Խնդրում ենք օժանդակել ԱՐՄԱԿԱԴին

Publish Date: Dec 04, 2010

ԱՐՄԱԿԱԴ ցանցի հարգելի անդամներ, հարգելի գիտնականներ, հարգելի ուսանողներ, հարգելի կազմակերպություններ, ձեռներեցներ, ընկերներ, Հայաստանի Հանրապետության ու համայն հայության գիտական ապագան առավել քան պայծառ տեսնողներ ու պայծառացնողներ։

ԱՐՄԱԿԱԴն արդեն գործում է երեք տարուց ավելի՝ որպես «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» նախաձեռնություն։ Տարիներ շարունակ այն եղել է ձեր ամենօրյա ուղեկիցն՝ տեղեկատվություն մատակարարելով աշխարհում առկա գիտական հնարավորությունների ու նորությունների մասին։ 4000-ից ավելի մարդ, դուք՝ աշխարհի տարբեր ծայրերից հետևում եք մեր աշխատանքին ու գնահատում այն։ Երեք տարիների ընթացքում, տեղեկատվություն տարածելուց բացի, ԱՐՄԱԿԱԴը կազմակերպել է նաև 50-ից ավելի գիտական միջոցառում՝ հանդիպումներ, դասախոսություններ ու միջազգային գիտաժողովներ։ Մեր կամավորների ունեցած ներուժը բավարար է ԱՐՄԱԿԱԴի գոյությունը ևս 30 տարով ապահովելու ու նույն եռանդով տեղեկատվություն տարածելու համար։ ԱՐՄԱԿԱԴը երբեք չի ստացել ֆինանսական օժանդակություն և ամբողջ աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով։ Մենք անհրաժեշտ գումարներ հայթայթելու փորձ չունենք և հնարավոր է նույնիսկ այս նամակն իր բովանդակությամբ չհամապատասխանի իր նպատակին։ Ինչևէ։

Այժմ ես դիմում եմ ԱՐՄԱԿԱԴի համայնքին՝ խնդրելով ֆինանսապես օժանդակել այս ցանցին՝ դեռևս միայն խոստումով (pledge).

Ձեր նվիրատվությունն անհրաժեշտ է հագեցած գրասենյակ, միջոցառումներ կազմակերպելու վայր, անվճար խորհրդատվություն տրամադրելու հարմարություններ, վճարովի հիմունքներով աշխատողներ, կայքէջ, համակարգիչներ, գրենական ու տպագրական պիտույքներ ունենալու, դեպի մարզեր ուղևորություններ, միջազգային գիտական հավաքներ կազմակերպելու, վիրտուալից բացի իրական աշխարհում տեսանելիություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար։ Հավատացնում եմ, որ ձեր ֆինանսական աջակցությամբ դուք տասնապատիկ կակտիվացնեք ԱՐՄԱԿԱԴի գործունեությունը, ինչն իր հերթին գոնե կեռապատկի այլ կառույցների գործունեության արդյունքը։
Հավատացե՛ք, այս պահին ԱՐՄԱԿԱԴի հետ կապված աշխատանքի ծավալն ուղղակի ահռելի է, շատ խնդիրներ ուղղակի լուծում չեն ստանում, շատ հարցեր մնում են անպատասխան, բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ մնում են չիրագործված։ Ես անձամբ ԱՐՄԱԿԱԴի համար աշխատում եմ գիշերը, կատարում եմ մի քանի մարդու աշխատանք, իսկ օրվա ընթացքում կատարում եմ այլ՝ ոչ պակաս նվիրում պահանջող աշխատանքներ ու այլևս չեմ հասցնում։ Թույլ տվեք, խնդրում եմ, ձեր օժանդակությամբ իրագործել նոր գաղափարներ ու թույլ չտալ որ արդեն ձեռք բերվածը կորցնի իր ունեցած կարողությունը։ Ձեր նվիրատվությունն ԱՐՄԱԿԱԴին ուղղակի անհրաժեշտ է ու հրատապ։ Ձեր նվիրատվությամբ ԱՐՄԱԿԱԴը կվերածվի որակական նոր ակադեմիական հարթակի։

Խնդրում եմ անհատներին օժանդակել ԱՐՄԱԿԱԴին նվիրաբերելով 10.000 ՀՀ դրամ (27$), 20.000 ՀՀ դրամ (55$) կամ ավելի, իսկ կազմակերպություններին 200.000 ՀՀ դրամ (550$) կամ ավելի։ ԱՐՄԱԿԱԴի մեկ տարվա կայուն աշխատանքն ապահովելու և հետագա տարիների գործունեության համար ֆինանսական կայուն հիմք ստեղծելու համար մեր նպատակն է հավաքել 20.000.000 ՀՀ դրամ, կամ 55.000$. Այս գումարին հեշտությամբ կարելի է հասնել, եթե ԱՐՄԱԿԱԴի 4000 շահառուներից 1000-ը նվիրաբերի 20.000 դրամ։

Խնդրում եմ նվիրատվության ձեր ցանկության մասին նամակ ուղարկել armacadem@yahoo.co.uk հասցեին՝ նամակում նշելով նվիրատվության ենթակա գումարի չափը։ Որպես նամակի վերնագիր (in the subject line of the letter) խնդրում եմ անպայման նշել PLEDGE բառը։ Նվիրատվության խոստումը ուղարկելու վարջնաժամկետն է 2011թ. հունվարի 6-ը։ Վերջնաժամկետից հետո, եթե հավաքվի անհրաժեշտ գումարը, ապա կկապվեմ բոլոր նվիրատուների հետ, կտեղեկացնեմ գումարը փոխանցելու էլեկտրոնային կամ բանկային միջոցների մասին, ինչպես նաև կներկայացնեմ ԱՐՄԱԿԱԴի զարգացման այն նախագիծը, որի շահառուն եք լինելու դուք և բոլոր ցանկացողները։ Ցանկության դեպքում նվիրատուների անունները չեն հրապարակվի։

Եթե գումարը չհավաքվի, ապա հոգ չէ, անհանգստանալ պետք չէ։ ԱՐՄԱԿԱԴը կշարունակի մնալ ԱՐՄԱԿԱԴ ևս 30 կամ ավելի տարի։

Այս նամակը գրում եմ այն հույսով, որ մենք կկարողանանք միասին օժանդակել մի կառույցի, որն անշահախնդիր օժանդակում է մեզ։

Շնորհակալություն։
Սիրով՝
ԱՐՄԱԿԱԴի հիմնադիր Խաչիկ Գևորգյան

Similar Opportunities