«Պոպուլիզմը և պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց»
«:Բուն» գիտամշակութային հիմնադրամը հրավիրում է «Պոպուլիզմը և պրոպագանդան Հայաստանում ՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակներում զեկուցում ներկայացնելու:
Պոպուլիզմը, պրոպագանդան և խոսքային այլ մանիպուլյացիաները, թեև նոր երևույթներ չեն, սակայն, նոր բովանդակություն և գործիքակազմ են ստանում ժամանակակից աշխարհում՝ արդի հաղորդակցական հնարավորությունների մեծացմանը զուգընթաց: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ մենք նախաձեռնում ենք 15 քննարկումից բաղկացած այս շարքը՝ անդրադառնալու Հայաստանում պոպուլիզմի և պրոպագանդայի հին և նոր դրսևորումներին, գործիքակազմին և շահարկվող նարատիվներին: Ավանդաբար շահարկվող նարատիվներից զատ, մենք հետաքրքրված ենք վերհանելու նաև այն նարատիվները, որոնք պոպուլիզմի և պրոպագանդայի բովանդակություն են դարձել Սիրո և համերաշխության թավշյա հեղափոխությունից հետո:
Քննարկումները բաց են լինելու հանրության համար: Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության կազմակեպությունների, լրատվամիջոցների, ակտիվիստների և հասարակության այլ ակտիվ խմբերի մասնակցությունը:
Զեկուցումները տեսագրվելու են և հասանելի կլինեն boon.am կայքում:
Զեկուցման հնարավոր թեմաները
Որպես զեկուցումների թեմաներ առաջարկում ենք ստորև ներկայացված թեմաները:
Բաց ենք նաև այլ թեմատիկ առաջարկների համար:
● արդարադատության և անվտանգության կեղծ հակադրում
● խոսքի և այլ ազատությունների շուրջ շահարկումներ
● միասնականության գերկարևորումը և դրա շուրջ շահարկումները
● հանրային կարծիքի հոմոգենացումը և դրան կատարված հղումները՝ որպես մանիպուլյացիայի ձև
● արտագաղթի կանխման կամ նվազման շուրջ մանիպուլյացիա
● զբաղմունքի և սոցիալական խմբերի (տաքսիստներ, խանութպաններ, սրճարանատերեր) շահերի շուրջ մանիպուլյացիաներ
● գենդերային հարցերի, ԼԳԲՏ համայնքի և այլ խմբերի շահերի շահարկումը քաղաքական քննադատության նպատակով
● թվերի իշխանությունը և դրանց միջոցով մանիպուլյացիան
● պրոպագանդայի հետ կապված խորհրդային և հետխորհրդային փորձառությունները
● պոպուլիզմի և պրոպագանդայի տեղական առանձնահատկությունները և համաշխարհային համատեքստը
● «արժեզրկող» և «արժևորող» պիտակների և նշանների ներմուծումը («սորոսական», «37 թիվ», «քաղաքական ռասիզմ», «դուխով») հանրային քննարկումները սահմանափակելու նպատակով
● պոպուլիզմը բարեգործության մեջ և դրա ազդեցությունը սոցիալական արդարության հիմնախնդրի վրա
● ազգայնականության պոպուլիզմը և դրա ազդեցությունը քաղաքացիական արժեքների տարածման վրա
● հայկական ընտանիքը՝ որպես քաղաքական պոպուլիզմի թեմա և դրա հակադրումը քաղաքացիական հասարակության արժեքներին
● բարոյական արժեքների շահարկումը և բարոյականության հիմնախնդիրը քաղաքականության մեջ
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 110,000 դրամ (հարկերը ներառյալ)։
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
• կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը
• Զեկուցման ակնկալվող տևողությունը՝ 20-30 րոպե է:
• Զեկուցողը պետք է ներկայացնի զեկուցման տեքստը www.boon.am կայքում՝ տեսանյութին կից տեղադրելու համար:
• Զեկուցումները լինելու են 2019թ. հունվար-հունիս ամիսներին:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Այս հնարավորությանը դիմելու համար լրացրեք հայտարարության ներքևում գտնվող հայտադիմումը։
Զեկուցման համառոտագիր պետք է պարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը և դրանք հիմնավորող հիմնական փաստարկները:
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայտերը գնահատվելու են հանձնաժոովի կողմից՝ հետևյալ չափանիշներով.
1) բարձրացվող հիմնախնդրի արդիականությունը,
2) հիմնախնդրին կոնցեպտուալ մոտեցման առկայությունը,
3) հիմնախնդրի ձևակերպման հիմնավորվածությունը և հստակությունը,
4) ներկայացված թեմայի շուրջ հայտատուի փորձառությունը:
Հայտատուների ընտրությունը կկատարվի նախ՝ հայտի գնահատման, այնուհետև՝ կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ զրույցի հիման վրա:
Կարևոր ամսաթվեր
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 10 դեկտեմբերի, 2018թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 20 դեկտեմբերի, 2018թ.:
Առաջին զեկուցում՝ 15 հունվարի, 2019թ.: