ARMACAD  Follow

Աշխատանքի դիմելու կանոններ ու նրբություններ – ինչ անել ու ինչ չանելու ուղեցույց

Publish Date: Dec 24, 2015

Ինչպես ասել է Ջուլի Մանուչարյանը «Աշխատանքի դիմելը աշխատանքի ընդունվելու սկիզբն է»։

Եթե ցանկանում եք ընդունվել աշխատանքի, բազմիցս դիմել եք տարբեր կազմակերպությունների, հասել եք հաջողության ու հիմա աշխատում եք ձեր երազած ընկերությունում, ապա այս հոդվածը ձեզ համար չէ:

Գործատու ընկերությունները, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները հաճախ դժգոհում են աշխատաշուկայում առկա անհասկանալի իրավիճակից, երբ աշխատանք փնտրողները չեն ունենում նույնիսկ մոտավոր պատկերացում տվյալ աշխատանքի, դրան դիմելու ընթացակարգի, նամակ գրելու, ուղարկելու և նամակներին պատասխանելու մասին:

Այս հոդվածում ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը ներկայացնում է մի քանի կարևոր կետեր, որոնք կօգնեն աշխատանք փնտրողներին աշխատանքի ընդունվելու առնվազն առաջին քայլը՝ էլեկտրոնային տարբերակով աշխատանքի դիմելն ավելի գրագետ ու չափանիշներին համապատասխան իրականացնել:

Ինչ չի կարելի անել և ինչ է պետք անել

Էլեկտրոնային փոստի միջոցով աշխատանքի դիմելիս կարևոր է ունենալ ներկայացուցչական էլեկտրոնային փոստի հասցե: Չի կարելի աշխատանքի դիմել lavtxa98@mail.ru, 147852369@list.ru, sirunaxjik99@bk.ru, titernik@yahoo.fr, aryutsadzev@gmail.com հասցեներից: Նման էլեկտրոնային փոտի հասցեներն անմիջապես աչքի են ընկնում և ծիծաղելի են, այնպես որ կարելի է բացառել նմանատիպ անվանումներով էլեկտրոնային փոստի հասցե ունենալը: Էլեկտրոնային փոստի հասցեն պետք է առաջին հերթին կազմաված լինի անուն ազգանունից, օրինակ՝ anun.azganun@hotmail.com. Եթե ձեր անուն ազգանունով էլեկտրոնային փոստի հասցեն արդեն զբաղված է, ապա միայն այդ դեպքում կարելի է վերջում ավելացնել ծննդյան տարեթիվը, ցանկացած այլ թիվ, կամ հավելյալ տառ՝ anun.azganun11@hotmail.com, anun.azganunner@hotmail.com: Ընդհանրապես առավելագույն հարմարավետության, տեսանելիության ու անվտանգության համար կարելի է էլեկտրոնային փոստի հիմնական տիրույթ ընտրել gmail.com-ը և աշխատանքի դիմել այդ տիրույթում գործող էլեկտրոնային փոստի հասցեից:

Ինչպես ասել է մի անանուն գործատու «Հայտարարությունը գրում ենք, որ աշխատանք փնտրողը կարդա ու դիմի, իսկ նա չի կարդում բայց համարձակվում է դիմել»:

Աշխատակից փնտրող ընկերությունները միշտ հրապարակում են տվյալ աշխատանքի մասին մանրամասն հայտարարություն: Այս հայտարարություններում մանրամասն նշված են տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններն ու փնտրվող աշխատակցի նկարագրությունը: Զուգահեռաբար այդ հայտարարության մեջ մանրամասն նշված է լինում, թե տվյալ աշխատանքին դիմելու համար ինչ է անհրաժեշտ ուղարկել՝ ինքնակենսագրական, ուղեկցող նամակ, նախկինում կատարված աշխատանքի օրինակ, երաշխավորագիր և հազար ու մի այլ բան: Շատ ընկերություններ հաճախ ինքնակենսագրական չեն պահանջում ու սպասում են այլ փաստաթղթերի: Հետևաբար պետք է ուշադիր կարդալ աշխատանքի հայտարարությունը և համոզվել, որ համապատասխանում եք բոլոր պահանջներին ու կարող եք ուղարկել բոլոր անհրաժեշտ նյութերը: Չի կարելի պարզապես աշխատանք չունենալու կամ աշխատանքը փոխելու մտադրության պատճառով ինքնակենսագրականը ուղարկել բոլոր թափուր աշխատատեղեր առաջարկող կազմակերպություններին: Չկարդալով հայտարարության մեջ նշված մանրամասներն ու հենց այնպես միայն ինքնակենսագրական ուղարկելը անտրամաբանական է և դիմորդի մասին ոչ մի լավ բան չի կարող հուշել: Աշխատաշուկայում առկա ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ աշխատանք փնտրողներն ուղղակի, առանց հայտարարությունը կարդալու, վերցնում են հայտարարության մեջ առկա գործատուի էլեկտրոնային փոստի հասցեն ու հենց այնպես ուղարկում են ինքնակենսագրական ու նմանատիպ հարյուրավոր դատարկ ու անարդյունավետ նամակներ: Խնդրում ենք ձեզ, մի արեք նման բան: Don’t do.

Ինչպես ասել է Արաքս Մանուչարյանը «Դատարկ ու անվերնագիր նամակը լցնում է գործատուի համբերության բաժակը»:

Աշխատանքի դիմելիս շատերը դիմում են հենց այնպես: Վերցնում են ինքնակենսագրականը, կցում են այն ու առանց որևէ բառ գրելու ուղարկում գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին: Չի կարելի: Էլեկտրոնային փոստի հասցեով հաղորդակցությունը պահանջում է հատուկ կուլտուրա:  Նույնն է թե անհրաժեշտ փաստաթղթերը տեղադրեք մի թղթապանակի մեջ, մտնեք գործատուի սենյակ ու առանց ներկայանալու, առանց բարևելու դնեք այդ թղթապանակը գործատուի սեղանին ու հեռանաք: Այդ սենյակում նստած բոլոր աշխատակիցները կմտածեն, որ դուք անդաստիարակ, բռի ու աշխատանքին անարժան մարդ եք: Հավատացեք, գործատուն նույն բաննը մտածում է, երբ ստանում է դատարկ նամակ:

Խնդրում ենք էլեկտրոնային փոստով աշխատանքի դիմելիս գրել նամակ, ներկայանալ, գրել թե որտեղից եք իմացել տվյալ աշխատատեղի մասին, ինչու՞ եք դիմում, ինչու պետք է ընտրեն հենց ձեզ, կամ ցանկացած այլ բան, որ անձամբ կասեիք գործատուին, եթե նույն դիմումը հանձնելիս լինեիք նրան տվյալ ընկերության գրասենյակում:

Գործատուի ու աշխատանքի դիմողի հարաբերություններն ավելի են «սրվում» ու հասնում են լարվածության ամենաբարձր մակարդակին, երբ նամակն ուղարկվում է առանց որևէ վերնագրի: Էլեկտրոնային նամակ գրելիս, պետք է անպայման տեղադրել վերնագիր subject տողում, օրինակ «Աշխատանքի դիմում», «Տնօրենի թափուր հաստիքի դիմումի փաթեթ» և այլն: Հակառակ պարագայում գործատուն կստանա no subject վերնագրով դատարկ նամակ, որն էլ իր հերթին կարող է լինել lavtxa հասցեից ու արդյունքում վե՛րջ, կարող եք մոռանալ այդ հաստատությունում աշխատելու մասին: Աշխատանքի շատ հայտարարություններ նույնիսկ հատուկ նշում են, թե ինչ պետք է լինի տվյալ աշխատանքին դիմելու համար ուղարկված նամակի վերնագիրը, ասենք՝ Office Assistant: Եթե դիմում եք այդ աշխատանքին, ապա անպայման ուշադիր եղեք և նշեք հենց այդ վերնագիրը: Ինչու՞ է սա կարևոր: Մեծ ընկերությունները միաժամանակ կարող են ունենալ մի քանի տասնյակ թափուր հաստիքներ ու այդ բոլոր հաստիքների համար դիմելու ժամանակահատվածը կարող է նույնը լինել: Գործատուն նշում է, թե յուրաքանչյուր աշխատանքին դիմելիս ինչպես պետք է վերնագրված լինի նամակը, որպեսզի նույն հասցեին ստացված հարյուրավոր նամակների մեջ կարողանա շատ արագ զատորոշել յուրաքանչյուր աշխատանքի համար ուղարկված դիմումը: Եթե նամակը սխալ է վերնագրված, կամ վերնագրված չէ, ապա այն երբեք հաշվի չի առնվի ու չի դիտարկվի, պարզապես կկորչի անհետ ու հետքն էլ չի մնա:

Ինչպես ասել է Խաչիկ Գևորգյանը «Լատինատառ հայերենով չի կարելի նամակ կամ շենքերի պատերին սիրո խոստովանություն գրել»:

Եթե դուք հայերենը գրում եք լատինատառ, ռուսատառ, չինատառ կամ այլ այբուբենի տառերով, ապա անմիջապես պարզ է, որ դուք չեք տիրապետում համակարգչից օգտվելու տարրական կանոններին: Եթե ձեր ուղեկցող նամակը, կամ ինքնակենսագրականը, կամ նամակի վերնագիրը գրված են լատինատառ հայերենով, ապա լուրջ գործատուի մոտ անմիջապես ցանկություն է առաջանում այրել ձեզ հետ կապի բոլոր կամուրջները: Հայերենը պետք է գրել հայերեն: Բազմաթիվ գործատուներ ընդունում են նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով նամակներ, ինչի մասին տեղեկացնում են աշխատանքի հայտարարության տեքստում:

Ինչպես ասել է Քրիստինե Վարդանյանը «Ինքնակենսագրականը գործի կեսն է»:

Պետք է հիշել, որ կազմակերպությունների պատասխանատուներն անձամբ ձեզ չեն ճանաչում և ձեր մասագիտական  ու անձնական որակների մասին կարող են պատկերացում կազմել ձեր ինքնակենսագրականի միջոցով: Տպավորություն գործելու և ուշադրության արժանանալու համար անհրաժեշտ է գրագետ և ազդեցիկ ինքնակենսագրական: Ինքնակենսագրականի վերջնական տարբերակը կարող եք պահպանել .doc կամ .pdf տարբերակներով ու այդ փաստաթուղթը նույնպես վերնագրել ձեր անուն ազգանունով: Նախընտրելի է գործատուին ուղարկել 1-2 էջանոց ինքնակենսագրական, որը հարմարեցված է հենց այդ գործատուի պահանջներին ու որում նշված են ձեր այն որակների մասին, որոնք անհրաժեշտ են հենց այդ թափուր աշխատատեղի համար: Վերջերս Հայաստանում տարածում է գտել Europass ինքնակենսագրականի ֆորմատը, որը կարծում ենք բավականին վատն է, կամ հայաստանյան դիմորդներն այդ ֆորմատի մեջ հնարավորինս վատ ու առավելագույնս երկար են ներկայացնում իրենց: Ինքնակենսագրականի մեջ մի՛ գրեք, որ տիրապետում եք internet explorer-ին, որովհետև արդեն տևական ժամանակ է internet explorer-ը փոխարինվել է Microsoft Edge-ով: Նաև աշխարհի բնակչության գրեթե կեսն օգտվում է google cհrome դիտարկիչից: Հետո առցանց դիտարկիչից օգտվելն այնքան տարրական հմտություն է, որ դրա մասին պետք չէ մեկ անգամ ևս գրել, նույնն է թե ինքնակենսագրականում հատուկ նշվի, որ դիմորդը տեղեկացված է, որ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Մի խոսքով, լավ ինքնակենսագրական ունենալու հիմքերի հիմքը շատ գիտելիք ու մասնագիտական հմտություններ ունենալն է ու այդ ամենը սեղմ և համառոտ ներկայացնելը և ոչ մի դեպքում հակառակը: 

Ինչպես ասել է Ալեքսանդր Շագաֆյանը «Ինքնակենսագրականիդ վրա մի տեղադրիր խնջույքի սեղանին արված, կամ խմբակային նկարից կտրված ու ընկերոջ ձեռքի մի մասը ուսիդ դրված նկար»:

Մեզ չի հանդիպել մի այնպիսի աշխատանքի հայտարարություն, որտեղ հատուկ գրվի այն մասին, թե բոլոր փաստաթղթերին զուգահեռ պահանջվում է նաև ուղարկել նկար: Եթե նկար չի պահանջվում, ապա ընդհանրապես պետք չէ ուղարկել այդ նկարն առանձին, կամ ինքնակենսագրականի վրա տեղադրված, քանի որ նկարը որևէ կերպ չի ազդում աշխատանքի ընդունել կամ չընդունելու որոշման վրա: Սակայն շատերը, չգիտես ինչու, իրենց պարտքն են համարում անպայման ինքնակենսագրականի վրա տեղադրել իրենց նկարները ու այն էլ ինչպիսի՜ նկարներ՝ ոգելից ու զովացուցիչ ըմպելիքներով լի սեղանի կողքին, Էյֆելյան աշտարակը, կամ Մասիս սարը հետևում, հեռուն նայող ու դեպի ձախ կամ աջ շրջված հայացքով և իհարկե գեղեցկությունն ընդգծող բազմաթիվ մեծ ու փոքր նրբերանգներով: Պետք չի: Իսկ եթե անպայման որոշել եք տեղադրել նկար, ապա միայն ու միայն անձնագրային ֆորմատի լուրջ ու զուսպ նկար պետք է դա լինի:

Չենք մոռանում ամենակարևորը, քանի որ ինչպես ասել է վելիկիյ ֆիլոսը «նիչեվո սլիշկմ»:

Կողմնորոշվել, կողմնորոշվել, կողմնորոշվել: Որտե՞ղ եք ուզում աշխատել, ի՞նչ պաշտոնում եք ուզում աշխատել, ինչու՞ եք ուզում աշխատել: Տվեք այս հարցերն ինքներդ ձեզ բազմաթիվ անգամներ, գրի առեք ձեր մտքերը թղթի վրա, հետո կարդացեք, խմբագրեք ու դրանից հետո միայն սկսեք որոնել թափուր աշխատատեղեր: Ոչ մի դեպքում մի դիմեք բոլոր աշխատատեղերին բոլոր ընկերություններում: Գտեք ձեր երազանքի ընկերությունը, ուսումնասիրեք այն, պարզեք այդ ընկերության մասին բոլոր մանրամասները, գտեք ընկերության կարիքներն ու փորձեք լուծել դրանք, աշխատանքի դիմելիս ուղեկցող նամակում նաև ներկայացրեք այդ լուծումները, եղեք վստահ ու վստահ եղեք, որ ձեզ անմիջապես կընդունեն աշխատանքի:

Հետևեք այս կանոններին և կլինեք առողջ ու հաջողակ:

Similar Opportunities