Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության միակ և  բարձրագույն  մարմինը միապալատ Ազգային ժողովն է, որը ներկայացուցչական մարմին է և արտահայտում է ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը: Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, հաստատում պետական բյուջեն, իրականացնում  խորհրդարանական վերահսկողություն: ՀՀ առաջին օրենսդիր մարմինն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից (1918 թ-ի մայիսի 28) հետո՝ 1918 թ-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով: ՀՀ ներկայիս օրենսդիր մարմնի՝  Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ (2007 թ-ից սկսած): Հերթական ընտրություններն անցկացվում են ԱԺ-ի լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում: ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ-ի նախագահ և  2 փոխնախագահներ, ստեղծում մշտական հանձնաժողովներ՝ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար: ՀՀ օրենսդիր մարմնի իրավական կարգավիճակը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված են նրա իրավասությունները, փոխհարաբերությունները ՀՀ նախագահի, Կառավարության և մի շարք այլ պետական մարմինների հետ, ԱԺ-ի կազմավորման և գործունեության կարգի հիմունքները, պատգամավորների իրավունքներն ու պարտավորությունները, գործունեության երաշխիքները, լիազորությունների դադարեցման հիմքերը և այլն:

Address: Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0095 Մարշալ Բաղրամյան 19

Email: webmaster@parliament.am

Phone: (374-10) 588551

Website: http://www.parliament.am/?lang=arm