Ամառային ծրագիր - Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, 11-22 հուլիս 2016, Երևան

Publish Date: May 20, 2016

Deadline: Jun 05, 2016

Event Dates: from Jul 11, 2016 12:00 to Jul 22, 2016 12:00

«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2016 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները»: Այն մեծապես կանդրադառնա արխիվային աշխատանքի մեթոդներին տարբեր ոլորտների դիտանկյունից: Ծրագիրը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 11-22-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների` հատկապես ազգագրություն, մշակութային մարդաբանություն, մշակութաբանություն, սոցիոլոգիա, պատմություն, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները:

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք հնարավորություն կունենան միանալ կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև:

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը: Դասախոսություններն ու սեմինարները կներառեն հետևյալ թեմաները.

  • Դաշտային աշխատանք և արխիվային աշխատանք։
  • Եկեղեցին և կրոնը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում։
  • Ստալինյան բռնաճնշումների սոցիալ-քաղաքական ազդեցությունը Հայաստանում։
  • Պատմության ընկալումը գենդերային տեսանկյունից։
  • Մշակույթը, ճարտարապետությունը և առօրյան Խորհրդային Հայաստանում։

Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:

Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները անգլալեզու գրախոսվող ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից: 

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները: Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (resume) և լրացված հայտադիմումի ձևն ուղարկեն info@armhei.org էլ.փոստին մինչև 2016 թվականի հունիսի 5-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2016թ. հունիսի 15-ը:

Similar Opportunities


Disciplines

Anthropology

Cultural Studies

Culture

History

Humanities

Sociology

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia