«Տաշիր» հիմնադրամը պարգևատրեց ԱՐՄԱԿԱԴ հիմնադրին

Publish Date: Jul 12, 2012

2012թ. հունիսի 21-ին լրանում է ԱՐՄԱԿԱԴ գիտակրթական ցանցի գործունեության 5 տարին։

ԱՐՄԱԿԱԴը հայաստանյան ամենաարդյունավետ գիտական ինտերնետային տեղեկատվական համակարգերից մեկն է, որի շահառուներն են ավելի քան 15,000 հայաստանցի ու արտասահմանցի գիտնականներ և ուսանողներ, ովքեր նաև շրջանառում են գիտական տեղեկատվություն՝ նպաստելով ՀՀ-ում գիտակրթական համակարգի զարգացմանը։ Այս համակարգի շնորհիվ, բազմաթիվ հայաստանցի և արտասահմանցի գիտնականներ ու ուսանողներ շահել են գիտական հեղինակավոր հաստատությունների կրթաթոշակներ ու մրցանակներ, մասնակցել բազմաթիվ գիտական կոնֆերանսների ու ամառային դպրոցների:

Այս ցանցի շրջանակներում կազմակերպվել են հարյուրից ավելի գիտական դասախոսություններ, գիտաժողովներ և հանդիպումներ Հայաստանում ու արտերկրում։ ԱՐՄԱԿԱԴԸ տեղի և արտերկրի գիտական ներուժը միավորող կառույց է։

ԱՐՄԱԿԱԴ ցանցն ունի նաև իր ուրույն դերակատարումը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կազմավորման գործում։

ԱՐՄԱԿԱԴի գործունեությունը 5 տարի շարունակ ղեկավարել ու կազմակերպել է ցանցի հիմնադիր, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գևորգյանը։ Ի արժևորումն այս անշահախնդիր ու հանրօգուտ աշխատանքի և շնորհավորելով ԱՐՄԱԿԱԴի հինգամյակը «Տաշիր» հիմնադրամը 2012թ. հունիսի 11-ին կազմակերպված երիտասարդ գիտնականների և գիտական լրագրողների խրախուսավճարների հանձնման արարողության շրջանակներում Խաչիկ Գևորգյանին պարգևատրեց 1,000,000 ՀՀ դրամով։

Շնորհավոր։

Similar Opportunities