Academia.edu՝ գիտաորոնողական համակարգ

Publish Date: Mar 08, 2013

Academia.edu-ն վիրտուալ հարթակ է, որտեղ գիտնականները կիսվում են իրենց ուսումնասիրություններով: Այն հիմնադրվել է 2008թ-ի սեպտեմբերին Ռիչարդ Փրայսի կողմից: Կայքը հնարավորություն է տալիս կիսվել գիտական աշխատանքներով, ուսումնասիրել դրանք, հետևել ոլորտի հետազոտություններին,և ներկայացնել կարծիք այն գիտնականի աշխատությունների վերաբերյալ, որի գործունեությանը հետևում եք: Առհասարակ կայքի նպատակն է հեշտացնել ողջ աշխարհի գիտաորոնողական համակարգը:

Ըստ Academia.edu-ի հիմնադիր, Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ, փիլիսոփայության դոկտոր Ռիչարդ Փրայսի՝ այժմ գիտնականների մոտ ավելանում է ընթերցողների հետ ուղիղ շփում ունենալու ձգտումը: Այս նպատակով էլ Academia.edu-ում գիտնականի անձնական էջը հնարավորություն է ընձեռում հետազոտողներին ներկայացնել իրենց լավագույն աշխատանքները  և հետևել դրանց դիտումների քանակին ու կարծիքներին:

Գիտնականները կարող են տեղադրել իրենց ուսումնասիրությունները՝ դասակարգելով դրանք հրատարակված նյութերի, սևագրերի, գրախոսությունների բաժիններում: Կայքի անհատական էջում կա նաև կենսագրական մաս, որտեղ կարելի է դնել հղումներ դեպի այլ կայքերի անձնական էջեր:

Academia.edu-ի գլխավոր առավելությունն է լրահոսը, որի միջոցով անդամները կարող են հետևել իրենց նախընտրելի ոլորտի իրադարձություններին: Այս բաժինը ներառում է տեղեկատվություն վերջին հրապարակումների, հետազոտությունների, հանդիպումների և նախագծերի վերաբերյալ:

«Աշխարհը հեռանում է այն ձևաչափից, որտեղ թերթերը միջնորդի տեղ են զբաղեցնում գիտության և հասարակության միջև,-կարծում է Փրայսը,-այն դառնում է ավելի արձագանքող հասարակական լրատվամիջոցներ նկատմամբ»:

Կայքի օգտատերերի թիվն արդեն մոտենում է երկու միլիոնի (իհարկե այս մարդկանց մի մասը գիտնականներ չեն), օրական միանում է շուրջ 4 հազար մարդ:  Ընդհանուր առմամբ ամսական կայք է այցելում 4,5 միլիոն մարդ: Այցելուների թիվը գնալով ավելանում է, և ըստ պրն. Փրայսի հիմնականում շնորհիվ այն բանի, որ կայքը զարգանում է մեծ պահանջարկ ունեցող և մասնակիցների կողմից առավելագույնս քննարկված ամսագրերի ու ուսումնասիրությունների շնորհիվ: Հաճախ ամենևին էլ ամենաթարմ նյութերը չեն, որ արժանանում են առավելագույն ուշադրության:

Ռիչարդ Փրայսն ասում է. «Լրագրողական արդյունաբերությունը այժմ ուղղված է միայն դեպի նորությունները, սակայն լրագիրը նման է խճանկարի. երբ այն նոր է հրատարակվում,սովորաբար տեղ չի գտնում գիտական քննարկումներում: Հուսանք, որ կայքի ընդարձակվելու և նորանոր համացանցային հնարավորություններ առաջարկելուն զուգընթաց կընդարձակվի նաև գիտական ուսումնասիրությունների տարածումը ողջ աշխարհում: Անգամ ուզբեկ ավագ դպրոցի ուսանողի համար պետք է հասանելի լինեն այս նյութերը, սրանք չպետք է լինեն միայն գիտական շրջանակների համար»:

Կայքում գրանցվողները պետք է ներկայացնեն թե որ համալսարանի որ ֆակուլտետի և ինչ բաժնի գիտաշխատող  են,  ԲՈՒՀ-ում իրենց կարգավիճակը , նաև ընտրեն գիտական հետաքրքրությունների շրջանակներ, որոնցից կստանան նորությունները:  Համակարգը կայքի անդամներին հնարավորություն է տալիս նաև հետևել այլ անդամների գիտական գործունեությանը:

Հատկանշական է, որ Academia.edu-ի թիմն այժմ տեղակայված է Սիլիկոնային հովտում: Այն հաջողել է մի քանի միլիոն դոլարի ներդրում ձեռք բերել սկսնակ կազմակերպություններինն օժանդակող հիմնադրամներից:

Նյութը պատրաստեց Արաքս Մանուչարյանը

Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը https://armacad.info -ին պարտադիր է: 

Similar Opportunities