2010թ. օգոստոսի 14-ին «Լույս»-ի ուսանողներ Տիգրան Շահվերդյանն ու Արմեն Մկրտչյանը, ԱՐՄԱԿԱԴ-ի հետ համատեղ, Հայկական Երիտասարդական Տիեզերագիտական Ընկերության (ՀԵՏԸ) անդամների համար հանդես եկան դասախոսություններով:
Տիգրան Շահվերդյանը, ով Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի հայ ուսանողների ասոցիացիայի նախագահն է, ինչպես նաև ՀԵՏԸ անդամ և այդ ընկերության Տիեզերագիտական Ակումբի նախկին ուսանող, խոսեց Արեգակնային համակարգում միջմոլորակային և միջաստղային փոշու ուսումնասիրության և դրա հետ կապված իր սեփական աշխատանքների մասին: Հետո նա պատմեց տիեզերական հետազոտությունների ժամանակակից միտումների, տիեզերական տարածության և մարմինների յուրացման ու բնակեցման հեռանկարների, ինչպես նաև տիեզերական հետազոտություններում մասնավոր սեկտորի դերի ու զարգացման մասին:
Արմեն Մկրտչյանը, ով Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի Օդագնացության և Աստղագնացության բաժնի մագիստրատուրայի ուսանող է, պատմեց անօդաչու թռչող սարքերի անցյալի ու ներկայի, առկա նորագույն տեսակների և դրանց բնութագրերի, կատարելագործման հնարավորությունների և այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքների մասին: Նա ներկայացրեց նաև իր տեսակետներն այն մասին, թե ինչպես կարելի է դրանք ներգրավել Հայաստանի օդագնացության մեջ:
ՀԵՏԸ նախագահ Ավետիք Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը աննախադեպ էր Ընկերության պատմության մեջ. առաջին անգամ հավաքվել էին նրա դարբնոցով անցած գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիչները՝ ընդհուպ մինչև Տիեզերագիտական Ակումբի այսօրվա ամենաերիտասարդ սաները: Ներկայացված նյութերը և հատկապես դրանց քննարկումները չափազանց հետաքրքիր էին: Միջոցառումը սկզբնավորեց նոր ծրագրեր և հաստատեց նոր գործնական կապեր Ընկերության անդամների միջև:
Հայկական Երիտասարդական Տիեզերագիտական Ընկերությունը (ՀԵՏԸ) իրավաբանորեն գրանցված չէ, բայց ըստ էության գործում է որպես լիարժեք հասարակական կազմակերպություն՝ սկսած 1988թ.-ից: Ընկերության Տիեզերագիտական Ակումբը ևս ստեղծվել է 1988թ. (2003թ.-ից գործում է որպես ՀՀ ԿԳՆ Տեխնիկական Ստեղծագործության հանրապետական կենտրոնի խմբակ):
Ընկերության և Ակումբի նպատակն է բավարարել հայ աշակերտների և ուսանողների գիտատեխնիկական հետաքրքրությունները, նրանց մեջ սեր սերմանել դեպի բնագիտական և տեխնիկական բնագավառներ և խրախուսել համապատասխան մասնագիտական կողմնորոշումը:
Ընկերության և Ակումբի կրթական, ստեղծագործական գործունեության և հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են օդագնացությունը, աստղագիտությունն ու տիեզերագնացությունը: Ակումբը նշված թեմաներով մշտապես վարում է երկամյա արտադպրոցական դասընթացներ դպրոցականների համար, իսկ Ընկերությունը, ներգրավելով նաև ԲՈւՀ-երի հետաքրքրվող ուսանողների, կազմակերպում հետազոտական աշխատանքներ, էքսկուրսիաներ ու գիտարշավներ, անցկացրնում միջոցառումներ (դասախոսություններ, կատարված աշխատանքների զեկուցումներ ու քննարկումներ), օժանդակում այլ կրթական ծրագրերի: 1995-ին, նույնիսկ, կազմակերպվել է եռօրյա երիտասարդական տիեզերագիտական գիտաժողով:
Ակումբի սաները հաղթողներ են ճանաչվել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտատեխնիկական մրցույթներում, դարձել բարձրակարգ մասնագետներ գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում: