Հայկական տարրերն ուշ միջնադարյան իսլամական համայնքներում – գիտաժողով Միչիգանի համալսարանում

Publish Date: Jun 24, 2011

2011թ. մայիսի 9-11 ԱՄՆ–ի Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի (Armenian Studies Program, University of Michigan, Ann Arbor) նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Հայկական տարրերն ուշ միջնադարյան իսլամական համայնքներում» վերնագրով: Հայաստանից գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանը, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայի II կուրսի ուսանող, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սոնա Թաջիրյանը, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասիստենտ, դասախոս, պ.գ.թ. Ռոման Սմբատյանը:

Լիլիթ Հարությունյանը հանդես եկավ «Բզմմառի հայ կաթոլիկ վանքի հիմնադրումը» զեկուցմամբ, որի շրջանակներում ներկայացվեց Լեռնային Լիբանանում հայ կաթոլիկ համայնքի կազմավորման և Բզմմառում հայ կաթոլիկ պատրիարքության հիմնադրման գործընթացը: Ռոման Սմբատյանը ներկայացրեց «Նադիր շահի կրոնական քաղաքականությունը հայերի նկատմամբ» զեկույցը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Նադիր շահի օրոք հայ-իրանական հարաբերություններին և Իրանի շահի վերաբերմունքը հայ կաթողիկոսությանն ու մելիքներին: Սոնա Թաջիրյանը հանդես եկավ «Հայ վաճառականների կերպարը (Սեֆյան Իրան, Օսմանյան կայսրություն, 16-18-րդ դդ.)» զեկուցմամբ, որտեղ շոշափվեցին 16-18-րդ դդ. Մերձավոր Արևելքում առևտուր անող հայ վաճառականական ցանցի ներկայացուցիչների կերպարն ու դրա իդեալականացման խնդիրը հայ պատմագրության մեջ։

Զեկույցներին հաջորդեցին երկարատև քննարկումներ, հարց ու պատասխաններ: Գիտաժողովի կազմակերպիչներ իրանական պատմության և մշակույթի պրոֆեսոր Քեթրին Բաբայանը, հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր Գևորգ Բարդաքչյանը, հայոց նոր և նորագույն պատմության պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը և սոցիալական և քաղաքական պատմության պրոֆեսոր Ռոնլադ Սյունին ամփոփեցին գիտաժողովի արդյունքները։ Նրանք նաև առանձին–առանձին անդրադարձան բոլոր զեկուցողների աշխատանքներին՝ անդրադառնալով դրանց դրական կողմերին և թերություններին։

Similar Opportunities