«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը սույն թվականի դեկտեմբերի 12-16-ը կազմակերպում է «Որակի շաբաթ» միջոցառումների շարքը: Շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 15-16-ը տեղի կունենա Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը:
Ուսանողակենտրոն ուսուցումը, ուսանողների բազմազան խմբերի առկայությունը և դասավանդման նոր ձևերը վերջին տարիներին կրթական համակարգում խորը փոփոխությունների շարժիչ ուժն են: Ուսումնառության ընթացքում ուսանողներից ակնկալվում է լինել առավել ինքնուրույն, իսկ դասախոսներին խրախուսվում է կիրառել դասավանդման նորարարական մեթոդաբանություն և գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ փոփոխությունները: Արդյունքում դասախոս-ուսանող փոխհարաբերությունները փոփոխվում են, և այս պարագայում մեծանում է հետազոտող դասախոսների դերը:
Հատկանշական է, որ դասախոս-ուսանող-գործատու շղթայում փոխադարձ արդյունավետ կապ ապահովելու ամենագործուն միջոցներից մեկն իր աշխատանքի արդյունքները համակարգված կերպով հետազոտող և վերլուծող դասախոսներ ունենալն է:
Գիտակցելով խնդրի արդիականությունը հայաստանյան կրթական համակարգի համար` ՈԱԱԿ-ի շահակիցների 4-րդ համաժողովը կանդրադառնա հենց այս խնդիրների քննարկմանը և լավագույն փորձի վերհանմանը:
Կարևորելով դասավանդման և ուսումնառության հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան` համաժողովն իր պլենար (լիակազմ) և սեկցիոն (խմբական) նիստերով կդառնա փորձի փոխանակման լավագույն հարթակ և կքննարկի մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Համաժողովի նպատակներից են.
- խթանել արդյունավետ դասավանդման առկա առաջավոր փորձի տարածումը,
- նպաստել Հայաստանում դասախոսների շարունակական ինքնավերլուծության, ինքնագնահատման և ինքնազարգացման մշակույթի ամրապնդմանը,
- խրախուսել ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկումների ծավալումը և հնարավոր լուծումների դուրսբերումը:
Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել կրթական ծրագրերի և վերջնարդյուքնների, սահմանված նպատակների և առկա իրավիճակի համահունչությունը, տարբեր մակարդակի գիտելիքներով ուսանողներին աճի հավասար հնարավորությունների ապահովման մեթոդաբանությունը և այլն:
Համաժողովի ընթացքում կլինեն նաև վերապատրաստումներ ուղղված ուսումնառության վերջնադյունքների գնահատմանը։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՈԱԱԿ-ի ամենամյա համաժողովը քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է բարձրագույն կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը կհետաքրքրի բուհերի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են բարձրագույն ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:
Համաժողովին հնարավոր է մասնակցել թե որպես զեկուցող, թե որպես ունկնդիր ու քննարկումների մասնակից:
Համաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը:
ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Հոդվածում պետք է նշվեն հեղինակի կամ համահեղինակների անունները` ընդգծելով համաժողովի ժամանակ զեկուցողի անունը:
- Հոդվածը պետք է ներառի հեղինակների համառոտ ինքնակենսագրականը (առավելագույնը 150 բառ):
- Ամբողջական հոդվածը պետք է պարունակի ոչ ավելի քան 3000 բառ (բացառությամբ մեջբերումների):
- Հոդվածին պետք է կցել նաև ամփոփում` առավելագույնը 150 բառ:
- Այն դեպքում, երբ հոդվածն ամբողջական չի ներկայացվել զեկույցից առաջ, ապա պետք է ներկայացված լինեն հոդվածի հիմնական դրույթները ոչ ավելի քան 1000 բառով: Հոդվածի դրույթներում պետք է ներկայացվեն կիրառված մեթոդաբանությունը, արդյունքները և եզրակացությունները: Եթե ամբողջական հոդվածը ներկայացված չէ, համաժողովի խմբագրակազմն ընտրության համար կուսումնասիրի զեկույցի համառոտագիրը:
Այսպիսով` ամբողջական հոդվածը կարելի է ներկայացնել համաժողովից հետո` համաձայն ստորև ներկայացված ժամանակացույցի:
- Պետք է հստակեցնել հոդվածի տեսակը (հետազոտություն, քաղաքականություն, պրակտիկա):
- Հոդվածը պետք է ներառի երկու կամ երեք ուսումնառության վերջնարդյունքներ:
ՀՈԴՎԱԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Հոդվածները կգնահատվեն համաժողովի խմբագրակազմի կողմից` հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.
- Հոդվածը հստակ արտահայտում է մասնակցի նպատակադրումը և այն կհետաքրքրի մասնակիցներին:
- Փաստարկումները, զարգացումը և կառուցվածքը տրամաբանական են, կապակցված և հասկանալի:
- Հոդվածն ունի գիտահանրամատչելի բովանդակություն:
- Հոդվածն ապահովում է հիմք շահագրգիռ քննարկումների համար:
- Որևէ լավագույն փորձ ներկայացնող հոդվածները վերլուծական են, արտացոլում են զեկուցողի սեփական փորձը և պարզ նշում փորձի կիրառության հաջողություններն ու խոչընդոտները:
- Առևտրային բնույթ կրող առաջարկները չեն ընդունվում:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Բոլոր առաջարկները պետք է ներկայացվեն` ըստ այս համաժողովի հրավերին կից ձևաչափի` մինչև 2016 թ. հոկտեմբերի 22-ը: Հայտերը հարկավոր է ուղարկել info@anqa.am էլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք հայտերը չուղարկել PDF տարբերակով:
Բոլոր դիմում-հայտերը կուսումնասիրվեն համաժողովի խմբագրակազմի կողմից: Ընտրված հոդվածների հեղինակները համաժողովի մասնակցության համար կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 10-ը: Ընտրված զեկույցները կամ հոդվածները կարող են ստանալ որոշակի մեկնաբանություններ բարեփոխումների համար մինչև զեկույցի` համաժողովին ներկայացնելը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով մեկնաբանություններ չեն տրամադրվի այն առաջարկներին, որոնք չեն համապատասխանի ներկայացված պահանջներին:
Ողջ նամակագրությունը կլինի էլեկտրոնային փոստի միջոցով:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
22 հոկտեմբեր, 2016
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 22-ը Word ֆորմատով:Նշված ժամկետից հետո ուղարկված հայտերը չեն ընդունվում: Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվում:
10 նոյեմբեր, 2016
Հայտերի ընդունման կամ մերժման մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունված հայտերը կուղարկվեն խմբագրակազմի կողմից կատարված մեկնաբանություններով:
01 դեկտեմբեր, 2016
Ընդունված հոդվածների համառոտագրերը կտեղադրվեն ՈԱԱԿ–ի կայքէջում: Համաժողովի նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները կնշվեն համաժողովի օրակարգում:
15-16 դեկտեմբեր, 2016
Համաժողով (համաժողովի իրականացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հետագայում):
Հունվարի վերջ, 2017
Վերջնական հոդվածները և Power-Point ծրագրով ներկայացվող զեկույցները կտեղադրվեն ՈԱԱԿ-ի կայքէջում և համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:
Փետրվարի վերջ, 2017
Կներկայացվեն զեկույցների վերջնական տեքստերը:
Ապրիլի վերջ, 2017
Համաժողովին ներկայացված հոդվածներն ու զեկուցումները կտպագրվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ, իսկ լավագույն հոդվածները կտպագրվեն գրախոսվող ամսագրում:
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՈԱԱԿ`Ռուբեն Թոփչյան և Սուսաննա Կարախանյան
Հոդվածները կուսումնասիրվեն միջազգային փորձագետների կողմից, ովքեր կհրավիրվեն համաժողովի խմբագրակազմի կողմից։
0 Comments