«ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Կոնգրես» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով շուրջ 200 աշխատատեղ:
Խնդրում ենք ծանոթանալ հետևյալ ուղեցույցում առկա խորհուրդներին, որոնք կնպաստեն տոնավաճառի ընթացքում առավել կողմնորոշված և վստահ լինելուն: Խնդրում ենք այս խորհուրդներով կիսվել նաև ընկերների ու հարազատների հետ:
5 բան, որ պետք է բերել աշխատանքի տոնավաճառ
- Ձեր ինքնակենսագրականի պատճենները: Նախ, համոզվեք, որ ձեր ինքնակենսագրականը 1-2 էջի սահմաններում արդյունավետորեն ներկայացնում է ձեր գիտելիքները, հմտությունները և հնարավորությունները, կատարելագործեք այն, համոզվեք, որպեսզի այն ունենա մասնագիտական տեսք, լինի հեշտ կարդացվող, մաքուր, սպիտակ թղթի վրա և զերծ լինի տառասխալներից: Եթե դուք փնտրում եք միանգամից մի քանի մասնագիտական աշխատանք, ապա նպատակահարմար է պատրաստել մեկից ավելի ինքնակենսագրականներ՝ տարբեր մասնագիտական նպատակներով: Արդյունավետ ինքնակենսագրական գրելու համար կարող եք օգտվել հետևյալ ուղեցույցից http://www.kent.ac.uk/careers/cv/goodbadCV.htm
- Դրական տրամադրվածություն: Առաջին տպավորությունը կարևոր է, ուստի ժպտացեք, եղեք բարեհամբույր և ուրախ:
- 30 վայրկյան տևողությամբ ներկայացում: Առաջարկեք կազմակերպության ներկայացուցչին ձեր ինքնակենսագրականը և պատրաստ եղեք համառոտ ներկայացնել ինքներդ ձեզ՝ անուն, ազգանուն, մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ, ինչքանով է ձեր փորձը համապատասխանում առաջարկվող աշխատանքին:
- Տոնավաճառին ներկայացվելիք կազմակերպությունների մասին տեղեկատվություն: Մինչև տոնավաճառին մասնակցելն ուսումնասիրեք տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատտեղերը, կարդացեք դրանց նկարագրությունները, ծանոթացեք այդ կազմակերպությունների կայքերին և հավաքեք անհրաժեշտ տեղեկատվություն` ճիշտ ինչպես աշխատանքային հարցազրույցից առաջ: Համոզվեք, որ ձեր հմտություններն ու հետաքրքրությունները համապատասխանում են նրանց պահանջներին և տոնավաճառի ընթացքում մոտեցեք այն կազմակերպությունների սեղաններին, որոնց առաջարկած աշխատատեղերը համապատասխանում են ձեր մասնագիտական կարողություններին:
- Էներգիա: Աշխատանքի տոնավաճառների ժամանակ անհրաժեշտ է ոտքի վրա մնալ՝ մի սեղանից մյուսն անցնելով, մեկից մի քանի ժամ: Ամեն անգամ ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս՝ աշխատեք լավագույնս ներկայացնել ձեզ և լինել ինչքան հնարավոր է թարմ:
5 բան, որ չի կարելի անել աշխատանքի տոնավաճառի ժամանակ
- Մի՛ շրջեք տարածքում ընկերների հետ: Ինքնուրույն շփվեք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և թողեք ձեր սեփական դրական տպավորությունը:
- Մի՛ եկեք տոնավաճառին ամենօրյա հագուստով: Աշխատանքի տոնավաճառի մասնակցությունը մասնագիտական գործունեության սկիզբը և ապագա գործատուի հետ ձեր առաջին հանդիպումը կարող է դառնալ, և հետևաբար ձեր արտաքին տեսքը պետք է համապատասխանի մասնագիտական այն շրջանակին, որի մասն եք ցանկանում դառնալ: Հագնվեք պաշտոնական և ունեցեք պատշաճ տեսք, մի՛ կրեք մեծ պայուսակներ կամ այլ ծանր պարագաներ:
- Մի՛ հարցրեք կազմակերպությունների ներկայացուցիչներին, թե նրանք ինչով են զբաղվում և ինչ թափուր աշխատատեղեր են առաջարկում, քանի որ տոնավաճառ այցելելուց առաջ պետք է լավ ուսումնասիրած լինեք բոլոր կազմակերպությունների կայքերն ու առաջարկվող թափուր աշխատատեղերի պահանջները: Խուսափեք ձանձրալի լինելուց և մի փորձեք շեղել որևէ կազմակերպության ներկայացուցչի ողջ ժամանակը միայն ձեր ուղությամբ: Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ այստեղ http://armacad.info/asxatanki-tonavacar-erevanum-kongres-hyuranoc-dektemberi-2-2016՝ կազմակերպության անվան վրա սեղմելով։
- Մի՛ սահմանափակվեք ինքնակենսագրականի մեկ օրինակով: Անպայման ունեցեք մի քանի օրինակներ: Նախընտրելի է պահել ինքնակենսագրականները գործնական տեսք ունեցող փոքրիկ թղթապանակում: Այն կպահի ինքնակենսագրականը կոկիկ վիճակում, ինչպես նաև պիտանի կլինի կազմակերպությունների ներկայացուցիչների այցեքարտերը հավաքելիս:
- Մի՛ եկեք վերջին կես ժամվա ընթացքում: Որոշ գործատուներ կարող են ստիպված լինել շուտ հեռանալ: Եթե ուշանաք, կարող եք բաղ թողնել ձեզ հետաքրքրող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպելու հնարավորությունը:
5 բան, որ անհրաժեշտ է տանել աշխատանքի տոնավաճառից
- Բաց մի թողեք պահը գործատուի հետ շփման ժամանակ և վերցրե՛ք կազմակերպությունների ներկայացուցիչների այցեքարտերը: Տեղեկացեք, թե ում հետ և ինչ հասցեով պետք է կապ հաստատել աշխատանքի դիմելու հետագա քայլերի համար և որպիսին պետք է լինեն այդ քայլերը: Անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչու եք ցանկանում աշխատել տվյալ կազմակերպության համար և, թե ինչ կարող եք անել այդ կազմակերպության համար:
- Նշումներ ձեռք բերած կապերի մասին: Ձեզ հետ վերցրեք թուղթ և գրիչ առանձին կազմակերպությունների վերաբերյալ կարևոր նշումներ կատարելու համար, այդ թվում՝ այն մարդկանց անունները, ովքեր չունեն այցեքարտեր: Ամեն սեղանից հեռանալիս մի քանի րոպե նվիրեք անհրաժեշտ նշումներ անելուն:
- Տեղեկատվություն այն կազմակերպությունների մասին, որոնց հետ դուք կապ եք հաստատել: Շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ կունենան որոշակի տեղեկատվություն, որը դուք կարող եք վերցնել ձեզ հետ, այդ թվում՝ բուկլետներ, աշխատատեղերի նկարագրություններ և այլ տեղեկատվություն:
- Ավելի լավ գաղափար ձեր մասնագիտական հնարավորությունների մասին: Եթե դուք ճիշտ եք օգտագործել միջոցառումը, ապա դուք կապ հաստատած կլինեք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք աշխատանք են առաջարկում ձեր հետաքրքրություններին և հմտություններին համապատասխան: Վերլուծելով նրանց պահանջներն ու ձեր փորձառությունը՝ գնահատեք ինքներդ ձեզ:
- Ինքնավստահություն գործատուների ներկայացուցիչների հետ շփվելիս: Աշխատանքի տոնավաճառը նաև հնարավորություն է տալիս գործնականում կիրառել ձեր՝ հարցազրույցների մասնակցելու հմտություններն ավելի թեթև միջավայրում, քան պաշտոնական հարցազրույցներն են: Օգտագործեք այս հնարավորությունը և խոսեք այն մասին, թե ինչ եք արել, ինչ գիտեք, ինչում եք հետաքրքրված և ինչ կարող եք անել տվյալ կազմակերպության համար:
Շնորհակալություն