ՀՌԿԿ-Հայաստանի 2013թ. սոցիալական կապիտալի վերաբերյալ գիտաժողով

Publish Date: Feb 08, 2013

Event Dates: from Jun 05, 2013 12:00 to Jun 06, 2013 12:00

Զեկույցների ներկայացման հրավեր. Սոցիալական կապիտալ. սահմանումներ, կիրառումներ, մշակութային համատեքստեր

Ժամկետը` 5-6-ը հունիսի, 2013թ.

Վայրը` Ծաղկաձոր, Հայաստան

Կազմակերպիչ` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան

Ելնելով սոցիալական կապիտալի գաղափարի արտակարգ կարևորությունից,  ինչպես նաև դրա շուրջ եղած հակասություններից`  ՀՌԿԿ-Հայաստանն ուրախ է ազդարարել սոցիալական կապիտալի վերաբերյալ հատուկ գիտաժողովի մասին: 

Նախապատմություն

Տասնամյակներ շարունակ սոցիալական կապիտալի    գաղափարը հաճախ է օգտագործվել որպես սոցիալական գիտությունների հայեցակարգային գործիք:

Սոցիալական կապիտալը ներառվել է գրեթե բոլոր սոցիալական առարկաների հետազոտական շրջանակների մեջ`  սկսած զարգացող երկրների տնտեսությունից մինչև սոցիալական հոգեբանություն,  հանրային առողջապահության հետազոտությունից մինչև կրթական ձեռքբերումների ուսումնասիրություն, քրեագիտությունից մինչև մարդաբանություն:  Թեև հասարակությունները և մշակույթներն ընդհանուր առմամբ ընդունել են սոցիալական կապիտալի գաղափարը, սակայն վերջինիս շուրջ քննադատության պակաս նույնպես չի զգացվում:  Ընդ որում, քննադատողներն իրենց ժամանակն ու մտավոր ջանքերն ուղղում են, մասնավորապես, սոցիալական կապիտալի չափման խնդրին:

Թեև տարբեր բնագավառներում  սոցիալական կապիտալը տարբեր կերպ է սահմանվում,  այնուամենայնիվ,  այս բարդ երևույթի հատկանիշներից մեկի շուրջ գոյություն ունի միասնական կարծիք: Մի շարք  տեսություններ համակարծիք են,  որ սոցիալական ցանցերը,  սոցիալական շփումները (կամ դրանց բացակայությունը) էական   ազդեցություն են գործում անհատների,  խմբերի և պետական կառավարման համակարգի վրա`  հար և նման տվյալ համակարգում կուտակված ֆիզիկական կապիտալին և կրթական ձեռքբերումներին:

Սոցիալական կապիտալի ցանկալի ձևերի/տեսակների բացահայտումը,  ստեղծումը և ամրապնդումը ցանկացած հասարակության հիմնական մտահոգություններից է: Դրանք չեն կարող իրականանալ ակնթարթորեն: Այս առումով անհրաժեշտ է քննության առնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են.

- պետական կառավարման համակարգն ի՞նչ տեսակի սոցիալական

կապիտալ ունի իր տնտեսական և սոցիալական զարգացման ներկա փուլում,

- սոցիալական կապիտալն ինչպե՞ս կարող է նպաստել կամ խոչընդոտել որևէ երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը,

- կրթական բարեփոխումներն ի՞նչ կարող են անել սոցիալական կապիտալի շահավետ ձևերի ստեղծումն  արագացնելու կամ դանդաղեցնելու համար (օրինակ` Հայաստանում, ընդ որում` նաև այլ երկրների համեմատ),

- ինչպիսի՞ հարաբերակցության մեջ են սոցիալական կապիտալը և համացանցը,

- որո՞նք են սոցիալական կապիտալի մշակութային անդրադարձները, օրինակ`  հայաստանյան համատեքստում,  ինչպես նաև`  Հարավային Կովկասի այլ երկրների համեմատ,

- սոցիալական կապիտալի ո՞ր տեսակ(ներ)ն է (են)  առավել բարենպաստ զարգացող կառավարման համակարգերի տնտեսական և սոցիալական արդյունավետության բարձրացման համար

- ինչպե՞ս է ազդում քաղաքացիական հասարակությունը սոցիալական կապիտալի որոշակի(կամ տվյալ) տեսակի ձևավորման վրա,

- ի՞նչ կապ կա սոցիալական կապիտալի և հասարակության մեջ  կանանց դերի փոփոխության միջև,

- սոցիալական կապիտալն արդյոք կարո՞ղ է խորացնել սոցիալական անհավասարությունը և նույնիսկ նպաստել դրա առաջացմանը,

- ինչպե՞ս է սոցիալական կապիտալն ազդում միգրացիայի/արտագաղթի դինամիկայի վրա և այլն:

Մենք ողջունում և խրախուսում ենք ՍԿ գիտաժողովին ներկայացնել,  քննարկել և բանավեճ ծավալել այս և մի շարք այլ հարցերի շուրջ,  որոնք վերաբերում են սոցիալական կապիտալի և տարբեր ոլորտների (երիտասարդական հարցեր, քաղաքացիական հասարակություն,  աղքատություն,  երջանկություն, հանցագործությունների վիճակագրություն, առողջապահություն) միջև եղած կապին:

ՍԿ գիտաժողովի ձևաչափը

Սույնով հրավիրում ենք ՍԿ գիտաժողովին մասնակիցության  հայտ ներկայացնելու:

Առաջարկվող աշխատանքները պետք է լուսաբանեն լայն ընդգրկում ունեցող հետևյալ թեմաները.

1. Սոցիալական կապիտալի սահմանման հարցերը և սոցիալական կապիտալի տիպաբանությունը,

2. Սոցիալական կապիտալ,  ժողովրդավարություն և սոցիալական համերաշխություն,  կապվածություն,  սոցիալական կապիտալ,  սոցիալական համերաշխություն և համախմբվածություն,

3. Մեթոդաբանությունը`  սոցիալական կապիտալի գնահատում և չափում. հետազոտական նոր հնարավորություններ,

4. Սոցիալական կապիտալը և փոխադարձությունը. վստահություն սոցիալական նորմերի և հաստատությունների նկատմամբ,

5. Սոցիալական կապիտալը և գենդերային հարցերը.  կանանց դերի նշանակալիությունը  հասարակությունում,  կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ և բիզնեսում,

6. Սոցիալական կապիտալի մշակութային անդրադարձները,

7. Սոցիալական կապիտալի թյուրըմբռնումը և չարաշահումը.  բացասական սոցիալական կապիտալը և անհավասարության վերարտադրությունը:

Հետաքրքրված անձիք   կարող են ընտրել նաև այս  թեմաներին սերտորեն առնչվող ավելի նեղ թեմաներ:  Ողջունելի են թե՛  էմպիրիկ աշխատանքները,  և թե՛  տեսական հայեցակարգային հոդվածները:

ՍԿ գիտաժողովը կծառայի որպես քննարկումների,  բանավեճերի և գաղափարների ձևավորման հարթակ: Այն  նաև կլինի շփումների և ցանցերի ստեղծման հնարավորություն տվող իրադարձություն`  սոցիալական կապիտալի գաղափարի խթանման, քարոզման և տարածման հստակ ուղղվածությամբ:

Գիտաժողովը կունենա երեք պանելային խմբեր քննարկումների և բանավեճերի համար:

Դրանք կկոչվեն «տեսական», «էմպիրիկ» և «մշակութային»:

1. Տեսական խմբում կքննարկվեն և բանավեճի առարկա կդառնան սահմանումների հետ կապված հարցեր և սոցիալական կապիտալի գաղափարի տիպաբանությունը, սոցիալական կապիտալի “ներփակ”   և “կամրջող” կամ բաց (bonding vs bridging)  տեսակների համեմատությունը,  սոցիալական կապիտալի, ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության և հետևաբար`պետության կայունության  միջև հնարավոր հարաբերակցությունը, կապվածությունը և համերաշխությունը, սոցիալական ցանցերի օգտագործումը, հաստատությունների նկատմամբ վստահությունը և սոցիալական նորմերը:

Թեմաների ընտրությունը կուղեկցվի անհատական ընտրության հնարավորությամբ,  ընդ որում,  այս և հարակից թեմաների շուրջ ուշագրավ տեսական դատողությունները պանելային խմբերի մասնակիցների կողմից կբարձրացվեն և կդառնան քննարկման, բանավեճի և խորհրդածելու առարկա:

2. Էմպիրիկ խմբում ուշադրություն կդարձվի սոցիալական կապիտալի չափման մեթոդաբանական և գործնական կողմերի,  նոր ի հայտ եկող հետազոտական հնարավորությունների վրա: Ակնկալվում է, որ քննության կառնվի սոցիալական կապիտալի և համացանցի միջև հնարավոր հարաբերությունների հարցը: Քննարկման այս կատեգորիան ներառում է նաև այն հիմնախնդիրները,  որոնք կարող են ծագել սոցիալական կապիտալի թյուրըմբռնման և չարաշահման հետևանքով:  Մասնակիցները կքննարկեն այսպես կոչված «բացասական սոցիալական կապիտալը»,  անհավասարության վերարտադրության հետ վերջինիս ունեցած` հնարավոր և բազմիցս բանավեճի առարկա դարձած կապը:

3. Մշակութային խմբում քննարկումներ կծավալվեն սոցիալական կապիտալի մշակութային անդրադարձների,  մասնավորապես`  ժամանակակից հայ հասարակությունում դրա դրսևորումների մասին: Մասնավորապես ողջունելի են քննարկումները Հարավային Կովկասի պետությունների համեմատական հեռանկարների և հակասական արձագանքների,  մշակութային բազմազանություն ունեցող տարածաշրջանների երկրներում սոցիալական կապիտալի առանձնահատկությունների վերաբերյալ:  Արդյունավետ քննարկումների տեղիք կտան նաև այնպիսի թեմաները,  ինչպիսիք են` սոցիալական կապիտալը և կանանց դերը տարբեր հասարակություններում, մշակույթի սոցիալական կապիտալի հիման վրա կանանց տնտեսական հզորացման հնարավորությունները: 

Մասնակցության  պայմանները  և  մասնակիցների  ընտրության չափանիշները

ՍԿ գիտաժողովը կհյուրընկալի հասարակագետ հետազոտողների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների,բուհերի դասախոսների և  ասպիրանտների,  պետական հիմնարկների աշխատողների,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, բոլոր նրանց,  ովքեր գիտական և մասնագիտական հետաքրքրություն կցուցաբերեն վերոնշյալ թեմաների և հարակից ոլորտների հանդեպ:

Հետաքրքրված հետազոտողները  պետք է ներկայացնեն իրենց առաջարկած աշխատանքի համառոտագրերը (ոչ ավելի քան 300  բառ):  Համառոտագրերը կարելի է ներկայացնել կամ հայերեն կամ անգլերեն: Համառոտագրերը պետք է ներկայացնել մինչև  2013թ. մարտի 7-ը,  conference@crrc.amէլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովի կազմկոմիտեն զեկուցողներին ընտրելու է մրցակցային հիմունքներով:

Ամբողջական աշխատանքը ներկայացնելու առաջարկով կազմկոմիտեն կդիմի այն անհատներին, ում համառոտագրերը կընտրվեն:

Կազմկոմիտեն ընդունված համառոտագրերի հեղինակներին համապատասխան ծանուցում կուղարկի conference@crrc.am էլ.փոստով, մինչև 2013թ. մարտի 29-ը: 

Ներկայացված համառոտագրերի գնահատման համար կօգտագործվեն հետևյալ չափանիշները.

1. Համառոտագրերը պետք է պարունակեն ոչ ավելի քան 300  բառ,  ներառյալ հետևյալ տեղեկությունները`  վերնագիրը,  հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը, կոնտակտային տվյալները և իր(ենց)  ներկայացրած հաստատության(հաստատությունների) անվանում(ներ)ը:

2. Համառոտագրերը պետք է առնչվեն «Բաժին 2.  ՍԿ գիտաժողովի ձևաչափը» բաժնում նկարագրված թեմաներից որևէ մեկին:

3. Համառոտագրերը պետք է տրամաբանական կապ ունենան աշխատանքի հետ և ճշգրտորեն արտահայտեն աշխատանքի նպատակը,  կառուցվածքը, փաստարկները և եզրակացությունները:

4. Համառոտագրերը ՉՊԵՏՔ Է բովանդակեն անհիմն պնդումներ, բարոյագիտական դատողություններ,  բռնության և ահաբեկչության կոչեր և այլն:

5. Մեջբերումները պետք է ուղեկցվեն աղբյուրներին ճշգրիտ հղումներով:

Ամբողջական աշխատանքներին ներկայացվող պահանջները անհատապես կներկայացվեն ընտրված համառոտագրերի հեղինակներին:

Աշխատանքը ՉՊԵՏՔ Է պարունակի այնպիսի նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել որպես որևէ  անհատի,  քաղաքական կուսակցության,  պետական կամ միջազգային կազմակերպության հրապարակայնացում և/կամ քարոզչություն:Լավագույն աշխատանքները և ելույթները կհրապարակվեն ՍԿ գիտաժողովից հետո երկու ամսվա ընթացքում: 

Գիտաժողովի լեզուները 

ՍԿ գիտաժողովը կանցկացվի հայերենով և անգլերենով: Անհրաժեշտության դեպքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն: 

Կոնտակտային տեղեկություններ

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Աննա Սարկիսյանին 

Ծրագրերի ղեկավար

ՀՌԿԿ – Հայաստան

Աբովյան փ. 52, սենյակ 312

(37410) 58 13 30 և 58 14 50

Էլ. հասցե՝ conference@crrc.am

Առաջարկում ենք նաև այցելել www.crrc.am

Similar Opportunities


Host Countries

Armenia

Conference Types

Conference Programs