Հայ-լեհական ակադեմիական համագործակցություն. Փիրուզա Մնացականյան

Publish Date: Oct 06, 2010

Փիրուզա Մնացականյանը 2007թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան (գիտական ղեկավար` պատմ. գիտ. դոկ, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան): 2006-2008 թթ. աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, միաժամանակ դասավանդել «Արեգնազան» կրթահամալիրում:

2008/2009 թթ. սեփական նախաձեռնությամբ մասնակցել է Լեհաստանի կառավարության կողմից երիտասարդ գիտնականների համար նախատեսված ամենամյա մրցույթին, որը իրականացվում է Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի ինստիտուտի կողմից (http://www.studium.uw.edu.pl/?id=main)։ Ծրագրին կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ՝ հիմնականում հետխորհրդային երկրներից:

Հաղթելով նշյալ ծրագիրը և շահելով կրթաթոշակ՝ Լեհաստանում Փիրուզան կրթությունը շարունակում է Վարշավայի համալսարանի պատմության ինստիտուտում, որտեղ գրել է գիտական աշխատություն «Պոլոնիկան Կամենեցյան տարեգրության մեջ» (Polonika ormiańskich częściach „Kroniki Kamienieckiej)`  ուշ միջնադարյան հայկական այդ աշխատության` Լեհաստանի պատմությանը վերաբերող մի շարք հատվածների մասին՝ դրանք թարգմանելով լեհերեն: Աշխատությունը առայժմ անտիպ է, սակայն հաշվի առնելով ուսումնասիրության աղբյուրագիտական նշանակությունը Փիրուզան մտադիր է այն հրատարակել լեհական գիտական ամսագրերից մեկում:

Ուսումնառության ընթացքում նա հաստատել է մի շարք արդյունավետ համագործակցություններ, որոնցից կարևոր է նշել արվեստագետ Յոաննա Վոլանսկայի առաջարկությունը Փիրուզային՝ լեհերենից հայերեն թարգմանել իր հեղինակությամբ Լվովի հայկական տաճարի նորագույն ժամանակաշրջանի պատմությանը նվիրված աշխատության ամփոփումը (Joanna Wolańska, Katedra ormiańska we Lwowie w latach 1902 – 1938. Przemiany architektoniczne i dekoracja wnętrza, Warszawa, 2010; Յոաննա Վոլանսկա, Լվովի հայկական տաճարը 1902–1938 թթ.. Ճարտարապետական փոփոխություններն ու ներքին հարդարանքը, Վարշավա, 2010):  Իր գիտական առաջընթացի համար Փիրուզան մեծ նվաճում է համարում նաև աշխարհահռչակ ղփչախագետ պրոֆեսոր Էդվարդ Տրիարսկու հետ համագործակցությունը։ Վերջերս լույս  տեսավ պրոֆեսորի` Լվովի հայկական դատարանի 1625-1630 թթ. հայատառ ղփչախերեն արձանագրությունների վերծանմանը նվիրված աշխատությունը, ուր Փիրուզան իրականացրել է հայերեն հատվածների լեհերեն թարգմանությունը (Edward Tryjarski, Zapisy Sądu Duchownego Ormian miasta Lwowa za lata 1625–1630 w języku kipczackim, Kraków, 2010; Էդվարդ Տրիարսկի, Լվով քաղաքի հայկական հոգևոր դատարանի 1625–1630 թթ. արձանագրությունները ղփչախերեն լեզվով, Կրակով, 2010): Այդ աշխատության մի օրինակն էլ հանձնվել է Լեհաստանում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Գալոյանին՝ Մատենադարանին փոխանցելու խնդրանքով:

Անշուշտ Փիրուզան կարևոր է համարում նաև Վարշավայում գործող Լեհահայոց Մշակույթի և Ժառանգության Հիմնարկության (այսու` Լեհահայոց հիմնարկություն) հետ համագործակցությունը: Ինչպես այս կազմակերպությունը, այնպես էլ լեհահայ այլ կազմակերպությունները գրեթե անծանոթ են հայ հասարակությանը: Պատճառն ըստ Փիրուզայի այն է, որ այսօր լեհահայ հին, արդեն կաթոլիկ համայնքը (17-րդ դարում ենթարկվել է բռնի կաթոլիկացման) չի տիրապետում հայերենի: Համապատասխանաբար հայ հասարակությունը լեհերենին չտիրապետելու պատճառով անտեղյակ էր լեհահայոց համայնքում տեղի ունեցող իրադարձություններին: Փաստորեն շփման հիմնական խոչընդոտը փոխադարձ տեղեկատվության բացակայությունն էր: Ուստի նա սկսեց վերոհիշյալ կազմակերպության էլէկտրոնային կայքէջում տեղադրել Հայաստանում տեղի ունեցող որոշ իրադարձությունների մասին համառոտ տեղեկատվություն` նախապես թարգմանելով լեհերեն:

Հաջորդ քայլը լեհահայ կազմակերպությունների տպագիր մամուլում հայերեն հոդվածների տեղադրումն էր: Սկսած 2008 թ. Լեհահայոց հիմնարկությունը հրատարակում է լեհահայ ընտանիքների պատկերազարդ օրացույց, որի 2010 թ. օրինակը առաջին անգամ լույս տեսավ նաև հայերեն թարգմանությամբ: Նույն հիմնարկությունը 2009 թ. հրատարակում է «Աւէտիս» թերթը: Փիրուզան իր օժանդակությունը առաջարկեց լեհահայ համայնքին վերաբերող որոշ հոդվածների հայերեն թարգմանության և խմբագրության գործում: Այժմ արդեն թերթը լույս է տեսնում երկլեզու տարբերակով:

Այնուհետ անհրաժեշտ էր այդ տեղեկատվությունը տարածել Հայաստանում: Ամեն անգամ Հայաստան ժամանելիս Փիրուզան աշխատում է իր հետ բերել Լեհաստանում հայ համայնքի կողմից հրատարակվող աշխատություններ: Մասնավորապես 2010 թ. Երևանի մի շարք գրադարաններին (Ազգային գրադարան, Գիտությունների Ակադեմիայի գրադարան, Թվային գրադարան), ինչպես նաև պետական տարբեր կազմակերպությունների (Սփյուռքի նախարարություն, ԵՊՀ) հանձնվեցին լեհահայ ընտանիքների պատկերազարդ օրացույցի 2010 թ. հայերեն թարգմանությամբ մի քանի օրինակներ և «Աւէտիս» թերթի հերթական նոր համարը: Լեհահայ համայնքի վերաբերյալ տեղեկատվությունը նաև Սփյուռքում տարածելու համար Փիրուզան միաժամանակ հոդվածներ է գրում Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքէջում:

2009 թ. նրա անմիջական հրավերով առաջին անգամ Երևան ժամանեց Լեհահայոց հիմնարկության անդամ Մոնիկա Ագոպսովիչն իր ընտանիքով և Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, լեհահայոց պատմության մասնագետ Կշիշտոֆ Ստոպկան: Ոչ պաշտոնական այս այցի շնորհիվ հաջողվեց անմիջական կապ հաստատել Մատենադարանի և գիտական մի շարք այլ ինստիտուտների հետ, այցելել Հայաստանի տեսարժան վայրեր: Արդյունքներն այնքան արգասաբեր էին, որ 2010 թ. հոկտեմբերին Երևան է ժամանելու լեհահայերի և հայ մշակույթով հետաքրքրվողների ավելի մեծ պատվիրակություն` բանակցելու Երևանում լեհահայոց համայնքի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ:

Նույն 2010 թ. լեհահայ անվանի վիրաբույժ Ադամ Դոմանաշևիչի նախաձեռնությամբ մի խումբ լեհահայեր, այդ թվում նաև Փիրուզան, մասնակցեցին Գրյունվալդի պատմական ճակատամարտի 600 ամյակին նվիրված տոնախմբությանը: Հայաստանում այդ իրադարձության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով նա դիմեց Երևանում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությանը: Իսկ թե ինչ ստացվեց այդ համագործակցության արդյունքում հետաքրքրվող բոլոր անձիք կարող են տեսնել մինչև հոկտեմբերի կեսերն այցելելով Աբովյան 3 հասցեում (Երևան հյուրանոցի հարևանությամբ) տեղակայված բացօթյա ցուցահանդես:

2009 թվականից Փիրուզա Մնացականյանը հանդիսանում է Յագելոնյան համալսարանի ասպիրանտ: Պրոֆեսոր Կշիշտոֆ Ստոպկայի ղեկավարությամբ զբաղվում  է Լեհաստանում ստեղծված հայկական ձեռագրերի ուսումնասիրությամբ` «Հայերենը լեհական թագավորության սահմաններում» վերնագրով:

Անձնական փորձից ելնելով Փիրուզան համոզված է, որ երկիրը ներկայացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ դեսպան լինել, իսկ մարդկային անմիջական ջերմ շփումների շնորհիվ ձեռք բերված  կապերը կարող են ոչ պակաս արդյունավետ լինել:

Similar Opportunities