Երևանում մեկնարկեց Բյուզանդագիտական գիտաժողովը

Publish Date: Sep 21, 2010

Սեպտեմբերի 20-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում մեկնարկեց «Հայաստանի և Աղվանքի թագավորությունները և բյուզանդական կայսրությունը Ժ դարում» հայ-ֆրանսիական գիտաժողովը: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Փարիզի «Արևելք և Միջերկրայք Կենտրոն»-ի կողմից կազմակերպված գիտաժողովը  կտևի երկու օր (սեպտեմբեր 20, սեպտեմբեր 22): Առաջին օրվա առաջին կեսն ընթացավ Երևանում, այնուհետև շարունակվեց Ս. Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի դահլիճում: Սեպտեմբերի  22-ին գիտաժողովը կանցկացվի Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում, իսկ այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում:

Գիտաժողովին մասնակցում են բյուզանդագետներ և պատմաբաններ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Արցախից և Հայաստանից: Առավոտյան բացման խոսքով հանդես եկան ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Փարիզի «Արևելք և Միջերկրայք Կենտրոն»-ի տնօրեն Ժան-Կլոդ Շենեն և «Բյուզանդագետների միջազգային ընկերակցության» նախագահ Պետեր Շրայները:

Առավոտյան նիստում առաջինը զեկուցումով հանդես եկավ Ժերար Դեդեյանը Մոնպելիեի համալսարանից՝ Հեթումյանների արքայական տոհմի հիմնադիր Օշին իշխանի մասին զեկուցումով: Այնուհետև նիստը շարունակեց Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը՝ «Դիոնիսիոս Արեոպագացին և Գրիգոր Նարեկացին» զեկուցումով: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ալեքսան Հակոբյանը խոսեց «Աղվանքի և Հայոց արևելից կողմանց» իշխանատոհմերի մասին՝ հիմնվելով հայկական և բյուզանդական սկզբնաղբյուրների վրա և շեշտը դնելով հատկապես Խաչենի իշխանության վրա:

Փարիզի «Գիտական հետազոտությունների  գործնական դպրոց»-ից բյուզանդագետ Կոնստանտին Ցուկերմանը չկարողացավ ներկա գտնվել նիստին, և նրա զեկուցումը տեղափոխվեց: Զեկուցումներով հանդես եկան նաև Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանից Դմիտրի Աֆինոգենովը («Փոտ պատրիարքի Ժառանգության ճակատագիրը հայերի հետ աստվածաբանական բանավեճերում Ժ դարի առաջին կեսին. Արեթաս Կեսարացի և Նիկողայոս Միստիկոս»), Արցախի պետական համալսարանից Մելանիա Բալայանը («Հայ-աղվանից կաթողիկոսությունը Ժ դարի երկրորդ կեսին»), Փարիզի Արևելյան լեզուների Ազգային դպրոցից Պատրիսիա Բուասոն-Շնորոքյանը («Անանիա Մոկացու գրվածքները. անվավեր բնագրե՞ր»): Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակից Գոհար Մուրադյանը ներկայացրեց «Գրիգոր Մագիստրոսը և հույն մատենագրությունը» զեկուցումը՝ առանձնացնելով Մագիստրոսի և հույն հեղինակների ստեղծագործությունների մի քանի հատվածների համեմատություններ:

Նիստի վերջում դոկտոր-պրոֆեսոր, պատմաբան Պարույր Մուրադյանը ամփոփեց գիտաժողովի առաջին նստաշրջանի արդյունքները՝ խոսելով գրեթե բոլոր զեկուցողների ուսումնասիրությունների կարևորության և բարձր գիտական որակի մասին: Նա նշեց նաև, որ գոհ է գիտաժողովի մեկնարկից՝ մաղթելով, որ այն այդպես էլ շարունակվի:

Սոնա Թաջիրյան

Similar Opportunities