Ինչպես ասել է Ջուլի Մանուչարյանը «Աշխատանքի դիմելը աշխատանքի ընդունվելու սկիզբն է»։
Եթե ցանկանում եք ընդունվել աշխատանքի, բազմիցս դիմել եք տարբեր կազմակերպությունների, հասել եք հաջողության ու հիմա աշխատում եք ձեր երազած ընկերությունում, ապա այս հոդվածը ձեզ համար չէ:
Գործատու ընկերությունները, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները հաճախ դժգոհում են աշխատաշուկայում առկա անհասկանալի իրավիճակից, երբ աշխատանք փնտրողները չեն ունենում նույնիսկ մոտավոր պատկերացում տվյալ աշխատանքի, դրան դիմելու ընթացակարգի, նամակ գրելու, ուղարկելու և նամակներին պատասխանելու մասին:
Այս հոդվածում ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը ներկայացնում է մի քանի կարևոր կետեր, որոնք կօգնեն աշխատանք փնտրողներին աշխատանքի ընդունվելու առնվազն առաջին քայլը՝ էլեկտրոնային տարբերակով աշխատանքի դիմելն ավելի գրագետ ու չափանիշներին համապատասխան իրականացնել:
Ինչ չի կարելի անել և ինչ է պետք անել
Էլեկտրոնային փոստի միջոցով աշխատանքի դիմելիս կարևոր է ունենալ ներկայացուցչական էլեկտրոնային փոստի հասցե: Չի կարելի աշխատանքի դիմել lavtxa98@mail.ru, 147852369@list.ru, sirunaxjik99@bk.ru, titernik@yahoo.fr, aryutsadzev@gmail.com հասցեներից: Նման էլեկտրոնային փոտի հասցեներն անմիջապես աչքի են ընկնում և ծիծաղելի են, այնպես որ կարելի է բացառել նմանատիպ անվանումներով էլեկտրոնային փոստի հասցե ունենալը: Էլեկտրոնային փոստի հասցեն պետք է առաջին հերթին կազմաված լինի անուն ազգանունից, օրինակ՝ anun.azganun@hotmail.com. Եթե ձեր անուն ազգանունով էլեկտրոնային փոստի հասցեն արդեն զբաղված է, ապա միայն այդ դեպքում կարելի է վերջում ավելացնել ծննդյան տարեթիվը, ցանկացած այլ թիվ, կամ հավելյալ տառ՝ anun.azganun11@hotmail.com, anun.azganunner@hotmail.com: Ընդհանրապես առավելագույն հարմարավետության, տեսանելիության ու անվտանգության համար կարելի է էլեկտրոնային փոստի հիմնական տիրույթ ընտրել gmail.com-ը և աշխատանքի դիմել այդ տիրույթում գործող էլեկտրոնային փոստի հասցեից:
Ինչպես ասել է Խաչիկ Գևորգյանը «Լատինատառ հայերենով չի կարելի նամակ կամ շենքերի պատերին սիրո խոստովանություն գրել»:
Եթե դուք հայերենը գրում եք լատինատառ, ռուսատառ, չինատառ կամ այլ այբուբենի տառերով, ապա անմիջապես պարզ է, որ դուք չեք տիրապետում համակարգչից օգտվելու տարրական կանոններին: Եթե ձեր ուղեկցող նամակը, կամ ինքնակենսագրականը, կամ նամակի վերնագիրը գրված են լատինատառ հայերենով, ապա լուրջ գործատուի մոտ անմիջապես ցանկություն է առաջանում այրել ձեզ հետ կապի բոլոր կամուրջները: Հայերենը պետք է գրել հայերեն: Բազմաթիվ գործատուներ ընդունում են նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով նամակներ, ինչի մասին տեղեկացնում են աշխատանքի հայտարարության տեքստում:
Ինչպես ասել է Քրիստինե Վարդանյանը «Ինքնակենսագրականը գործի կեսն է»:
Պետք է հիշել, որ կազմակերպությունների պատասխանատուներն անձամբ ձեզ չեն ճանաչում և ձեր մասագիտական ու անձնական որակների մասին կարող են պատկերացում կազմել ձեր ինքնակենսագրականի միջոցով: Տպավորություն գործելու և ուշադրության արժանանալու համար անհրաժեշտ է գրագետ և ազդեցիկ ինքնակենսագրական: Ինքնակենսագրականի վերջնական տարբերակը կարող եք պահպանել .doc կամ .pdf տարբերակներով ու այդ փաստաթուղթը նույնպես վերնագրել ձեր անուն ազգանունով: Նախընտրելի է գործատուին ուղարկել 1-2 էջանոց ինքնակենսագրական, որը հարմարեցված է հենց այդ գործատուի պահանջներին ու որում նշված են ձեր այն որակների մասին, որոնք անհրաժեշտ են հենց այդ թափուր աշխատատեղի համար: Վերջերս Հայաստանում տարածում է գտել Europass ինքնակենսագրականի ֆորմատը, որը կարծում ենք բավականին վատն է, կամ հայաստանյան դիմորդներն այդ ֆորմատի մեջ հնարավորինս վատ ու առավելագույնս երկար են ներկայացնում իրենց: Ինքնակենսագրականի մեջ մի՛ գրեք, որ տիրապետում եք internet explorer-ին, որովհետև արդեն տևական ժամանակ է internet explorer-ը փոխարինվել է Microsoft Edge-ով: Նաև աշխարհի բնակչության գրեթե կեսն օգտվում է google cհrome դիտարկիչից: Հետո առցանց դիտարկիչից օգտվելն այնքան տարրական հմտություն է, որ դրա մասին պետք չէ մեկ անգամ ևս գրել, նույնն է թե ինքնակենսագրականում հատուկ նշվի, որ դիմորդը տեղեկացված է, որ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Մի խոսքով, լավ ինքնակենսագրական ունենալու հիմքերի հիմքը շատ գիտելիք ու մասնագիտական հմտություններ ունենալն է ու այդ ամենը սեղմ և համառոտ ներկայացնելը և ոչ մի դեպքում հակառակը: Խորհուրդ ենք տալիս ինքնակենսագրական կազմելիս օգտվել այստեղ http://www.kent.ac.uk/careers/cv/goodbadCV.htm ներկայացված խորհուրդներից ու օրինակներից:
Ինչպես ասել է Ալեքսանդր Շագաֆյանը «Ինքնակենսագրականիդ վրա մի տեղադրիր խնջույքի սեղանին արված, կամ խմբակային նկարից կտրված ու ընկերոջ ձեռքի մի մասը ուսիդ դրված նկար»:
Մեզ չի հանդիպել մի այնպիսի աշխատանքի հայտարարություն, որտեղ հատուկ գրվի այն մասին, թե բոլոր փաստաթղթերին զուգահեռ պահանջվում է նաև ուղարկել նկար: Եթե նկար չի պահանջվում, ապա ընդհանրապես պետք չէ ուղարկել այդ նկարն առանձին, կամ ինքնակենսագրականի վրա տեղադրված, քանի որ նկարը որևէ կերպ չի ազդում աշխատանքի ընդունել կամ չընդունելու որոշման վրա: Սակայն շատերը, չգիտես ինչու, իրենց պարտքն են համարում անպայման ինքնակենսագրականի վրա տեղադրել իրենց նկարները ու այն էլ ինչպիսի՜ նկարներ՝ ոգելից ու զովացուցիչ ըմպելիքներով լի սեղանի կողքին, Էյֆելյան աշտարակը, կամ Մասիս սարը հետևում, հեռուն նայող ու դեպի ձախ կամ աջ շրջված հայացքով և իհարկե գեղեցկությունն ընդգծող բազմաթիվ մեծ ու փոքր նրբերանգներով: Պետք չի: Իսկ եթե անպայման որոշել եք տեղադրել նկար, ապա միայն ու միայն անձնագրային ֆորմատի լուրջ ու զուսպ նկար պետք է դա լինի:
Չենք մոռանում ամենակարևորը, քանի որ ինչպես ասել է վելիկիյ ֆիլոսը «նիչեվո սլիշկմ»:
Կողմնորոշվել, կողմնորոշվել, կողմնորոշվել: Որտե՞ղ եք ուզում աշխատել, ի՞նչ պաշտոնում եք ուզում աշխատել, ինչու՞ եք ուզում աշխատել: Տվեք այս հարցերն ինքներդ ձեզ բազմաթիվ անգամներ, գրի առեք ձեր մտքերը թղթի վրա, հետո կարդացեք, խմբագրեք ու դրանից հետո միայն սկսեք որոնել թափուր աշխատատեղեր: Ոչ մի դեպքում մի դիմեք բոլոր աշխատատեղերին բոլոր ընկերություններում: Գտեք ձեր երազանքի ընկերությունը, ուսումնասիրեք այն, պարզեք այդ ընկերության մասին բոլոր մանրամասները, գտեք ընկերության կարիքներն ու փորձեք լուծել դրանք, աշխատանքի դիմելիս ուղեկցող նամակում նաև ներկայացրեք այդ լուծումները, եղեք վստահ ու վստահ եղեք, որ ձեզ անմիջապես կընդունեն աշխատանքի:
Հետևեք այս կանոններին և կլինեք առողջ ու հաջողակ:
0 Comments