KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Զբոսավարների պատրաստման դասընթաց , «ԿԱԶԱ» հիմնադրամ

Publish Date: Aug 30, 2017

Deadline: Sep 19, 2017

1.jpg-8b76c

2.jpg-8b76c3.jpg-7b7a14.jpg-7b7a1

ԻՆՉՈՒ՞ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Արագ զարգացող զբոսաշրջությանը զուգընթաց՝ Հայաստանում աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը:  2005թ.-ից ի վեր՝ հիմնադրամն իրականացնում է զբոսավարների պատրաստման առկա դասընթաց, որին վերջերս հավելեցինք առցանց  բաղադրիչը՝ այն ավելի հասանելի դարձնելու համար նաև այն անձանց, ովքեր ունեն ժամանակի կամ տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ: Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի և ցանկանում են ձեռք բերել զբոսավարին անհրաժեշտ գիտելիք և հմտություններ:

Դասընթացը բաղկացած է ավելի քան 15 տարբեր առարկաներից և տևում է 7 ամիս: Դասավանդման լեզուն հայերենն է: Ողջ բովանդակությունը՝ տեսական նյութ, գործնական աշխատանքներ, այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, մշակվել է հմուտ զբոսավարների և յուրաքանչյուր ոլորտի մասնագետների համատեղ ջանքերով: Մեր առաջարկը զարգանում է աշխատաշուկայի ներկա պահանջներին և զբոսավարների մասնագիտական կարիքներին համապատասխան:

Ի՞ՆՉ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ

Դասավանդվող ավելի քան 15 տարբեր առարկաներն ընդգրկում են հայոց պատմություն, կրոն, աշխարհաքաղաքականություն, տնտեսություն, արվեստ, ճարտարապետություն, մշակույթ, ինչպես նաև զբոսավարի հմտություններ և վարվեցողության կանոններ, արտակարգ իրավիճակների արձագանքում, առաջին օգնություն  և այլն:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ  ՄԵԹՈԴՆԵՐԸ

Կիրառում ենք ուսուցման խառը մեթոդը, որը ներառում է առցանց դասեր, լսարանային հանդիպումներ, այցելություններ թանգարաններ և զբոսաշրջային վայրեր. վերջիններս օգնում են գործնականում ամրապնդել ձեռք բերված տեսական գիտելիքները:

Ուսուցման խառը մեթոդը համադրում է ուսուցման տարբեր ձևեր և բազմազան առաջադրանքների օգնությամբ դյուրացնում ուսուցման գործընթացը: Այն նվազեցնում է ժամանակի և տեղաշարժման ծախսերը՝ հնարավորություն ընձեռելով սովորել ցանկացած վայրից: Այս մեթոդը վստահություն է ներշնչում ուսանողներին և քաջալերում լինել ավելի պատասխանատու իրենց իսկ կրթության նկատմամբ, դառնալ անկախ ուսանողներ, ովքեր չեն դադարի սովորել դասընթացից հետո ևս, քանի որ զբոսավարի մասնագիտությունը պահանջում է մշտապես իրազեկ լինել տեղական և համաշխարհային զարգացումներին:

Մեր դասընթացի յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է անհատական ուղղորդում արհեստավարժ զբոսավարի կողմից, ինչը հեշտացնում է ուսման ողջ ընթացքը և նպաստում ուսանողի մասնագիտական հետագա ուղու կայացմանը: Իսկ էլեկտրոնային հարթակի կանոնավոր կիրառումը զարգացնում է մեր օրերում մասնագիտական  աճի համար անհրաժեշտ համակարգչային հմտություններ:

Քանի որ էլեկտրոնային ուսուցումը նոր է Հայաստանում, վերջինիս մասին՝ մի փոքր մանրամասն։

Առցանց մոդուլները դասընթացի ողջ ընթացքում  նպատակ ունեն լրացնելու լսարանային դասերին : Դրանք կազմված են ընթերցանության նյութերից, ձայնա- և տեսանյութերից, ֆորումներից, տարբեր առաջադրանքներից և հարցաշարերից:

Ընթերցանության նյութեր. ընթերցանության նյութեր դասավանդվող ավելի քան 15 առարկաների շուրջ, ինչպես նաև լրացուցիչ նյութեր այն ամենատարբեր թեմաների վերաբերյալ, որոնք արծարծվում են դաընթացի ընթացքում՝ լսարանային դասերին լրացնող թեմատիկ հանդիպումների ժամանակ:

Ձայնա- և տեսանյութեր. տարատեսակ նկարներ, ձայնանյութեր և տեսանյութեր, որոնք դասընթացին առավել ինտերակտիվ բնույթ են հաղորդում և օգնում զարգացնել կոնցեպտուալ մտածողությունը:

Ֆորումներ. խոսքը քննարկման հարթակների մասին է, որոնք օգնում են դասընթացի շրջանակներում ստեղծել «համայնք»՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով շփվելու միմյանց և իրենց դասախոսների հետ, ինչպես նաև ստանալու արժեքավոր արձագանքներ վերջիններիս կողմից: Ֆորումները մասնակիցներին ավելի շատ ժամանակ են տալիս մտածելու, ուսումնասիրելու, իրենց մտքերը շարադրելու, տեսնելու և արձագանքելու այլոց աշխատանքներին, զարգացնելու իրենց մտավոր և գրավոր կարողությունները:

Հարցաշարեր. ինքնագնահատման հրաշալի գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես ծանոթանալու կատարված առաջադրանքի արդյունքներին՝ թույլ տալով ուսանողներին վեր հանել սեփական ուժեղ և թույլ կողմերը և կենտրոնանալ վերջիններիս բարելավման վրա:

Անհատական և խմբային աշխատանքներ. նպաստում են դասընթացի ընթացքում շոշափված թեմաների և հասկացությունների հետագա ուսումնասիրմանը: Այս առաջադրանքները միմյանց են կապում դասընթացի տարբեր բաղկացուցիչ մասերը՝ օգնելով մասնակիցներին յուրացնել սովորածը և ավելի խորությամբ ըմբռնել  նյութը :

Առցանց ֆասիլիտատոր. վերջինս էլեկտրոնային հարթակում բոլոր մասնակիցների համար ստեղծում է անվտանգ և ուսուցմանն ու հաղորդակցությանը նպաստող միջավայր՝ ապահովելով սերտ կապ դասընթացի մյուս բաղադրիչների հետ, ինչպես նաև ամենօրյա տեխնիկական աջակցություն մասնակիցներին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական, որն այսօր լայնորեն ճանաչված է զբոսաշրջային գործակալությունների կողմից:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Դասընթացը մշակված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ձեռք բերել զբոսավարի մասնագիտությանն անհրաժեշտ գիտելիք և հմտություններ:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Դասընթացի արժեքն է 224.000 ՀՀ դրամ (ամիսը՝ 32.000դրամ) :

Հիմնադրամը խոստումնալից ուսանողներին  տրամադրում է կարիքի վրա հիմնված կրթաթոշակներ (առավելագույնը  50%-ի չափով):

ՄԵՐ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

Դասընթացը վարում են հմուտ զբոսավարներ, ինչպես նաև ոլորտի (պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, արվեստ, և այլն) բարձրակարգ փորձագետներ: Հաճախ հյուրընկալում ենք նաև դասախոսների Եվրոպայից:

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձմռան ամիսների ընթացքում փորձառու զբոսավարներին  առաջարկում ենք վերապատրաստում:Այս վերապատրաստումները եզակի հնարավորություն են տալիս արդեն աշխատանքային փորձ ունեցող զբոսավարներին խորացնել և թարմացնել իրենց գիտելիքները որոշ բնագավառներում, ունենալ փորձի փոխանակում գործընկերների հետ: Ներկայացվող թեմաներն առաջարկում են մասնակիցներն իրենք՝ ելնելով աշխատանքային տարվա ընթացքում իրենց կուտակած հարցերից:

«ԿԱԶԱ» -Ի ՄԱՍԻՆ

«ԿԱԶԱ» հիմնադրամը հայ-շվեյցարական կազմակերպություն է, որը 1997թ.-ից ի վեր՝ գործում է ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման: Սկզբում ստեղծված լինելով որպես մարդասիրական նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել կարիքավոր հայերին՝ կազմակերպությունն այսօր վերածվել է գործուն մի կառույցի, որը փնտրում է տևական լուծումներ՝ անհապաղ աջակցության փոխարեն, նպաստելով երկրում որակյալ կրթության, սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության և «համերաշխ» գյուղատնտեսության զարգացմանը: Հիմնադրամն իր գործունեության հիմնասյունն է համարում երիտասարդների և նրանց ողջ ներուժի իրացումը (անձնական, հասարակական  և մասնագիտական ներդաշնակ զարգացում):

Զբոսավարների պատրաստման դասընթացը հավատարիմ է հիմնադրամի կողմից որդեգրած՝ սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներին, որը նպաստում է ապրուստի միջոցների ստեղծմանը, տեղական համայնքների աջակցությանը, Հայաստանի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը,  հայ ժողովրդի բացահայտմանն ու նրա հետ երկխոսության դյուրացմանը :

Գրանցվելու համար գրել նամակ՝ guides@kasa.am հասցեին կամ զանգահարել 010 54 18 44   հեռախոսահամարով 

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia