«Գրադարանային գործ և տեղեկատվական համակարգեր» մասնագիտացման հեռանկարը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում. վերապատրաստման դասընթացներ Վրաստանում և Բուդապեշտում

Publish Date: Aug 30, 2010

Նարինե Վարդանյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում` որպես ուսումնական մասի գլխավոր մասնագետ: Նա միաժամանակ դասավանդում է նաև նույն կենտրոնի Լրագրության բաժնում «ԶԼՄ լեզու և ոճ» առարկան: Նարինեն 2010 թ. հուլիսի 3-17-ը «Գրադարանային և ինֆորմացիոն գիտություն” ծրագրի շրջանակում մեկնեց Թբիլիսի` մասնակցելու ամառային դպրոցի: Բացի Հայաստանի ներկայացուցիչներից ծրագրին մասնակցում էին նաև Վրաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները: Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է:

Նախորդ` 2009 թ. այն անց է կացվել Հայաստանում, իսկ հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել Ուզբեկստանում: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել և նպաստել թվային գրադարանների ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում ստեղծել նոր մագիստրոսական կրթական ծրագիր «Գրադարանային գործ և տեղեկատվական համակարգեր» մասնագիտացմամբ, ինչպես նաև ուսանողների, դասախոսների վերապատրաստում: Ամառային դպրոցում դասավանդումն իրականացվել է իտալացի, իսպանացի, ռուս, լատվիացի և անգլիացի դասախոսների կողմից: Ամառային դպրոցի շրջանակներում Նարինեն ծանոթացավ գրադարնագիտության, գրադարանային գործի կազմակերպման, արխիվների ստեղծման և վարման  մեթոդներին, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 8 հոգանոց թիմի հետ կազմեցին և առաջարկեցին ուսումնական պլան, որը համարվեց ներկայացված պլաններից լավագույնն ու ամենաարդյունավետը: Այս ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում արդեն բացվել են երկու համակարգչային լսարաններ, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով, ինչպես նաև մշակվել է ուսումնական պլան, որով «Գրադարանային գործ և տեղեկատվական համակարգեր» առարկան դասավանդվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայում:

Իսկ ահա 2009թ.-ին Նարինեն մեկնել է Հունգարիայի (Բուդապեշտ) Եվրոպական կենտրոնական համալսարան (Central European University)` վերապատրաստման նպատակով: Ծրագրի նախաձեռնողներ հանդիսացան հենց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմը: Այն իրականացվել է համաֆինանսավորմամբ: Իրականացվող ծրագրի շրջանակներում 6 հոգուց բաղկացած ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսական կազմը, այդ թվում նաև` Նարինեն ծանոթացան Եվրոպական Կենտրոնական Համալսարանի ուսումնական պլանների կազմման  գործընթացին, իրենց կենտրոնի ուսումնական պլանները փորձեցին համապատասխանեցնել Բոլոնիայի գործընթացով նախատեսված չափանիշներին, ինչպես նաև ծանոթացան  ԵԿՀ-ի դասավանդման մեթոդներին և մեթոդոլոգիային, ապա նաև` գրադարանի գործունեությանը և գրադարանգիտության կազմակերպման մեթոդներին: Նարինեին հատկապես դուր եկավ տեղի «ուսանողակենտրոն» դասավանդման մեթոդները,  որը նա  կիրառում է այստեղ` իր դասախոսական գործունեության ընթացքում: Ծրագրի արդյունքում մասնակից երկրներին տրամադրվեց որոշակի նոր գրականություն մի քանի մասնագիտությունների գծով, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական պլաններն առավել մշակվեցին և համապատասխանեցվեցին Բոլոնիայի գործընթացով նախատեսվող պահանջներին: 

Similar Opportunities


Event Types

Trainings