Ս.թ. հոկտեմբերի 7-9-ին «Վասպուրական» հայրենակցական միությունը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ Պատմության և Արևելագիտության ինստիտուտների մասնակցությամբ, կազմակերպեցին Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։
Տուրուշպա-Տուշպա-Վանը գրավոր սկզբնաղբյուրներով վկայված Հայկական լեռնաշխարհի հնագույն այն քաղաքն է, որն անընդմեջ գոյատևում է ավելի քան քսանութուկես դար։ Նման կարգավիճակով այն նաև բովանդակ Միջին Արևելքի եզակի քաղաքներից է։ Իր հիմնադրման ժամանակներից Տուշպա-Վանը եղել է ոչ միայն Վանի թագավորության, նրա անմիջական ժառանգորդ հանդիսացող Երվանդունիների հայկական պետության՝ այսինքն, համահայկական ընդգրկում ունեցող առաջին պետության մայրաքաղաքը, այլ նաև Վասպուրականի թագավորության (10-11-րդ դարեր) մայրաքաղաքը։ Հետագայում ևս Վանը շարունակել է պահպանել հայկական կենտրոնի դերը, մասնավորապես ուշ միջնադարում և 19-20-րդ դարի սկզբին այն Արևմտյան Հայաստանի վաճառաշահ, արհեստավորական և մշակութային կենտրոնն էր, ամենահայաշատ քաղաքը։
Մեծ եղեռնի տարիներին Վանը միակ խոշոր բնակավայրն էր, որի ինքնապաշտպանությունն ավարտվեց հաղթանակով, իսկ Արամ Մանուկյանի, հետագայում (1917-1918 թթ.) և Կոստի Համբարձումյանի գլխավորությամբ այստեղ ստեղծված իշխանությունը 20-րդ դարի հայկական առաջին քաղաքական կազմավորումն էր։
Գիտաժողովը նվիրված է ոչ միայն Հայոց առաջին մայրաքաղաքի, այլ նաև ողջ Վասպուրական աշխարհի պատմամշակութային ժառանգությանը, հնագիտությանը, ազգագրությանը, բանագիտությանը, գրականությանը, արվեստին ու ճարտարապետությանը։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, պատմության, արևելագիտության, գրականության, լեզվի ինստիտուտների, Մատենադարանի, ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ։
Շուրջ 40 զեկուցողների թվում են ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտությունների իննը դոկտորներ, շուրջ քսան գիտությունների թեկնածուներ։ Նիստերի առաջին օրվա զեկուցումները վերաբերելու են Վան-Վասպուրականի հնագույն շրջանից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածի պատմա-մշակութային ու քաղաքական ժառանգությանը, երկրորդ օրվա ընթացքում կհնչեն ելույթներ, որոնք կլուսաբանեն 19-րդ դարի երկրորդ կեսի-20-րդ դարասկզբի իրադարձությունները, երրորդ օրվա ելույթները վերաբերելու են տարածաշրջանի բնակչության ազգագրությանը և բանահյուսությանը։ Գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների թվում են Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Քաուին, Իրանի Սպահանի պետական համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Մալեք-Մոհամմադին, Սևրի (Ֆրանսիա) Մխիթարյան մշակութային կենտրոնի գիտաշխատող Տորք Դալալյանը։
Գիտաժողովում ներկայացված և կազմակերպչական հանձնաժողովի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։