Մանածագործությունը և գորգագործությունը պատմական Հայաստանում, մասնավորապես` Արցախում

Publish Date: Apr 24, 2012

Մանածագործությունը և գորգագործությունը պատմական Հայաստանում, 

մասնավորապես` Արցախում

(Ցեղասպանության զոհերի հիշատակին) 
Հրաչ Մարտիրոսյան
Հայ մշակույթի բնագավառների թվում առանձնահատուկ կարևորություն ունի, մասնավորապես, գորգագործությունը: Սա հայագիտության ամենացավոտ, տիպական ու հրատապ ոլորտներից մեկն է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ջանքերը չեն խնայում հայկական գորգերը և մյուս մշակութային արժեքները յուրացնելու ուղղությամբ: Հասկանալի է, որ լեզվաբանությունը ոչ մի ընդհանրություն չունի քաղաքականության հետ: Սակայն տվյալ դեպքում խոսքը, իհարկե, այն մասին է, որ անհրաժեշտ է մեր մշակութային արժեքները առանց գունազարդման (որի կարիքը նրանք չեն զգում) լուսաբանել և համաշխարհային հանրությանը ներկայացնել` ի հակակշիռ թուրքական ու ադրբեջանական թխածո հաղորդագրությունների և «ուսումնասիրությունների»:
Իհարկե, վերջին տարիներին այդ ուղղությամբ արդեն զգալի աշխատանքներ են կատարվել: Հատկապես հարկ է նշել, օրինակ, վերջերս լույս տեսած հետևյալ գիրքը` Վահրամ Թաթիկյան, Արցախի տոհմագորգերը, 2004, Երևան: Սակայն, իմ համոզմամբ, հասունացել է հայագիտության տարբեր գիտաճյուղերի մասնագետների` պատմաբանների, հնագետների, ազգագրագետների, մշակութաբանների, լեզվաբանների և այլոց համախմբմամբ ստեղծել մանածագործության ու, մասնավորապես, գորգագործության պատմության մի յուրատեսակ դասագիրք` հայերեն և անգլերեն լեզուներով: Այս խնդրի իրագործման ճանապարհին նպատակահարմար է աշնանը կազմակերպել մի սեմինար կամ փոքրիկ գիտաժողով: Այս խնդիրներով հետաքրքրված բոլոր մասնագետներին առաջարկում եմ ներկայացնել իրենց աշխատանքներն ու մտքերը: Արդեն որոշ նախնական համաձայնություն ձեռք է բերված Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի քանի գիտաշխատողների հետ: Հուսով եմ մոտ օրերս հարցն ավելի առարկայական կդառնա, և մենք համապատասխան հաղորդագրություն կհրապարակենք համացանցում:
Հայոց լեզուն հնդեվրոպական մայր լեզվից տրոհվելուց հետո անցել է մոտ 5-6.000 տարվա ինքնուրույն ճանապարհ: Հասկանալի է, որ նրանց մանածագործության և, մասնավորապես, գորգագործության վերաբերյալ պատմական տեղեկությունները խիստ սահմանափակ են և, հատուկենտ դեպքերը չհաշված, հիմնականում վերաբերում են վերջին հազարամյակին, իսկ փաստացի նյութը, եթե հատկապես խոսքը վերաբերում է գորգերին, հիմնականում սահմանափակվում է վերջին երկու դարերով: Հետևաբար սիստեմատիկ տվյալներ մատուցող ՄԻԱԿ բնագավառը լեզվաբանությունն է: Մանածագործական ու գորգագործական բառապաշարի բանասիրական ու ստուգաբանական հանգամանալից ուսումնասիրությունը, այսպիսով, առաջնահերթ կարևորության խնդիր է:
Հատկանշական է, որ վերջերս հրատարակվեց առաջավորասիական ու միջերկրածովյան մշակույթների մանածագործական տերմանաբանությունների վերաբերյալ մի շքեղ ժողովածու [C. Michel & M.-L. Nosch (eds.),Textile terminologies in the ancient Near East and Mediterranean from the third to the first millennia BC. Oxford and Oakville: Oxbow Books, 2010. (Ancient textile series; 8)], որտեղ ներկայացված է առանձին մասնագետների հեղինակած 22 հոդված, և այստեղ հայերենն առհասարակ ներկայացված չէ: Առաջարկածս նախագիծը մի կարևոր քայլ կլինի այդ բացը լրացնելու ուղղությամբ:
Այստեղ իմ նպատակը չէ ներկայացնել գիտական հանգամանալից հոդված (այդպիսի աշխատանք կներկայացնեմ պլանավորվող սեմինար-գիտաժողովին): Պարզապես ուզում եմ ներկայացնել լեզվական մի քանի տվյալներ և բացատրել դրանց ասելիքի էությունը:
Եթե արհեստի մի բնագավառի որևէ բառանվանում ունի բնիկ հայկական ծագում, ապա դա նշանակում է, որ հայերենի կրողները տվյալ բառը ժառանգել են հնդեվրոպական մայր լեզվից և այդ բառի արտահայտած հասկացությանը (դենոտատին) ծանոթ են եղել ու այն զարգացրել են 5-6.000 տարի անընդմեջ: Եթե այդ գիծը որևէ տեղ կտրվեր, ապա այդ բառը մեզ չէր հասնի: Եթե միևնույն ոլորտին վերաբերող այսպիսի տերմինները շատ են, ապա դրանք մեզ թույլ են տալիս այդ լեզվական տվյալների հիման վրա վերակազմել արհեստի տվյալ բնագավառի ընդհանուր պատկերը:
Այդպիսի բնիկ տերմիններ են` ասեղնաւթոց, հերիւնհինեմտորգ և այլն: Լրացուցիչ ստուգաբանական հետազոտությունների դեպքում հնարավոր է, որ սրանց հարեն նաև մի շարք այլ բառեր` ազբնթելհիւսեմ,մանեմոստայնստէծ և այլն:
Մի օրինակ: Հայերեն տորգ ‘ոստայնի հյուսք, գորգագործական դազգահ’ բառը ծագում է հնդեվր. *doru̯‘փայտյա գործիք’ ձևից, որն արտացոլված է նաև հիեր. լուվ. tarw-i(i̯a)- ‘wooden beam’ և սանսկր. dárvi f. and darvī́ f. ‘գդալ’ բառերում (հմմտ. և, նույն արմատից, հայ. տարգալ ‘գդալ’ և խեթ. GIŠtaru̯-āli- ‘սանդ’): Հիշենք, որ հնդեվրոպական *-u̯ հնչույթը հայերենում օրինաչափորեն արտացոլվում է որպես գ, հմմտ. *(e/o)in(y)o- >գինի*dayer- (հմմտ. ռուս. деверь ‘տեգր’, սանսկր. devár- և այլն) > տայգր/տագր ‘տեգր, ամուսնու եղբայրը’,արեւ-ի կողքին հին սեռականի արեգձևը և այլն:
Իսկ երբ գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, երբ մանածագործական տերմինը հայակազմ բառ է, այսինքն` կազմվել է հայերենի լեզվական միջոցներով (առէջկկոցկոփիչ և այլն), ապա  մենք դրան չենք կարող վերագրել նույնչափ հնություն. բայց տվյալ դեպքում էական է և այն հանգամանքը, որ տերմինն ստեղծվել ու զարգացել է հայկական միջավայրում և չի փոխառվել որևէ այլ լեզվից:
Մյուս կողմից, իհարկե, փոխառություններն էլ կարևոր ասելիք ունեն: Հայերը հազարամյակների ընթացքում ապրել են բազմաթիվ հին ու նոր ժողովուրդների հարևանությամբ, ուստի արհեստի ոչ մի ոլորտ չէր կարող զարգանալ մեկուսի և չընդգրկվել միջմշակութային հարաբերությունների համատեքստում: Հետաքրքիր է, որ երբեմն միևնույն բարբառում կողք-կողքի գտնում ենք միևնույն հասկացությունն արտահայտող հոմանիշ / նույնանիշ հայկական ու փոխառյալ բառեր: Օրինակ` ջուլհակագործական դազգահի գլանաձև մասը Համշենի բարբառում ներկայացված է և էղէգ բառով, որն արտացոլում է հայերեն եղէգն-ը, և հունարենից փոխառվածգալօմ բառով:
Հատկապես հետաքրքիր են հնագույն փոխառությունները այն լեզուներից, որոնք հիմա այլևս կենդանի չեն: Այս կապակցությամբ ուշագրավ է հետևյալը: Գամիրքի հայերին նվիրված իր ուսումնասիրության մեջ Թեմուրճյանը (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 1, 1970, էջ 43-44) ենթադրում է, որ Կյուրինի ջուլհակագործական համբավավոր ավանդույթն ուղղագծորեն շարունակում է խեթական աղբյուրների վկայած ավանդույթը, ըստ որի` այս նույն տարածքներում գտնվող Arinna-ն ջուլհակագործների առանձնաշնորհյալ քաղաք էր: Եթե հետազոտությունները ցույց տան, որ այս գաղափարը հավաստի է կամ մոտ է իրականությանը, ապա կիմաստավորվեն արհեստագործական մի շարք տերմիններ, որոնք կարող են արտացոլել հայ-խեթական առնչությունները: Այստեղ միայն նշեմ կարժ ‘թելի փաթույթ’ բառը, որը հավաստի ստուգաբանություն չունի. իմ նախնական վարկածի համաձայն այն կարող է կապ ունենալ խեթ. karza- բառի հետ, որ նշանակում է ‘թելի կոճ’ կամ նման մի բան (‘spool, bobbin’ vel. sim.):
Մյուս կողմից` առանձնահատուկ կարևորություն ունեն մանածագործական ու գորգագործական հայերեն այն տերմինները, որոնք հայերենից փոխառվել են այլ լեզուների կողմից: Դեռևս Աճառյանը (ՀԱԲ 2. 524) զգուշավորությամբ առաջ է քաշել այն տեսակետը, որ անգլ. carpet և եվրոպական մյուս լեզուների համապատասխան բառերը փոխառված են հայերեն կարպետ բառից: Կան նաև եվրոպական այս բառերի այլ ստուգաբանություններ, ուստի խնդիրը դեռ կարիք ունի մանրակրկիտ ուսումնասիրության: Եթե սրանք իրոք կապված են հայերեն կարպետ բառի հետ (ինչը շատ հավանական է), ապա այդ կապը կարելի է մեկնաբանել միայն որպես հայերենից կատարված փոխառություն, քանի որ հայերեն կարպետ բառը ոսկեդարյան կապերտբառի ավելի ուշ` միջինհայերենյան և բարբառային տարբերակն է, որ ներկայացնում է հնչյունափոխություն (բաղաձայնների դրափոխություն). ճիշտ այնպիսին, ինչպիսին գտնում ենք, օրինակ, կամուրջ կարմու(ն)ջդեպքում: Եվրոպական ձևերն արտացոլում են հայերեն բառի ոչ թե հնագույն` կապերտ ձևը, այլ նրա` հենց հայերենի հողի վրա ստեղծված կարպետ միջինհայերենյան տարբերակը: Ուստի պրակտիկորեն անհնար է հայերեն բառը համարել փոխառյալ:
Կարելի է նշել նաև, որ թուրքերեն բազմաթիվ գորգագործական տերմիններ փոխառյալ են համարվում հայերենից: Այս խնդրին է նվիրված, օրինակ, Հարություն Գայայանի հոդվածը` Գորգագործության մեջ կիրառվող հայերեն փոխառյալ բառեր թուրքերենում. ԼՀԳ 1977, № 8. 85-99:
Մեր այսօրվա իրականության մեջ հատկապես հրատապ է Արցախի գորգերի խնդիրը:
Հայ և օտարազգի պատմիչների բազմաթիվ տեղեկությունները, ճարտարապետական կոթողները, խաչքարերը, վիմագիր արձանագրությունները և այլ նյութեր հստակորեն ցույց են տալիս, որ ադրբեջանցի «պատմաբանների» այն պնդումները, թե հայախոս տարրը Ղարաբաղ է թափանցել միայն վերջին մեկ-երկու դարի ընթացքում, պարզապես անզորությունից ծնված ջղաձգումներ ու զառանցանքներ են:
Իմ «Հայոց լեզվի պատմականությունը Արցախի և Ուտիքի տարածքներում» - http://armscoop.com/?p=3011 հոդվածում փորձել եմ ցույց տալ, որ Արցախի, Ուտիքի և հարակից տարածքներում հայախոս բնակչության շարունակական ներկայությունը կարող է հիմնավորվել, ի լրումն գիտության այլ բնագավառների ընձեռած փաստերի, նաև լեզվական տվյալներով:
Այս հենքով պետք է քննել նաև մանածագործական և գորգագործական բառապաշարը: Չափազանց ուշագրավ է, որ հին հայկական մատենագրության մեջ վկայված մի շարք այդպիսի տերմիններ բարբառներից պահպանվել են միայն Ղարաբաղում. հմմտ. օրինակ, ոստայն և վերոհիշյալ տորգ բառերը: Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ հայերեն որոշ բառեր գորգագործական տերմին են դարձել զուտ Ղարաբաղի բարբառում: Այդպիսի հստակ օրինակ է կոփիչ բառը, որը հնում նշանակել է ‘թակ, ուրագ’, Կիլիկիայում պահպանվել է ‘լվացք ծեծելու տոփան’ և միայն Ղարաբաղում ու հարակից վայրերում դարձել է գորգագործական տերմին` ‘ոստայնի թելերը խփելով նստեցնելու գործիք’ նշանակությամբ:
Շատ կարևոր է և այն հանգամանքը, որ հին հայկական Աստղիկ/Անահիտ դիցուհու կերպարը Ղարաբաղում հանդես է գալիս մանածագործական / գորգագործական համատեքստում (տիպաբանորեն հմմտ. հունական Աթենաս դիցուհու հայտնի կերպարը): Այս հարցին որոշ չափով անդրադարձել եմ իմ գրքում (Martirosyan 2010. 678-680), սակայն հուսով եմ այն ավելի հանգամանորեն քննել մոտ ապագայում:
Այս կարգի բոլոր տվյալների համակողմանի ուսումնասիրությունը զգալիորեն կնպաստի այս ակնարկումս մատնանշված խնդիրների լուսաբանման գործին:
Հրաչ Մարտիրոսյան
hrch.martirosyan@gmail.com
24.04.2012, Լեյդեն

Similar Opportunities