Հայկական գիտական համագործակցությունը [ARMSCOOP] մեկ տարեկան է

Publish Date: Dec 18, 2011

2010 թվականի դեկտեմբերի 19-ին հայկական վիրտուալ գիտական աշխարհում իր նորամուտը նշեց «Հայկական գիտական համագործակցություն» - http://armscoop.com/

 («Armenian Scientific Cooperation» [ARMSCOOP] ) կայքը, որի հիմնադիրները երեք երիտասարդներ են` Արմեն Մարտիրոսյան, Խաչիկ Հարությունյան և Սամսոն Հովհաննիսյան:

 Կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նորանոր նվաճումների վերաբերյալ:

Կայքում պարբերաբար (գրեթե յուրաքանչյուր օր) հրապարակվում են գիտական արժեք ունեցող հոդվածներ, Հայաստանին վերաբերող ամենատարբեր գիտակրթական ծրագրեր և այլն:

Անցած մեկ տարվա ընթացքում կայքում հրապարակվել են 1100-ից ավելի նյութեր, որոնց նկատմամբ հաճախ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել. հրապարակված մի շարք գիտական հոդվածներ բավականին լայն տարածում են գտել համացանցում և լայն քննարկման առիթ հանդիսացել՝ ձևավորելով հասարակական կարծիք։ Կայքում հարպարակվող կոնֆերանսներին մասնակցելու հայտարարությունների միջոցով զարկ է տրվում ուսանողների և գիտնականների մասնագիտական շարժունակությանը. հարյուրից ավել անձինք հրապարակված ծրագրերի շնորհիվ իրենց ուսումն են շարունակում աշխարհի լավագույն բուհերում կամ մասնակցում տարբեր կոնֆերանսներին։
Կայքի գործուն աջակցությամբ 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպվեցին հայագիտական դասընթաց-արշավներ (կազմակերպիչ՝ Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008, Լեյդենի համալսարան), որոնց մասնակցեցին հանրապետության տարբեր բուհերի լավագույն ուսանողները: Նույն ժամանակահատվածում «Հայկական գիտական համագործակցության» աջակցությամբ, Բյուրականի աստղադի-տարանի և Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանի համագործակցությամբ կազմակերպվեց Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված աշխատանքային գիտաժողով, որին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետները: «Հայկական գիտական համագործակցություն» նախաձեռնությունը աջակցել է նաև մի շարք այլ դասընթացների և կոնֆերանսների կազմակերպմանը, աջակցել տարբեր գիտնականներին ինչպես մասնագիտական գրականության ձեռքբերման, այնպես էլ ոլորտի լավագույն մասնագետների միջև համագործակցության ձևավորման և տեխնիկական այլ հարցերում։

Այսօր կայքը համացանցում գործող գիտական բնույթի կայքերի մեջ գրավում է առաջատար դիրքեր։ Սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերվածով, և արդեն իսկ ունենք նոր գիտակրթական ծրագրեր, որոնց իրագործումն իր նպաստը կբերի Հայաստանի գիտության զարգացմանը: Մանավորապես՝ մյուս տարվա ընթացքում պատրաստվում ենք կազմակերպել սեմինար-դասընթացների շարք, գիտաժողովներ (նոր առցանց գիտաժողովներ), գիտարշավներ։ Ապագա ծրագրերից պետք է առանձնացնել կրթական խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որի միջոցով խորհրդատվություն կտմարադրվի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում կամ մասնակցել միջազգային տարբեր գիտաժողովների. հարկ եղած դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն։ Մյուս տարվա մեջ իրագործելիք ամենամեծ ծրագիրը, թերևս, գիտական հաղորդաշարի ստեղծումն է (համագործակցելով «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի հետ), որը մեծապես կխթանի հայկական գիտական մտքի զարգացմանը և կվերաարժևորի մեր ունեցած հարուստ գիտական ավանդույթները։

Հաշվի առնելով ՏՏ ոլորտի ժամանակակից մարտահրավերները և համացանցում հայկական գիտական մտքի ոչ պատշաճ մակարդակը` Հայկական գիտական համագործակցությունը համագործակցության կոչ է անում բոլորր գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին և գիտակրթական կենտրոններին: Եղե´ք ավելի ճանաչելի համացանցում` դրանով իսկ նպաստելով հայկական գիտական մտքի համացանցային զարգացմանը:
Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ էլ փոստի միջոցով՝  info@armscoop.com

Similar Opportunities