Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում

Publish Date: Feb 18, 2011

2011թ. փետրվարի 16-ին ԵՊՀ Վարդգես և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից և նվիրված էր Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` նշելով, որ, լինելով հարևաններ, հայերն ուշի ուշով հետևում են հեղափոխության արդյունքում զարգացման ուղի բռնած հարևան երկրի նվաճումներին: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ներկայացրեց «Համաշխարհային քաղաքական դպրոցների ակնարկային քննարկումը և դրանց համեմատությունն իսլամի հետ» թեմայով զեկուցումը: Դեսպանը նշեց, որ իրանական հեղափոխությունը բացառիկ էր իր տեսակի մեջ և որ այն ողջունվեց ոչ միայն իրանցիների, այլև Իրանում ապրող քրիստոնյաների, հրեաների և զրադաշտականների կողմից: Նա նշեց նաև, որ Իմամ Խոմեյնիի կոչն ուղղված էր աշխարհի կեղեքվածներին: Սեյեդ Ալի Սաղայիանը կարևորեց նաև իրանահայ համայնքի դերը ԻԻՀ հասարակական-քաղաքական կյանքում: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Վահան Բայբուրդյանը ներկայացրեց «Իսլամական հեղափոխության ֆենոմենը» թեման:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Շաքիբան խոսեց վերջին 20 տարիների ընթացքում Իրանում հեղափոխության ազդեցության մասին` կարևորելով այն փաստը, որ հեղափոխության հաղթանակից ի վեր երկրում անցկացվել են ազատ և արդար 31 ընտրություններ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը ներկայացրեց «Քաղաքական կուսակցություններն Իրանում» զեկուցումը: Նա անդրադարձավ մինչև հեղափոխությունը գործած քաղաքական կուսակցություններին և նշեց, որ այժմ Մեջլիսի քաղաքական խմբակցություններն իրենց վրա են վերցրել քաղաքական կուսակցությունների դերն Իրանում:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար (ACNIS) Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց «Իրանի դերը որպես իսլամական առաջնորդ. հեղափոխությունից մինչև համախմբում» խորագրով զեկուցումը: Նա անդրադարձավ նաև վերջին օրերին Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում, Հորդանանում տեղի ունեցող իրադարձություններին` շեշտելով, որ այս երկրների ժողովուրդների հիմնական պահանջներն են ոչ թե իսլամական հեղափոխությունը, այլ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և արժանապատվությունը, իսկ նրանց պահանջների հիմքում ընկած են սոցիալ-տնտեսական խնդիրները: Նա նշեց, որ իրանական հեղափոխությունը հաղթանակից հետո կանգնեց հեղափոխությունից ինստիտուտի վերածվելու բարդ խնդրի առջև:

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանն իր «Իսլամական հեղափոխության արժեքային հիմքերի հարցի շուրջ» վերնագրով զեկուցման մեջ նշեց, որ իրանական հեղափոխության արդյունքում իսլամի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց հանրապետություն: Նա նաև կարևորեց Իրանի` որպես ՀՀ կարևոր հարևանի դերակատարությունը:

Գիտաժողովը շարունակվեց ընդմիջումից հետո: Գիտաժողովի երկրորդ հատվածում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ Իրանագիտության բաժնի դասախոսներ Ռուդիկ Յարալյանը և Ռոման Սմբատյանը, համապատասխանաբար «Իրանի իսլամական հեղափոխությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» և «Ֆաջր տասնօրյակը և իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանում» զեկուցումներով: Ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Ջաֆար Քաբիրի Սարմազդեն: ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության աշխատակից Վահե Առաքելյանը ներկայացրեց «Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի տեղն ու դերը ԻԻՀ պետական կառուցվածքում» թեմայով զեկուցումը, իսկ Հայկ Նազարյանը` «Իրանի հասարակական-քաղաքական կյանքի լուսաբանումը արևմտյան մամուլում իսլամական հեղափոխության տարիներին» թեման:

Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ, հետազոտողներ:

Similar Opportunities