ASPIRANTUM - Armenian School of Languages and Cultures  Follow

ԱՇԽԱՏԱՆՔ - Հայոց լեզվի ուսուցիչ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄ լեզուների դպրոց

Publish Date: Oct 22, 2020

Deadline: Feb 15, 2024

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄ - լեզուների և մշակույթների հայկական դպրոցը փնտրում է հայոց լեզվի ուսուցիչ, ով օնլայն եղանակով հայերեն է դասավանդելու օտարերկրացիներին։

Մինչև այս աշխատանքին դիմելը խնդրում ենք կարդալ այս հայտարարությունն ամբողջությամբ։

Արդեն 10 տարի է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄը օտարերկրացիների համար իրականացնում է հայերենի, պարսկերենի և ռուսերենի դասընթացներ։ Մինչև 2020 թվականը բոլոր դասընթացները կազմակերպվում էին Երևանում, իսկ 2020 թվականից և կորոնավիրուսով պայմանավորված ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄն իր դասընթացները կազմակերպում է նաև առցանց։ 2020 թվականի հուլիսից ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄն իրականացնում է միայն պարսից լեզվի առցանց դասընթացներ։ Մինչ օրս կազմակերպել ենք պարսից լեզվի 4 առցանց դասընթաց։ Մենք մեծ ցանկություն ունենք կազմակերպել նաև հայոց լեզվի առցանց դասընթացներ և հենց այդ նպատակին հասնելու համար էլ փնտրում ենք հայոց լեզվի փորձառու դասավանդող։

Մեր դպրոցում հայոց լեզու դասավանդող մասնագետը պետք է տիրապետի անգլերենին, ունենա լեզվաբանական կրթություն և օտարերկրյա ուսանողներին դասավանդելու փորձ։ 

Մեր դպրոցում դասավանդող մասնագետը պետք է գրի և մեզ ներկայացնի յուրաքանչյուր դասընթացի մանրամասն անգլերեն ծրագիր (syllabus)։ Այս ծրագիրը հրապարակվելու է մեր դպրոցի կայքում և հասանելի է լինելու բոլոր դիմողներին, ինչպես նաև առցանց դասընթացին մասնակցող ուսանողներին։

Մեր դպրոցում նախատեսվում են հայոց լեզվի միջին (intermediate) և բարձր տարրական (upper elementary) մակարդակի դասընթացներ։ Յուրաքանչյուր նման դասընթացը տևում է երեք կամ չորս շաբաթ։ Յուրաքանչյուր օր առցանց դասընթացը տևում է 4 ժամ։ Այսինքն ուսանողները յուրաքանչյուր շաբաթ աշխատանքային օրերին մասնակցում են ամեն օր 4 ժամ տևող դասընթացի՝ շաբաթվա ընթացքում մասնակցելով 20 ժամվա լեզվի դասընթացի։ Օրինակ այս հղումով https://aspirantum.com/curriculum/persian-intermediate-syllabus կարող եք ուսումնասիրել պարսից լեզվի միջին մակարդակի ծրագիրը։ Պարսից լեզվի բարձր տարրական մակարդակի ծրագիրը դեռ առկա չէ կայքում, շուտով այն նույնպես կհրապարակենք։ 

Մեր դպրոցում զուգահեռաբար կազմակերպվում են մասնագիտական ու ավելի թիրախային լեզվի դասընթացներ։ Օրինակ մենք արդեն մեկ անգամ կազմակերպել ենք «Սովորի՛ր պարսկերեն Շահնամեի միջոցով» https://aspirantum.com/curriculum/learning-persian-through-shahname-syllabus դասընթացը, որը նախատեսված էր պարսից լեզվի միջինից բարձր մակարդակ ունեցող ուսանողների համար։ Շուտով նաև տեղի կունենա «Սովորի՛ր պարսկերեն Ռումիի Մասնավիի միջոցով» https://aspirantum.com/curriculum/learn-persian-through-rumi-masnavi-syllabus դասընթացը։ 

Մենք հայոց լեզվի ընդհանուր միջին և բարձր տարրական մակարդակների դասընթացներին զուգահեռ պետք է ունենանք նաև մասնագիտական ու ավելի խորը դասընթացներ, օրինակ «Սովորի՛ր հայերեն Չարենցի ստեղծագործությունների միջոցով» կամ «Սովորի՛ր հայերեն Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգություն ստեղծագործության միջոցով»։ Ստացվում է, որ եթե հետաքրքրված լինեք նման դասընթաց պատրաստելով և դասավանդելով, ապա լեզվաբանական խորը գիտելիքներից զատ պետք է նաև ունենաք գրականագիտական, նախընտրելի է համեմատական գրականագիտական գիտելիքներ և դրանք անգլերենով դասավանդելու հմտություններ ու փորձ։

Եվ ուրեմն, եթե ցանկանում եք դիմել մեզ ու դասավանդել մեր դպրոցում, ապա պետք է դասավանդման պատրաստի ծրագրեր ունենաք, կամ կազմեք։

Մեր դպրոցում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչը պետք է լինի ոչ միայն հիանալի մասնագետ այլ նաև ստեղծագործ ու ստեղծարար անձնավորություն։ Վերևում նշված են ուղղակի հավանական ու հնարավոր դասընթացների օրինակներ։ Մենք ակնկալում ենք որ մեզ դիմող ուսուցիչները հանդես կգան նաև իրենց առաջարկներով ու կհարստացնեն մեր առարկաներն իրենց կազմած դասընթացներով։ 

Մեր դասընթացների մասին մեր ուսանողների կարծիքների հետ կարող եք ծանոթանալ այստեղ։ https://aspirantum.com/testimonials

Կախված ուսանողների քանակից մեր դասավանդողները վարձատրվում են շաբաթական 50-ից մինչև 150 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

Եթե դուք հայոց լեզվի լավագույն մասնագետներից եք և, ուսումնասիրելով մեր կայքը, համարում եք, որ կարող եք ձեր մասնագիտական կարողություններով ներդրում ունենալ հայոց լեզուն աշխարհում տարածելու ու օտարերկրյա ուսանողներին այն լավագույնս դասավանդելու գործում, ապա խնդրում ենք ձեզ մինչև 2020 թվականի նոյեմբերի 2-ը նամակ ուղարկել armenian@aspirantum.com հասցեին, պատմել ձեր մասին, ներկայացնել ձեր առաջարկներն ու փորձը։ Խնդրում ենք ուղարկել նաև ձեզ հետ կապ հաստատելու տարբերակներն ու ձեր ինքնակենսագրականը։

Մենք կուսումնասիրենք բոլոր նամակներն ու կապ կհաստատենք բոլոր նախընտրելի թեկնածուների հետ։

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Eligible Countries

International