Փոքր դրամաշնորհների մրցույթ - «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագիր

Publish Date: Dec 21, 2018

Deadline: Jan 25, 2019

«ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագիր

Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդև Վարդահովիտ համայնքներում զբոսաշրջային պրոդուկտների ստեղծմանն ուղղված փոքր դրամաշնորհների հնարավորություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ) համար: 

«ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Դրամաշնորհների հիմնական նպատակը Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում նոր զբոսաշրջային փորձառությունների և/կամ պրոդուկտների ստեղծումն է, ինչպես նաև մարզերի զբոսաշրջային պոտենցիալի ընդլայնումը՝ առկա զբոսաշրջային հնարավորությունների ամրապնդման, այդ թվում դրանց ենթակառուցվածքների բարելավման, նոր զբոսաշրջային փաթեթների ստեղծման և զբոսաշրջային հոսքերի խթանման միջոցով։

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանում զբոսաշրջության առաջանցիկ աճի տեմպերը նոր հնարավորություններ են ստեղծում նաև գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ապահովման և եկամտի հավելյալ աղբյուրների ստեղծման համար։ Այս միտումն ընդգծված կերպով նկատելի է Հայաստանի գրեթե բոլոր հիմնական զբոսաշրջային ուղղությունների վրա տեղակայված համայնքներում, որտեղ բուռն թափով ավելանում են զբոսաշրջային ծառայություններ մատուցողների քանակը՝ հիմնականում հյուրատների և սննդի մատուցման ծառայությունների տեսքով։ 

Հայաստանը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, անձեռակերտ բնությամբ, հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Այն հմայում է այցելուներին իր լեռներով, անտառներով, կանաչ դաշտերով, զարմացնում է հազարամյակների խորքերից մեզ հասած արժեքներով և ավանդույթներով: Այս արժեքավոր բնական և մշակութային ժառանգությունը խոստանում է գյուղական զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացում և, զուգակցվելով հայկական հյուրընկալության ավանդույթի հետ, զբոսաշրջության գրավչության համար առկա է հսկայական ներուժ: 

Սակայն գրեթե բոլոր գյուղական վայրերում ակնհայտ է համապատասխան զբաղմունքների գյուղական զբոսաշրջային գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքների պակասը և հիմնականում ծառայություններ մատուցողները սահմանափակվում են հյուրերին գիշերակաց և սնունդ տրամադրելով՝ չնայած համայնքներում առկա հսկայական բնական և պատմամշակութային ռեսուրսների, որոնք կարող են լրացուցիչ հետաքրքրություն ապահովել շարքային և արկածային զբոսաշրջիկներին՝ խրախուսելով հյուրերին տեղերում անցկացնել կամ պլանավորել ավելի շատ գիշերներ։

Նմանատիպ խնդրի հետ են բախվում նաև Ճամբարակի և Վայոց Ձորի տարածաշրջաններ այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկները, որոնց հնարավորություն չի ընձեռնվում առնչվել ոչ մի  ժամանցային հնարավորության և հետաքրքրության: Այս դրամաշնորհն ուղղված է Ճամբարակի տարածաշրջանի նախապատմական հնագիտական ժառանգության, ինչպես նաև Վայոց Ձորի բնական և մշակութային ժառանգության ռեսուրսների հետագա զարգացմանը: Այստեղ վերջերս բացահայտված և դեռևս շարունակաբար բացահայտվող նախապատմական հնագիտական վայրերը սկսել են տարածաշրջան գրավել ավելի շատ թվով այցելուներ սկսած միջազգային հայտնի մասնագետներից մինչև պարզապես զբոսաշրջիկների և այցելուների։ 

Այս ծրագիրը կաջակցի Ճամբարակի խոշորացված համայնքին և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներին իրացնել առկա զբոսաշրջային պոտենցիալը՝ ստեղծելով նոր զբոսաշրջային պրոդուկտներ, որոնք հիմնված կլինեն տեղական յուրահատուկ և մրցունակ ռեսուրսների վրա։ Այս ամենի իրագործումը դրականորեն կանդրադառնա տեղական տնտեսության վրա։ 

Գյուղական զբոսաշրջությունն ունի բազմաթիվ առավելություններ: Թերևա ամենակարևորներից մեկը դա համայնքի/տարածաշրջանի ճանաչելության բարձրացումն ու հզորացումն է, որն իր հերթին բերում է եկամուտների ստեղծման հնարավորությունների ավելացման: Շատ երկրներում հնագիտական և պատմական զբոսաշրջության զարգացումը գրավում է նոր զբոսաշրջիկների և ստեղծվող պրոդուկտները կնպաստեն տարբեր հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկների խմբերի և / կամ ընտանիքների այցելություններ ավելի գրավիչ դարձնելուն։ Սա իր հերթին անշեղորեն տանում է հարակից բնակավայրի/տարածաշրջանի կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացմանը։ 

Այս համայնքների նկատմամբ մեծ ուշադրությունը կարող է ուժեղացնել նաև տեղական ինքնությունը և տեղացիների կապվածությունն իրենց բնակավայրի հետ, քանի որ տարածքի շրջակայքի համայնքները դառնում են ավելի ներգրավված և ներդրում են կատարում տեղական զարգացման մեջ, որը նաև նրանց է օգուտ բերում: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան այցելում են շատ զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքրված են պատմությունով և կրոնով, Վայոց Ձորում և Ճամբարակում հնագիտական և մշակութային զբոսաշրջության մեջ կատարվող ներդրումները ունեն մեծ վերադարձելիության տոկոս։ 

Հնագիտական, մշակութային և բնական ռեսուրսները կարևոր են ոչ միայն տուրիզմի զարգացման համար տեղական մակարդակով, այլ նաև բնակիչներին սեփական անցյալը ճանաչելի դարձնելու համար:

ԾՐԱԳՐԻ ԼՈՏԵՐ

Ծրագիրը բաղկացած է երկու լոտերից՝

Լոտ 1։ Ստեղծել հնագիտական զբոսաշրջային փորձառություն կամ պրոդուկտ Ճամբարակի խոշորացված համայնքում և մշակութային կամ բնության վրա հիմնված փորձառություն կամ պրոդուկտ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում։

Լոտ 2։ Ստեղծել գյուղական զբոսաշրջային փորձառություն կամ պրոդուկտ Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում։

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌԻ՝

1.Այցելուներին ուղղված ժամանցային և ինտերակտիվ լուծումներ,

2.Կրթական ներառյալ բնապահպանական լուծումներ,

3.Ֆինանսական հստակ մոդել, թե ինչպես է տվյալ պրոդուկտի ֆինանսական կայունությունն ապահովվելու։

Նոր տեխնոլոգիական լուծումների կիրառումը խիստ խրախուսվում է և կգնահատվի ընտրության ժամանակ։ 

ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Այս փոքր դրամաշնորհների հնարավորությունը բաց է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար։ Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին կարող են դիմել նաև Հայաստանի այլ մարզերում գրանցված ՔՀԿ-երը, եթե ունեն գործընկեր ՔՀԿ Գեղարքունիքի մարզում։ 

1.Կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք (3) տարվա նախկին փորձառություն:

2.Դիմումը պետք է ներառի թիմում ընդգրկված հիմնական մասնագետների ինքնակենսագրությունները։

3.Դրամաշնորհն ազատված է լինելու ԱԱՀ-ից։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Լոտ 1։ Երկու ընտրված ծրագիր կստանա ֆինանսավորում «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրից, որոնցից յուրաքանչյուրը կստանա 9,700,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։ 

Լոտ 2։ Հինգ ընտրված ծրագիր կստանա ֆինանսավորում «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրից, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1,500,000-ից մինչև 2,800,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։

Ծրագիրը պետք է նախատեսված լինի 4-6 ամսվա իրականացման համար: 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Գնահատման հանձնաժողովի անդամները գնահատելու են դիմումները 0-5 սանդղակով և ստորև ներկայացված աղյուսակի չափորոշիչների և տոկոսների հիման վրա.

https://www.wvi.org/sites/default/files/styles/large/public/Untitled2.png?itok=yBsmGOLd

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 

Տվյալ դրամաշնորհին դիմելու համար խնդրում ենք լրացնել կից  դիմումը, կցել իրականացնող թիմի ինքնակենսագրականները, գործողությունների պլանը, ինչպես նաև ծրագրի բյուջեն և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wvarmenia@wvi.org (փաստաթղթերն` այստեղ)։ 

Ծրագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է 25-ը հունվարի, 2019թ․, ժամը 17։00։ 

Հետաքրքրված դիմողների համար կանցկացվի կողմնորոշիչ քննարկում 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակում (Ռոմանոս Մելիքյան 1)։ 

Similar Opportunities


Opportunity Types

Grants

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia