Գիտության և կրթության ոլորտի բարեփոխումներ Ռուսաստանում և Վրաստանում. ու՞մ օրինակին հետևել

Publish Date: Feb 28, 2013

Ռուսաստանում վերջին ամիսներին հերթական անգամ բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտը: Այն, որպես կանոն, բնորոշվում է որպես անհապաղ բարեփոխումների կարիք ունեցող մի համակարգ: Բարեփոխումները և դրանց հնարավոր հետևանքները դիտարկելիս օգտակար կլինի ուսումնասիրել նմանատիպ երկրների փորձը, որտեղ արդեն կատարվել են փոփոխություններ:  Որպես օրինակ կարող է ծառայել Վրաստանը, որտեղ բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումներն իրականացվել են շուրջ 5 տարի առաջ, հետևաբար կարելի է խոսել որոշ արդյունքների մասին: Այժմ այնտեղ քննարկումներ են ընթանում բարեփոխումների 2րդ փուլի վերաբերյալ, որը երբեմն անգամ հակասում է առաջին փուլում իրականացված որոշ փոփոխությունների: Կարդալով դասախոսություններ Թիֆլիսի պետական համալսարանում որպես հրավիրված պրոֆեսոր և շփվելով գործընկերներիս հետ՝ համակարգին ավելի լավ ծանոթանալու և կարծիք կազմելու հնարավորություն ստացա: Հաշվի առնելով այն փաստը, որ կարծիքս որոշ չափով սուբյեկտիվ է, հարկավոր է նախապես ներկայացնել հետևյալ ոչ անկարևոր վերապահումները:

  1. Հետազոտման մեջ չեն ներգրավվել վիճակագրական տվյալներ. համակարգն ուսումնասիրվել է ներսից, ինչը հնարավորություն է տալիս  արտացոլել բարեփոխումների վերաբերյալ այն մարդկանց կարծիքը, ում ամենօրյա կյանքն ու աշխատանքը հանդիսանում են դրանց կայացման գլխավոր օբյեկտ:
  2. Հիմնականում շփվել եմ այն անձանց հետ, ում համար բարեփոխումներն ունեցել են դրական անդրադարձ: Իհարկե այս ամենից տուժողների վերաբերմունքը հարկավոր է միանգամայն այլ համարել: Հետևաբար իմ գնահատականը գուցե միջինից ավելի դրական լինի:
  3. Ուսումնասիրությունների շրջանակը սահմանափակվել է հնէաբանների, պատմաբանների, լեզվաբանների հետ շփումով: Հնարավոր է՝ գիտական այլ ճյուղերում ընդհանուր տեսարանը քիչ այլ է, սակայն չեմ կարծում , որ տարբերութունն այդքան արմատական լինի:

    Նմանակման ձևաչափի ռազմավարական ընտրություն

         Վրացական բարեփոխումների համակարգը փորձ է արել որդեգրելու գիտության և կրթության կազմակերպման անգլոսաքսոնական մոդելի ամերիկյան տարբերակը: Իսկ, օրինակ, այլ ձևաչափերը, որոնք հաջողությամբ գործում են մայրցամաքային Եվրոպայում, անգամ դիտարկման չեն արժանացել: Այս մոտեցումը հատուկ է նաև գիտության և կրթության կազմակերպման ռուսաստանյան ծրագրերին:

        Ռուսաստանի (համապատասխանաբար նաև Ռուսական կայսրության մաս հանդիսացող Վրաստանի) գիտության և կրթության ոլորտը կազմակերպելիս մեծ մասամբ հիմնվել են Եվրոպական՝ հատկապես գերմանական օրինակի վրա: Հետևաբար այն պատմականորեն առավել մոտ է գերմանական և ֆրանսիական համակարգերին, քան անգլոսաքսոնական: Բացի այս՝ կա թերահավատություն. արդյո՞ք գիտության կազմակերպման ամերիկյան մոդելը կիրառելի է ամերիկյան հասարակությունից դուրս և կգործի՞ արդյոք այլ հողի վրա՝ լինի դա եվրոպական, թե հետխորհրդային: Ամերիկյան համակարգի արդյունավետության նախապայմաններից մեկն այն է, որ այն հիմնվում է մասնավոր նախաձեռնության և մասնավոր ֆինանսավորման վրա, լավագույն ամերիկյան համալսարանները և գիտահետա-զոտական կենտրոնները մասնավոր են, և անգամ պետական կազմակերպություններում մասնավոր ներդրումներն ունեն կարևոր նշանակություն: Իսկ եկամուտի մեծ մասը կազմում են ոչ թե հենց համալսարանների վաստակած գումարները, այլ բարերարների նվիրատվութ-յունները: Այս համակարգի հիմքում ընկած է երկու հիմնական գործոն՝ նախևառաջ Միացյալ նահանգներում գործում է բարերարության բավականին զարգացած ավանդույթ, որի հիմքում գլխավորապես սեփական ուժերի և ոչ պետական միջամտության վրա հույս դնելու փորձն է: Որպես հաստատում այս փաստի՝ Ա. դը Թոքվիլլը բերում է մի օրինակ, որը հիանալի կերպով արտացոլում է ամերիկյան մտածելակերպի առանձնահատկությունները: Այսպես, եթե մի ամերիկյան գյուղի բնակիչներ ցանկանում են եկեղեցի կառուցել, նրանք կառուցում են այն ՝ օգտագործելով հատուկ այս նպատակի համար ստեղծված ֆոնդի եկամուտները: Մինչդեռ, օրինակ, ֆրանսիացիները նույնատիպ իրավիճակում նախևառաջ կդիմեն Փարիզ և կպահանջեն ղեկավարությանը զբաղվել այդ հարցով:

Թոքվիլի ներկայացրած մտածելակերպային տարբերությունները մինչ այժմ գոյություն ունեն, և հենց սրանցով է պայմանավորված ամերիկացիների և եվրոպացիների կենսաձևի տարբերությունը: Երկրորդ գործոն է հանդիսանում բարեգործության համար պայմաններ ստեղծող ամերիկյան հարկային օրենսդրությունը.  Փաստացի, խոշոր հարկատուներին վերապահվում է ընտրություն. իրենց հարկերի տնօրինումը հանձնել պետությանը, կամ զբաղվել այս գործով ինքնուրույն՝ ուղղակիորեն փոխանցելով համապատասխան գումարը հասարակական կարիքների բավարարմանը (ներառյալ գիտություն և կրթություն):         Զարմանալի չէ, որ շատերը ընտրում են երկրորդ տարբերակը: Եվրոպական երկրներում ներառյալ Ռուսաստանը, չկա ոչ մի նման բան, ահա թե ինչու են մասնավոր գումարները հիմնարար հետազոտությունների բնագավառ ներգրավելու փորձերը ձախողվում: Մայրցամաքային Եվրոպայի երկրներում , այդ թվում և հետխորհրդային, և՛ կրթությունը, և՛ գիտական հետազոտությունները հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից: Եվ սա, իհարկե, որոշիչ գործոն է: Կարելի է խոսել այս համակարգի ավելի նվազ արդյունավետության մասին ամերիկյանի համեմատ, սակայն ամերիկյան համակարգը չի կարող գործել որևէ եվրոպական երկրում, քանի դեռ տվյալ երկրի հասարակությունը չի ամերիկացվել և չի փոխվել հարկային համակարգը:  Ավելի քիչ հնարավորություններ կան, որ այն կգործի հետխորհրդային երկրներում:

       Բացի այս՝ կողմնորոշումը դեպի ամերիկյան գիտակրթական համակարգ ի վնաս եվրոպականի, հակասում է հետխորհրդային երկրների մեծ մասի մասնակցությանը Բոլոնյան գործընթացներին, որոնց նպատակն է հատկապես եվրոպական կրթական համակարգերի մերձեցումը: Քիչ հավանական է, որ Ռուսաստանի որոշումը այս գործընթացին մասնակցելու վերաբերյալ հնարավոր լինի վերանայել: Բացի այդ, ամերիկյան կրթական համակարգի հաջողությունը իրականում այնքան էլ ակնհայտ չէ: Այս հաջողության կաևոր չափանիշ է խոշոր գիտնականների և պրոֆեսորների պատկառելի թիվը. նրանք ապահովում են ոչ միայն երկրում գիտության բարձր մակարդակը, այլև կրթական համակարգի վերարտադրողականությունը:  Թվում է, թե քանի որ ամերիկյան համալսարանները էականորեն գերազանցում են այլ երկրների համալսարաններին, ապա իրենց դասախոսները մեծ մասամբ պետք է հենց այդ համալսարանների շրջանավարտներ լինեն: Իրականում դրությունն այլ է: Ամերիկյան լավագույն համալսարանների դասախոսներից շատերը կրթություն են ստացել Եվրոպայում և հենց այստեղ էլ ճանաչում են ձեռք բերել: Այս մարդիկ եվրոպական կրթական համակարգի սաներն են, իսկ եվրոպական համակարգի որակն ապացուցվում է այն փաստով, որ այս գիտնականները աչքի են ընկել ամերիկյան գործընկերների հետ մրցութային պայքարում:

Ակադեմիայի լուծարումը

    Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ում գիտական հիմնարար հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած են եղել Գիտությունների ակադեմիայում, մինչդեռ համալսարանական գիտնականները դրանցով զբաղվելու ավելի քիչ հնարավորություն ունեին: Այս համակարգը փոխանցվել է նաև հետխորհրդային երկրներին: Միացյալ նահանգներում զուտ հետազոտական հիմնարկները քիչ են, իսկ հետազոտությունները կատարվում են համալսարաններում: Վրաստանում փորձ է կատարվել ընդօրինակել ամերիկյան այս համակարգը. հետազոտական կենտրոնները դուրս են բերվել գիտությունների ակադեմիայի տնօրինությունից: Այս գործընթացները հիմնականում ուղեկցվում էին գիտաշխատողների համատարած կրճատումներով: Հեռացումները ենթադրում էին, որ աշխատանքից կազատվեն քիչ կամ վատ աշխատող գիտնականները:  Սակայն դժվար է պատկերացնել, որ նման մեծածավալ կրճատումների դեպքում չեն հեռացվել նաև մեծ թվով բանիմաց հետազոտողներ: Նաև պետք է հաշվի առնել, որ հետազոտությունների հաջող ընթացքի համար քիչ է ունենալ մի քանի անվանի գիտնական, իրականում նրանք կարող են աշխատել միայն մի միջավայրում, որտեղ առկա են և երկրորդ, և անգամ երրորդ կարգի գիտնականներ:

        Ներկայումս բարեփոխման տվյալ հատվածի արդյունքները հետևյալն են` Վրաստանում զգալիորեն կրճատվել է գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը, համապատասխանաբար` նվազել է կատարվող ուսումնասիրությունների ծավալը, դադարեցվել են մի շարք նախագծեր: Պահպանված ոլորտներում ընթացող հետազոտությունների որակը չի փոխվել (դրանք իրականացվում են միևնույն մասնագետների կողմից): Իսկ, օրինակ, համալսարաններ տեղափոխված գիտաշխատողների նյութական դրությունը բարելավվել է:

Գիտական աստիճանների բարեփոխումներ:

       Ինչպես հայտնի է` անգլոսաքսոնական երկրներում գոյություն ունի միայն մեկ գիտական աստիճան` դոկտոր (PhD), որը համապատասխանում է գիտությունների թեկնածուի կոչմանը, իսկ գիտությունների դոկտոր կոչմանը համապատասխան աստիճան չկա: Մայրցամաքային Եվրոպայի երկրների մեծամասնությունում գործում է գիտական կոչման երկաստիճան համակարգ: Այն է` դոկտորական (համապատասխանում է գիտությունների թեկնածուին) և հաբիլիտացիա (համապատասխանում է դոկտորականին): Հենց մայրցամաքային (գերմանական) համակարգն է ժամանակին փոխառվել Ռուսաստանի կողմից, հետագայում անցնելով ԽՍՀՄ, ապա` հետխորհրդային երկրներ: Միաժամանակ լուծարման է ենթարկվել ԲՈՀ-ը, իսկ դոկտորական աստիճանի շնորհման իրավունքը վերապահվել է համալսարաններին: Սակայն հայտնի է, որ Վրաստանում կան բազմաթիվ համալսարաններ, որոնց գիտական մակարդակը ցածր է որևէ քննադատությունից, և այս համալսարանները, մյուսների նման դոկտորի կոչում շնորհելու հնարավորություն ստացան, ինչի հետևանքով գիտական այս կոչումը Վրաստանում սկսեց որակազրկվել: Այս փորձի նպատակն էր հանդիսանում ամերիկյան ձևաչափի կույր ընդօրինակումը, ինչը հանգեցրեց գործող համակարգի ոչնչացմանը, իսկ վերացածի փոխարեն առավել հաջող  համարակարգ հաստատել չհաջողվեց:

Հարկավոր է խոսել նաև  ԲՈՀ-ի դերի մասին:Այս հաստատության բացարձակ համարժեքը որքանով հայտնի է` չկա ոչ մի երկրում: Օրինակ՝ Ֆրասնսիայում գոյություն ունի Ազգային համալասարանական խորհուրդ, որի անդամները մասամբ ընտրվում են համալսարանի դասախոսներ, մասամբ էլ նշանակվում են կրթության նախարարի պաշտոնում: Ֆրանսիա-յում, ինչպես նաև այլ եվրոպական երկրներում գիտական աստիճանը մշտական համալսարանական պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է: Ազգային համալսարանական խորհուրդը ուսումնասիրում է ցանկացողների արդեն պաշտպանած աշխատանքները և հավանության դեպքում թույլատրում մասնակցել մրցույթին: Աշխատանքը կարող է նաև անբավարար ճանաչվել, ինչի դեպքում թեկնածուն պահպանում է աստիճանը, որը, սակայն, իր համար գործնական նշանակություն չի ունենում, քանի որ համալսարանական պաշտոնի նա չի կարող առաջադրվել: Նմանատիպ լրացուցիչ զտումը թույլ է տալիս ապահովել համալսարանում դասավանդողների առավել բարձր գիտական մակարդակը: Ցավոք, Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում կան բավականին շատ մասնագիտական խորհուրդներ, որոնցով անցնում են անորակ աշխատություններ: Նման պայմաններում ԲՈՀ-ը պետք է կատարի կրկնակի զտիչ դեր` խոտհանելով դրանք: Այլ հարց է, որ այն անարդյունավետ է աշխատում:

Բացառապես վճարովի բարձրագույն կրթության սահմանում

   Անգլոսաքսոնական երկրներում, որտեղ համալսարանները մասնավոր են, բարձրագույն կրթությունը վճարովի է: Իսկ մայրցամաքային  Եվրոպայի երկրներում՝ հիմնականում անվճար (միայն խորհրդանշական գումար` կազմակերպչական ծախսերի համար): Ռուսաստանում էլ կարծես գործում է միջանկյալ մի համակարգ. ուսանողների մի մասը ընդունվում են անվճար, մյուս մասն էլ՝ վճարովի: Վերջիններիս ընդունվելիս, հաճախ նաև ուսման ընթացքում, ներկայացված պահանջները որոշակի առավելություններով են: Որքանով կարելի է հասկանալ, այս համակարգը հսատատվել է զուտ պետական նկատառումներով` որպեսզի նվազեցվեն համալսարանների համար ծախսվող պետական գումարները` այս ծախսերի մի մասը փոխանցելով համասլարաններին:   Վրաստանում` կիրառվող ամերիկյան ձևաչափի համաձայն, նախապես սահմանվել էր բարձրագույն կրթության բացարձակ վճարովի համակարգ:  Բակալավրիատի համար տարեկան վճարը Թիֆլիսի պետական համալսարանում մոտավորապես հավասար է չորս միջին ամսական աշխատավարձի, մագիստրատուրայում այն ավելի բարձր է: Այս անցման ինչպես առավելությունները, այնպես էլ թերություններն ակնհայտ են: Նախ և առաջ բարձրագույն կրթությունը մատչելի չէ միջին եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար` անկախ վերջիններիս ընդունակություններից, էապես կրճատվում է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը,կատարվում է բարձրագույն կրթության էլիտարացում, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է հասարակության բևեռացմանը: Այս անցման առավելություններից կարելի է համարել համալսարանների ֆինանսավորման բարելավումը, ներառյալ դասախոսների աշխատավարձերի բարձրացումը: Ռուսաստանում  առկա «խառը» կրթական համակարգի համեմատ՝ առավելություն է նաև այն հանգամանքը, որ ուսանողները գտնվում են հավասար պայմաններում:  Միացյալ Նահանգներում վճարովի համակարգի ծախսերը մեծապես փոխհատուցվում են շնորհիվ լավ զարգացած կրթաթոշակային համակարգի: Կրթաթոշակները տրամադրվում են ինչպես համալսարանների, այնպես էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների կողմից, ինչը թույլ է տալիս ընդունակ ուսանողներին կրթություն ստանալ` անկախ նյութական դրությունից: Վրաստանում աշխատանքներ են տարվում թույլ տրված անճշտությունները շտկելու  ուղղությամբ. սա արդեն բարեփոխումների երկրորդ փուլն է: Մասնավորապես` կրթության և գիտության նախարարության որոշման համաձայն` առավել ընդունակ ուսանողների ուսման համար կվճարի պետությունը:

Դասախոսների աշխատանքային պայմանները

   Թերևս հարկավոր է վրացական ռեֆորմի այս մասը հաջողված համարել: Ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Ռուսաստանում համալսարաններում գիտության զարգացման գլխավոր խոչընդոտ է համարվում դասախոսների գերզբաղվածությունը: Այստեղ շաբաթական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է դասավանդվող 20 ժամ, երբեմն ավելի: Նման պայմաններում համալսարանի գիտաշխատողը ֆիզիկապես չի հասցնում  կատարել գիտական ուսումնասիրություններ` նրա ամբողջ ժամանակը անցնում է դասախոսություններ կարդալով և դրանց նախապատրաստվելով: Արևմտյան երկրներում նման ծանրաբեռնվածությունն ուղղակի անմտություն է համարվում: Շաբաթական դասավանդվում է 4-6 ժամ, մնացած ժամանակն էլ նվիրվում է գիտական ուսումնասիրություններին, որոնց կատարումը համարվում է դասախոսի պարտականություն: Վրաստանում այս հարցը լուծված է:

  Համալսարաններում սեփական եկամուտի ձևավորման հետևանքով նշանակալիորեն բարձրացել է դասախոսների աշխատավարձը` համարյա 3 անգամ:  Սակայն համալսարանների եկամուտները չեն բավարարում գիտական հետազոտությունների ֆինանսավորմանը, ի տարբերություն ԱՄՆ-ի` դրանց մասնավոր ֆինանսավորումը բացակայում է:  Ըստ էության` Վրաստանում հետազոտական ծրագրերը հնարավոր են դառնում միայն արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության պայմաններում,որոնք իրենց հետ բերում են բավարար ֆինանսավորում, ինչն էլ քաջալերվում է պետության կողմից:  Այս գործընթացը կարևոր նախապայման է Վրաստան՝ համաշխարհային գիտական կյանքին ինտեգրման, սակայն, այնուամենայնիվ, չի կարող փոխարինել սեփական պետության ֆինանսավորմանը:

   Բարեփոխումների իրականացման ժամանակ համալսարանի բոլոր դասախոսները ազատվել էին աշխատանքից, իսկ նրանց տեղերի համար հայտարարվել էր մրցույթ, որին կարող էին մասնակցել ինչպես իրենք, այնպես էլ այլ մասնագետներ, մասնավորապես՝ լուծարված ակադեմիական ինստիտուտների գիտաշխատողները: Արդյունքում համալսարանական դասախոսների կազմը թարմացվեց: Մինչդեռ նոր գիտաշխատողները աշխատում են կարճաժամկետ (եռամյա) պայմանագրով: Երբ ժամկետը լրանում է, հայտարարվում է նոր մրցույթ: Հետևաբար այժմ վրացական համալսարաններում չկան մշտական աշխատակիցներ, անգամ պրոֆեսորները աշխատում են պայմանագրով: Բարեփոխումների երկրորդ փուլում նախատեսված է նաև այս հարցի կարգավորումը:

Համալսարանական ինքնակառավարում

  Բարեփոխումների հետևանքով ձեռք բերված հաջողությունների թվին կարելի է դասել նաև համալսարանական ինքնակառավարման հաստատումը:  Ֆակուլտետների դեկաններն ընտրվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի անմիջական քվեարկության արդյունքում:  Համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները ընտրում են Ակադեմիական խորհուրդ և սենատ,որոնց իրավասության ներքո է գտնվում համալսարանական կյանքի հետ կապված բոլոր հիմնական խնդիրների լուծումը` այդ թվում նաև ֆինանսական միջոցների բաշխումը: Համալսարանական կյանքի ինքնակառավարումը միանշանակ դրական է անդրադառնում կառույցի ներքին դրության վրա: Սակայն, ինչպես պարզվեց, դա անբավարար է ներքին բոլոր խնդիրների լուծման համար: Մասնավորապես` դասախոսները մատնանշում են կազմակերպչական ոլորտի աշխատակիցների ավելորդ թիվը և մեծ տարբերությունը համալսարանական ղեկավարության և պրոֆեսորների աշխատավարձերի միջև:

Միջազգային վարկանիշային աղյուսակներ

      Բարեփոխումների սկզբնական շրջանում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վրաստանում շատ էր խոսվում համալսարանների վարկանիշերի, հեղինակներին ցիտելու ինդեքսի և այլ հարցերի մասին, սակայն այս խոսակցությունները շատ արագ դադարեցին, քանի որ պարզ էր, որ այս վարկանիշային աղյուսակները ստեղծվել են՝ հաշվի առնելով միայն ամերիկյան և բրիտանական համալսարանների առանձնահատկությունները: Վարկանիշային աղյուսակները կազմվում են հարցումների հետևանքով, որոնց մասնակցում են հիմնականում անգլոսաքսոնական համալսարանները ներկայացնող փորձագետներ, վերջիններս էլ, իհարկե, տալիս են առավել ծանոթ համալսարանների անունները: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ անգլոսաքսոնական համալսարանների համար այս վարկանիշերը կենսական նշանակություն ունեն: Բանն այն է, որ հենց սրանց արդյունքում են դիմորդներն ընտրություն  կատարում այս կամ այն ԲՈՒՀ դիմելիս (ինչի համար էլ ստեղծվել են այս վարկանիշները):  Հետևաբար գործող վճարովի համակարգում վարկանիշային աղյուսակում զբաղեցրած տեղից է կախված, թե որքան եկամուտ կունենա համալսարանը, որն էլ ներդնում է բավականին մեծ գումարներ PR քայլերի համար: Եվրոպական համալսարանների համար, որտեղ կրթությունն անվճար է, վարկանիշային համակարգում զբաղեցրած տեղն այնքան էլ չի կարևորվում և զուտ հեղինակության հարց է: Եվ քանի որ Վրաստանը PR ակցիաների համար հատկացվելիք գումարներով չի կարող մրցակցել արևմտյան համալսարանների հետ, արդարացված կարելի է համարել Վրաստանի կողմից վարկանիշային աղյուսակով կողմնորոշումից հրաժարվելը:

     Ընդհանուր առմամբ Վրաստանում բարեփոխումների անցկացումը, եթե դրա նպատակն էր բարձրագույն կրթության և գիտության մակարդակի բարձրացումն էր, կարելի է անարդյունավետ համարել: Որոշ բարելավումների հասել են ի վերջո չարդարացված զոհերի գնով, ինչպիսիք են, օրինակ, Գիտությունների ակադեմիայի վերացումը և հետազոտությունների ընդհանուր ծավալի նվազեցումը: Բարեբախտաբար շատ թերություններ գիտակցվեցին և նախատեսվում է դրանց շտկումը բարեփոխումների երկրորդ փուլում:

    Յուրաքանչյուր երկրի համար Վրաստանի օրինակը ուսուցողական է: Անշուշտ, գիտության և կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումը հարկավոր է, սակայն այն պետք է իրականացնել ոչ թե տիրող համակարգի իսպառ ոչնչացմամբ, այլ դրա աստիճանական բարելավման և զարգացման միջոցով:

   Հեղինակ` պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ թղթակից անդամ, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոնի գիտական ղեկավար,«Вестник древней истории»  ամսագրի գլխավոր խմբագիր ԱՍԿՈԼԴ ԻՎԱՆՉԻԿ:

Թարգմանեց Արաքս Մանուչարյանը

Further Official Information

Link to Original

Similar Opportunities