսանդր Խաչատուրյանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից:
Ալեքսանդր Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք:

Արտաշես Տոնոյան

Արտաշես Տոնոյանն այժմ աշխատում է “Գուդկրեդիտ” ՈՒՎԿ-ում պետական և մասնավոր ոլորտներում 13 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո` իր կարիերայի մեծ մասը անցկացնելով մասնավոր ներդրումների, բիզնես միաձուլումների, ձեռքբերումների, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում։

Մինչ այդ, Արտաշես Տոնոյանը աշխատել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի երևանյան և լոնդոնյան գրասենյակներում։ Նա ունի սեփական կապիտալում ներդրումներ կատարելու, ներդրումները կառավարելու փորձառություն մանրածախ առևտրի, պարենի, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, շինանյութերի ոլորտներում։ Նա ունի տնտեսագետի դիպլոմ Երևանի պետական համալսարանից (1998), Գործարար Ղեկավարման Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (2000), տնտեսական գիտությունների թեկնածու է (Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ (2001) և Լոնդոնի Բիզնես Դպրոցի Ֆինանսների Մագիստրոս է (2011)։ Բացի այդ, նա մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերում Հարվարդ Բիզնես Դպրոցում, Ջաջ Բիզնես Դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում։ Նա սիրում է զբաղվել տարբեր մարզաձևերով, սիրում է ճամփորդությունը և լեռնագնացությունը և, որ ամենակարևորն է, նա ամուսնացած է և ունի երկու երեխա։

Խաչատուր Ցոկոլակյան

Խաչատուր Ցոկոլակյանը ֆինանսների, բանկային գործի և հաշվապահության գծով փորձագետ է: Նա ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, այնունետև ստացել գործարարության կառավարման մագիստրոսի աստիճան Նորֆոլկի Օլդ Դոմինիոն (ԱՄՆ, Վիրջինիա) համալսարանում:

Ավելի վաղ իր կարիերայում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ կենտրոնական բանկում և հայկական առևտրային բանկերում, ղեկավարել է Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամը, հանդես է եկել «ԱՔՌԱ» գործակալության և բելգիական «ԱԴԵ» խորհրրդատվական ընկերության խորհրդատուն Հայաստանում: Իր կարիերայի ընթացքում նա ակտիվորեն հետապնդել է դասավանդման հնարավորությունները եւ ձեռք է բերել ավելի քան 15 տարվա դասավանդման փորձ, այդ թվում Ֆինանսաբանկային քոլեջում, Հայստանում ֆրանսիական Համալսարանում, Միջազգային Հաշվապահական Ուսումնական Կենտրոնում, Բիզնեսի Աջակցման Կենտրոնում եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: 2005թ.-ից պարոն Ցոկոլակյանն աշխատում է «Սի Էֆ Էֆ Սերվիսիս» ՓԲԸ-ում որպես ֆինանսական խորհրդատու, իսկ 2010թ.-ից առ այսօր նա զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011թ.-ից հանդիսանում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի խորհրդի անդամ:

2015թ. ապրիլի 15-ին կայացած «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» (ՏՀԻ) ՀԿ անդամների հիմնադիր ժողովի որոշմամբ Խաչատուր Ցոկոլակյանն ընտրվել է «ՏՀԻ» ՀԿ-ի տնօրեն:

Հայկ Ոսկանյան

Հայկ Ոսկանյանը, ֆինանսների, ներդրումների և բանկային գործի մասնագետ է: Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը, Ֆինանսների և Էկոնոմիկային նախարարության Տնտեսագիտական Հետազոտությունների Ինստիտուտի ասպիրանտուրան, տնտեսական գիտությունների թեկնածու է: Ոսուցանել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում: Ներդրումային մասնագետների գլոբալ ասոցիացիայի՝ CFA ինստիտուտի, դիպլոմակիր է:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ վիճակագրության վարչությունում, ֆինանսական դիտարկումների կենտրոնում և կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման խմբում: Անմիջական մասնակցություն է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների նախագծմանը և իրականացմանը Կենտրոնական բանկում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում (ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ խումբ): 2012թ-ից, ստեղծման պահից եղել է ՀՀ առաջին ներդրումային և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության՝ Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ, գործադիր տնօրենը: 2014թ. Օգոստոսից Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենն է: 2011թ. սկսած դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում:

Նարինե Մելիքյան

Նարինե Մելիքյանը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավարն է: Նա տնտեսագետ-իրավաբան է: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաև Գործարարության Սլավոնական ինստիտուտը (Մոսկվա, ՌԴ): Տնտեսագիտության թեկնածու է: Վերապատրաստումներ է անցել մի շարք հեղինակավոր հաստատությունների (Ռուսական տնտեսագիտական դպրոց, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիում, ՏՀԶԿ, ՀԲ, ՄՖԿ) կողմից կազմակերպված միջոցառումներում:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ պատասխանատվությանը, տնտեսական աճին, ֆինանսական շուկաներին և ներդրումներին առնչվող հիմնախնդիրները:
Հանդիսանում է մի շարք հետազոտական ծրագրերի ղեկավար և փորձագետ: Հեղինակել է ավելի քան 50 հոդվածներ, «Ընտանեկան ընկերությունները Հայաստանում» գիրքը և համահեղինակ է “ARMENIAN INVESTMENT GUIDE – 2005” ձեռնարկի և «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական (հիմնախնդիրներ, մոտեցումներ, լուծումներ)» գրքի:
Մասնավոր հատվածում աշխատանքը («Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ներդրումային ընկերություն) համատեղում է գիտա-մանկավարժական գործունեության հետ: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
Նարինե Մելիքյանը Տնօրենների Հայկական Ինստիտուտի տնօրենների խորհրդի, ինչպես նաև տնօրենների խորհրդի Կրթական և ուսուցման հարցերի հանձնախմբի անդամ է:

Տիգրան Կարապետյան

Տիգրան Կարապետյանն ունի ներդրումային խորհրդատվության մեծ փորձառություն, մասնագիտանալով՝ ներդրումների կառավարման, կապիտալի շուկաների, կորպորատիվ կլանումների և կորպորատիվ կառավարման բնագավառներում։ Նա ունի ավելի քան 20 տարվա փորձ մասնավոր և հանրային կառույցների հետ աշխատանքում՝ իրավական և գործարարության տարբեր հարցերում, ինչպիսիք են՝ կորպորատիվ իրավունքը, ֆինանսները և կառավարումը, վենչուրային և մասնավոր փայատիրական ներդրումները, ներդրումների կառավարումը և գնահատումը։ Նա Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որը Հայաստանում մատուցում է կորպորատիվ կառավարման ծառայություններ։ Նա նաև հիմնադիրն է Կապիտալ Ինվեստմընթս & Ասեթ Մենեջմենթ ընկերությունների խմբի, որոնք տրամադրում են ներդրումային ծառայություններ, և կառավարում են կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր։

Պրն Կարապետյանը հանդիսանում է Ֆայնենշըլ Թայմզ Ոչ-Գործադիր Տնօրենների Ակումբի անդամ, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, և Քեմբրիջի Համալսարանում (ՄԹ) եղել է հետազոտող՝ կորպորատիվ ֆինանսների բնագավառում: Նա նաև ունի ավելի քան 15 տարվա դասավանդման փորձ, և ներկայումս դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ԴԱՍԸՆԹԱՑԻ և ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ վերաբերյալ Դուք կարող եք ստանալ՝ այցելելով www.corpgov.am, www.iod.am

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Management

Host Countries

Armenia

Event Types

Trainings