2010 թ. հոկտեմբերի 1-ին Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի ունեցավ հերթական` 647-րդ ուսումնական տարվա հանդիսավոր բացումը: Եվրոպայի հնագույն համալսարանների շարքը դասվող ուսումնական այս հաստատությունը բացվել է 1364 թ.: Տևական մի ընդմիջումից հետո կրկին վերաբացվեց արքա Վլադիսլավ Յագելլոյի և հատկապես նրա կնոջ` Յադվիգա թագուհու` համալսարանին նվիրաբերած հարուստ ժառանգության շնորհիվ: Գիտական այս հաստատության պատերի ներսում են իրենց կրթությունը ստացել Lեհաստանի և Եվրոպայի անվանի շատ գործիչներ, որոնցից ամենահայտնին թերևս Կարոլ Վոյտիլան է` Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը:
Համալսարանի երգչախումբը լատիներենով կատարում է դեռևս 13-րդ դարում գրված Gaude Mater Polonia (Ցնծա մայր Լեհաստան) հիմնը: Բացմանը ներկա աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են գալիս ողջույնի իրենց խոսքով: Ռեկտորի գլխավորությամբ տեղի է ունենում ականավոր պրոֆեսորներին, ինչպես նաև լավագույն ուսանողներին և համալսարանի գիտական խմբերին մրցանակի հանձնման արարողություն: Ողջույնի խոսք է տրվում նաև համալսարանի ուսանողական խորհրդի տվյալ տարվա նախագահին: Ուսումնական տարվա հանդիսավոր արարողությունը ավարտվում է իր ավանդույթներով կրկին միջնադարից ծագող մի սովորությամբ, երբ համալսարանի դասախոսներից մեկը հանդես է գալիս հատուկ դասախոսությամբ` ներկայացնելով որևէ հայտնագործություն իր բնագավառից:
Յագելոնյան համալսարանում 2010/2011 թթ. ուս. տարվա հերթական հանդիավոր բացումը թերևս ոչնչով չտարբերվեր մյուս տարիների արարողությունից, եթե չլիներ մեզ` հայերիս համար ուրախալի և հպարտանալու տեղիք տվող մի իրադարձություն: Այս տարի Յագելոնյան համալսարանի Հուգոն Կոլատայի անվան մրցանակին արժանացած միակ թեկնածուն Յագելոնյան համալսարանի Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ամբիոնին կից Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Արմեն Էդիգարյանն էր:
Ի սրտե շնորհավորում ենք պրոֆեսորին` ցանկանալով մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում:
Փիրուզա Մնացականյան
0 Comments