Միջազգային գիտաժողով՝ «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների և խեղաթյուրումների լույսի ներքո»
Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը 2019թ. դեկտեմբերի 6-7-ին Երևանում կազմակերպում են «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների եւ խեղաթյուրումների լույսի ներքո» թեմայով Միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական նպատակը Կովկասի և ԱՀ բնիկ ժողովուրդների էթնիկական, լեզվական մակութային, պատմությանը և գրականությանը վերաբերող խնդիրների վերհանումն ու դրանք ակադեմիական շրջանակներում քննարկելն է։ Ինչը մեծ խթան կարող է հանդիսանալ ԱՀ-ում բնակվող իրանական տեղաբնիկներին համապատասխան հարթակ տրամադրելու հարցում:
Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. նոյեմբերի 22-ը մասնակցության հայտը և մինչև 1 էջ ծավալով դրույթներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին. iranianstudiesyerevan@gmail.com (Վարդան Ոսկանյան, հեռ. 060-71-05-76; jakobialex@yahoo.com (Ալեքսան Հակոբյան, հեռ. 093 84 13 76): Հաստատված հայտերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ս.թ. նոյեմբերի 24-ին:
Գիտաժողովին կմասնակցեն կովկասագետներ և իրանագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և Եվրոպայի երկրներից։
Մասնակիցներին առաջարկվում են հետևյալ ընդհանուր թեմաները.
- Հայ-արևելակովկասյան պատմա-մշակութային առնչությունները միջնադարում և Նոր դարաշրջանում.
- Քաղաքական պատմություն, պատմական աշխարհագրություն և տեղանվանագիտություն, հնագիտություն, ազգաբանություն, սոցիոլոգիա, դասագրքերի և մամուլի քննադատություն.
- Պատմական մարդաբանություն, լեզվաբանություն, բանահյուսություն, կրոն, դիցաբանություն և էպոս.
- Գրականագիտություն, թատերագիտություն, երաժշտագիտություն և պարարվեստ.
- Մատենագրական աղբյուրներ, ձեռագրագիտություն, պատմագրություն, վիմագրություն.
- Արվեստ, ճարտարապետություն և քաղաքաշինություն.
- Աղուանագիտություն, իրանագիտություն – թալիշագիտություն, թյուրքագիտություն – ադրբեջանագիտություն:
Զեկուցումների տևողությունը նախատեսվում է մինչև 20 րոպե, հարցերի և մեկնաբանությունների համար՝ մինչև 5 րոպե:
Գիտաժողովի նիստերը տեղի կունենան «Կոնգրես» հյուրանոցի համաժողովների սրահում): Գիտաժողովի ավարտին նախատեսվում է մշակութային ծրագիր:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, պարսկերենը և անգլերենը: Նախատեսվում է նաև միաժամանակյա թարգմանություն։
Գիտաժողովի դրսեկ մասնակիցների ժամանման և մեկնման ճանապարհային, ինչպես նաև Երևանում օթևանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Արտերկրից մասնակիցների դիմավորումը նախատեսվում է դեկտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, իսկ մեկնումը՝ դեկտեմբերի 8-ին՝ կիրակի:
Գիտաժողովի հովանավորն է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը: